Արվեստ ու հավատարմություն․ Արթուրն ու Գայլուկը

  • 16:18 14.11.2025

Արթուրը միշտ էլ Արցախում ապրելու ցանկություն ուներ։ 2016-ին, կրթությունն ավարտելուց հետո, թողեց Երեւանը եւ գնաց Ստեփանակերտ։ Հետո տեղափոխվեց պապական գյուղ՝ Նախիջեւանիկ, որտեղ սկսեց աշխատել որպես նկարչության ուսուցիչ։

Գյուղում նկարում էր, ստեղծում, եւ այդ ստեղծագործությունները խոսում էին հույզերի, պայքարի ու մարդկային փոխհարաբերությունների մասին։ Նրա ձեռքերից ծնված բրուտագործական ծաղկամաններն ու զանգերը յուրաքանչյուրը իր պատմությունն ունի։

Արթուրը հավատում է, որ բոլոր ժամանակներում շարժիչ ուժը արվեստագետներն են․ նրանք են, որ գաղափարները դարձնում են իրականություն։ Արցախում ապրող մարդը չէր կարող չտպավորվել․ բնությունը, մարդկային հարաբերությունները, գյուղի կյանքը նրան ձեւավորեցին։

«Եթե չես արարում, գյուղում չես կարող մնալ։ Մարդը պիտի անընդհատ գործի, հակառակ դեպքում կկործանվի», — ասում է նա։

Պատերազմի ստվերները

Արթուրը տեսել է խաղաղություն եւ պատերազմ։ Վերջին օրերին Ստեփանակերտում մոր ու շան՝ Գայլուկի հետ էր։

«Չէի հասկանում, թե ինչու պիտի դուրս գանք։ Մայրս նեղվում էր՝ բոլորը գնում են, բա մենք…»։ Գայլուկը՝ խելացի շունը, որ տասը տարի Արթուրի կողքին էր Արցախում, վերջին պահին ճանկռեց դարպասներն ու դուրս եկավ, որ նրանց հետ լինի։

«Մտքում հրաժեշտ էի տալիս, բայց մի քանի րոպե անց Գայլուկը հասավ մեզ։ Հիմա նա էլ մեզ հետ տեղահանվել է», — պատմում է Արթուրը։

Այս պատմությունը նրա համար ոչ միայն կորուստի, այլեւ հավատարմության խորհրդանիշ դարձավ։

Գորիսում, բայց մտքով Արցախում

Այսօր Արթուրը ապրում է Գորիսի հյուրանոցներից մեկում։ Շատ է կարոտում այգին ու հողը։

«Արցախցիներն ու գորիսեցիները շատ են իրար նման՝ մտածելակերպով, բարբառով, նույնիսկ կենդանիների ու քաղաքի հանդեպ վերաբերմունքով։ Գորիսում մնալով մեծ կապ եմ զգում Արցախի հետ», — ասում է նա։

Նրա համար Արցախը միայն տարածք չէ․ դա գերեզմաններն են, արտերը, հողերը, որոնք սնուցում էին։ «Մտովի շատ եմ լինում այնտեղ», — խոստովանում է Արթուրը։

Արվեստը՝ որպես ուղերձ

Արթուրի գործերը միասնության, հավատի ու պայքարի խորհրդանիշներ են։ Նրա երազանքն է՝ միասնաբար հասնել նրան, որ Գորիսին մոտ կրկին բացվեն Արցախի դռները։

«Երբ կորցնում ենք, նոր ենք հասկանում ունեցածի արժեքը։ Ուզում եմ, որ բոլորը հասկանան իրենց ունեցածի արժեքը», — ասում է նա։

Այս կերպ Արթուրի պատմությունը դառնում է ոչ միայն անձնական կենսագրություն, այլեւ խորհրդանշական ուղերձ՝ արվեստի, պայքարի եւ հայրենի հողի արժեքի մասին։

Մարիամ Սարգսյան