
Օրերս սոցիալական հարթակներում լայն տարածում է գտել արցախցիների բնակապահովման վերաբերյալ նոր նախագծի մասին տեղեկությունը։ Ըստ սոցիալական ցանցերում շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով, սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած 1-3 անդամներից բաղկացած ընտանիքներին: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:
Սոցիալական հարթակներում արցախցիներն իրենց մտահոգություններն ու բողոքներն են հայտնում, միաժամանակ այն շրջանառվող նախագիծը համարում հերթական ծաղր բռնի տեղահանված, տուն ու տեղ կորցրած արցախահայության նկատմամբ։
Լաուրա Բարսեղյանը բռնի տեղահանված է, զոհված զինծառայողի մայր, 2֊րդ խմբի անժամկետ հաշմանդամ։ Կառավարության կողմից բնակապահովման ծրագրի մեջ փոփոխություն իրականացնելու մասին նախագծի վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձը և իր ընտանիքը բացասական կարծիքի են։ Լաուրա Բարսեղյանը դեռևս 1983 թվականից է ունեցել սեփականության իրավունքով անշարժ գույք, որը 2023 թվականին մնացել է թշնամու տիրապետության տակ։ Նշված փոփոխությամբ հաշմանդամություն ունեցող անձի բնակապահովման խնդիրը չի լուծվում, սա ծաղր է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
Տեղահանված կինը նշում է, որ դեմ է բնակապահովման ծրագրում նախատեսվող փոփոխությանը և ավելի արդյունավետ կլինի, որ կառավարությունը կորցված անշարժ գույքի փոխահատուցման որոշում ընդունի՝ առանց որևէ նախապայմանների։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ