Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» միջուկային փորձարկումներ կանցկացնի

  • 09:26 15.11.2025

Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ կանցկացնի այնպես, ինչպես մյուս երկրներն են անում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարեց ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին՝ Ֆլորիդա մեկնող Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Սակայն, ըստ Reuters-ի, Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե արդյոք այդ փորձարկումները կներառեն միջուկային մարտագլխիկների պայթեցում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին, թե որքան շուտ ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ կանցկացնի, Թրամփը պատասխանել է. «Շատ շուտով»։ Հանրապետականը շեշտել է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինաթափման հարցով հանդիպելու իր ցանկությունը՝ միջուկային զինաթափումը անվանելով զենքի վերահսկողության լավագույն լուծումը։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը կարող են հասնել Միացյալ Նահանգներին միջուկային զինանոցների առումով չորսից հինգ տարվա ընթացքում։