ժենգյալով հացի բույրով ապրող արցախցի կին. գորիսյան պատմություն

  • 10:10 15.11.2025

Գորիսի հրապարակին կից, փոքրիկ նեղլիկ սենյակում, որտեղ հազիվ երկու հոգի կարող են կանգնել կողք կողքի, ամեն օր բուրում է ժենգյալով հացի հոտը։ Այդ հոտը դարձել է ոչ միայն քաղաքի անցորդների, այլեւ տեղահանված արցախցիների հիշողությունների ու կարոտի խորհրդանիշ։

Սենյակի տիրուհին՝ մոտ վաթսուն տարեկան կին է, Գորիսում արդեն հայտնի է որպես «Երջանիկ տոտա»։

«Հայրենիք կորցրած մարդը երջանիկ չի կարող համարվել», — ասում է նա։ «Լավն այն է, որ գոնե մարդկային կորուստ չունեցա»։

Ակնաղբյուրից մինչեւ Գորիս

Ակնաղբյուր գյուղից է տիկին Երջանիկը, որտեղ երկար տարիներ՝ 1988-ից մինչեւ 2020-ը, աշխատել է համայնքի քարտուղար։ Մարտունու շրջանի Սոս գյուղից են արմատները։ Հայրենականի տարիներին, երբ պապիկը մահացավ, սեւ թուղթը եկավ, եւ ընտանիքը վերադարձավ գյուղ։

2020-ի պատերազմից հետո, երբ Ակնաղբյուրը հանձնվեց, վերջին օրերին ընտանիքը ստիպված եղավ լքել տունը։ 2023-ի սեպտեմբերի 30-ի գիշերը երկրորդ անգամ ստիպված տեղահանվեցին։

Վրաններում մնացին Գորիսում, բայց քաղաքում տեղ չկար։ Հետո տեղափոխվեցին Շիրակ՝ Մարալիկի հիվանդանոցի շենք, որտեղ ամեն օր ասում էին՝ «դուրս եկեք»։ Վերջապես տղան գտավ մի փոքրիկ տեղ Գորիսի հյուրանոցներից մեկում։

«Այստեղ մեզ ավելի լավ դիմավորեցին, քան նույնիսկ Ստեփանակերտում», — հիշում է նա։

Աշխատանքը՝ որպես փրկություն

Երեք-չորս օր միայն անգործ մնաց։ Հետո սկսեց թխել ժենգյալով հաց։

«Մեր խոցը համար թխում էի ժենգյալով հաց, իսկ այստեղ հասկացա, որ առանց աշխատանքի հնարավոր չէ ապրել։ Աշխատանքը փրկություն է», — ասում է տիկին Երջանիկը։

Նա թխում է ամեն օր՝ անձրեւին, քամուն, առանց դադարի։

Գորիսի հրապարակին կից այդ նեղլիկ սենյակը դարձել է հանդիպման վայր։ Արցախցիները գալիս են ոչ միայն ժենգյալով հաց գնելու, այլեւ իրենց բարբառով խոսելու, կարոտը կիսելու։

«Աշխատանքը ինձ ուժ է տալիս։ Եթե չաշխատես, չես կարող ապրել», — վստահ է նա։

Երջանիկ անունը, բայց ոչ երջանիկ ճակատագիրը

Գորիսում նրան արդեն ճանաչում են որպես «Երջանիկ տոտա»։ Բայց ինքն իրեն երջանիկ չի համարում։ Երկու անգամ տեղահանվածի ճակատագիրը ծանր է։ «Արցախի կարոտը միշտ ինձ հետ է։ Գորիսից ուզում եմ մոտ լինել Արցախին, որ գոնե հոգով այնտեղ լինեմ», — ասում է նա։

Թոռների տատիկը ժպտում է հաճախորդներին, բայց ներսում միշտ կա կարոտի ու ցավի խառնուրդ։

Նրա թխած հացը դարձել է ոչ միայն սնունդ, այլեւ հիշողություն՝ հայրենի գյուղերի, կորցրած տան, եւ այն կյանքի, որին միշտ ուզում է մոտ լինել։

Տիկին Երջանիկը աշխատանքով պայքարող, արարող կնոջ ուժն է․նա, որ երկու անգամ կորցրել է տունը, բայց չի կորցրել աշխատելու կամքը։ Նրա փոքրիկ սենյակը Գորիսի հրապարակում դարձել է Արցախի բույրի ու հիշողության անկյուն։

Մարիամ Սարգսյան