Ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր

  • 23:04 17.11.2025

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար: Այդ մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի և վարչապետ Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը:

Էլիսոն Հուքերը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

Փաշինյանն ու Հուքերը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Փաշինյանը կարևորել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։