«Կոթիի պատշգամբից՝ Արցախին մոտ». Մարիամ Սարգսյանի օրագրից

  • 09:56 18.11.2025

Կանգնում եմ երկարավուն պատշգամբին, որտեղից երեւում է գյուղի մեծ մասն, ու փակում աչքերս։ Լսում եմ էլեկտրական սղոցի ձայն, հավերի կրչկրչոց, օդում՝ աշնանային տերեւների վառված ծխի հոտը, այն ամենն, ինչ նոյեմբերյան օրերին հաճախ էի զգում Մարտունում։

Կոթին հիմա նարնջագույնի եւ մոխրագույնի մեջ է, կիսամերկ ծառերին մնացել են վառվռուն արքայանարինջները, որոնք այնքան շատ են, որ գրեթե ամեն բակում ծառերին շքեղություն են հաղորդում։

Հաճախ, երբ ծանոթներս ու ընկերներս հարցնում են՝ «հարմարվե՞լ եք», հարցը շատ տարօրինակ է թվում, որովհետեւ 2023թ-ից հետո ես վերջապես ինձ օտարության մեջ չեմ զգում, վերջապես տան զգացողություն ունեմ, որովհետեւ տունը սեփական կամ շքեղ շինությունը չէ, այլ բնությունը, որ այնքա՜ն շատ է նման Արցախին, գյուղն իր երկհարկանի շուշաբանդե տներով, դեղին ներկված գազատարը, կարալյոկի ծառերը, փայտե վառարաններից արձակվող ծխի հոտը, հոգատար ու սրտացավ հարեւանները, որ ամեն անգամ միրգ, ձու, կաթ են նվիրում, առանց ավելորդ շեշտադրման։

Վերջին շրջանում շատ եմ համացանցային հարթակում լուսանկարներ ու իրական կյանքի պատառիկներ հրապարակում եւ հասկացել եմ, որ արցախյան իմ լսարանն այնքան կարոտ է այս կյանքին՝ մեր կյանքին․

2023թ․ հետո սահմանային գյուղում ապրելը պատժի պես մատուցվեց, եւ դժվար էր մի քանի պատերազմ տեսած, անհամաչափ պատերազմից հետո մազապուրծ եղածին ու ամեն ինչ կորցրածին վստահեցնելը, որ սահմանում ապրելը անվտանգ է։

Նայում եմ գյուղում կառուցվող նոր թաղամասերին ու անընդհատ մտածում՝ ինչո՞ւ ամեն գյուղում այսպիսի թաղամաս չկառուցվեց եւ չառաջարկվեց արցախցիներն իրացնել իրենց վկայականները գյուղում՝ հնարավորությամբ վերականգնելու նախկին գյուղի մթնոլորտը։

Տեղահանածները դարձան «կառավարության բյուջեն ճեղքողներ», «իշխանափոխության ջատագովներ», այնինչ տեղահանվածները պարզապես հանգիստ կյանք են փնտրում՝ հեռու քաղաքական աղմուկից, խժդժությունից՝ հողին մոտ, հողին կառչած մի տուն են փնտրում, որի համար ամսվա վերջին աստղաբաշխական թվով վարձ չպիտի վճարեն։

Այս պատշգամբից նայելով՝ հասկանում եմ, որ սահմանային գյուղում ապրելը դժվարություն չէ․ այն նաև նոր շունչ է, նոր տուն, որտեղ բնությունն ու մարդիկ միասին են ստեղծում ապահովության զգացողություն։

Տեղահանվածների համար սա ոչ թե քաղաքականության կամ վիճակագրության հարց կլիներ, այլ կյանքի շարունակության՝ հողի հետ կապի, տան և արժանապատվության որոնում։

Մարիամ Սարգսյան