070 կոդով արցախցիները, այնուամենայնիվ, չեն կարողանա քվեարկել

  • 20:33 02.06.2026

Վերաքննիչ դատարանը բավարարել է ՆԳՆ դիմումը եւ որոշել, որ արցախցիների՝ ընտրական իրավունքի հարցը պետք է քննի Վարչական դատարանը եւ ոչ թե քաղաքացիական։ Այսօր Արցախի ներկայացուցչությունում հրավիրած ասուլիսում փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ ստեղծվում են արհեստական խոչընդոտներ, որպեսզի արցախցիները չկարողանան մասնակցել ընտրություններին։

«2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ ունեցել ենք երեք բավարարված դատական ակտ, որով դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ արցախցիներին ներառել ընտրացուցակներում։ Այդ երեք դատական ակտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը հանգիստ չի տվել, եւ ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վարչական դատարանն իրավասու չէ նման հարցեր քննել, եւ նման վճիռ չկա։ Ես ֆեյսբուքյան էջում հայտարարություն եմ տարածել, որ, այո, որոշումները կայացվել են ոչ թե Վարչական, այլ քաղաքացիական դատարանի կողմից, ինչից վայրկյաններ անց հաջորդել է ՆԳՆ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։  Եվ վերաքննիչ բողոքում ՆԳՆ-ն ոչ թե խոսում է արցախցու ընտրական իրավունք ունենալ կամ չունենալու մասին, այլ ասում է՝ գիտե՞ք, գործերը ենթակա են քննության Վարչական դատարանում, ոչ թե քաղաքացիական դատարանում։

Սա ասում է նույն ՆԳՆ-ն, որը բողոքը ներկայացնելուց ժամեր առաջ պաշտոնական էջում տարածում էր հայտարարություն, որ ըստ իրենց՝ Վարչական դատարանն իրավասու չէ նման որոշումներ կայացնել։ Եվ իզուր չէ, որ նրանք ոչ թե խոսում են ընտրական իրավունք ունենալ կամ չունենալու մասին, այլ՝ գործերը քաղաքացիական դատարանին ենթակա չլինելու մասին»,- ասաց Երիցյանը։

Ռոման Երիցյանի խոսքով՝ Վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց մինչեւ հիմա բոլոր նման գործերը քննվում էին հենց քաղաքացիական դատարանի կողմից, քանի որ Վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ընտրացուցակների ճշգրտման հետ կապված վեճերը ենթակա են հենց քննության քաղաքացիական դատարանում։

«Ես այդ դիրքորոշումը ներկայացրել եմ Վերաքննիչ դատարանին։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանի դատական կազմում ներառված են դատավորներ Բաղմանյանն ու Սահակյանը, որոնցից Բաղմանն ունի 7 դատական ակտ, իսկ Սահակյանը՝ 4 դատական ակտ, որոնցով նրանք արցախցիների վերաբերյալ վճիռներ են կայացրել ու նրանց ներառել ընտրացուցակներում։ Այս նույն դատավորներն արդեն տեղափոխվելով Վերաքննիչ դատարան՝ քննում են իրենց կայացրած նույնաբովանդակ դատական ակտի դեմ ներկայացված բողոք, այն ընդունում են վարույթ եւ կայացնում որոշում այն մասին, որ նմանատիպ գործերը քննության ենթական են հենց Վարչական դատարանում։

Սա աբսուրդ է, ի՞նչ է փոխվել դատավորի մոտ, եթե օրենսդրական փոփոխություն կատարված լիներ, սա կհամարեինք տրամաբանական, բայց օրենսդրական փոփոխություն չի կատարվել 2021 թվականից մինչեւ հիմա։  Այսինքն՝ 2021 թվականին քաղաքացիական դատաանի դատավորը որոշում է կայացնում, որ, այո, արցախցուն պետք է ներառել ընտրացուցակում, վճիռ է կայացնում այդ կապակցությամբ ու նշում, որ բողոքարկման ու վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց հետո ինքը տեղափոխվելով Վերաքննիչ դատարան՝ այս անգամ կայծակնային արագությամբ կայացնում է նման որոշում»,- նշեց նա։

Ռոման Երիցյանն ասաց՝ քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումն առաջին ատյանի դատարանի դատավորների համար պարտադիր ուժ չունի, եթե հիմա արցախցիները դիմեն Վարչական դատարան, Վարչական դատարանը կարող է առհասարակ նրանց դիմումները վարույթ չընդունել, ասել՝ ես վերահասցեագրում եմ քաղաքացիական դատարանին։ Քաղաքացիական դատարանն էլ կասի՝ ես էլ գտնում եմ, որ վարչականում է քննության ենթակա։ Կդիմեն Վճռաբեկ դատարանը, որպեսզի ենթակայության հարց լուծեն, Վճռաբեկ դատարանն էլ կընդունի վարույթ, որոշումը կհրապարակի հունիսի 7-ից հետո։ Եվ ըստ այդմ արցախցիները կզրկվեն իրենց պասիվ ընտրական իրավունքից՝ այսինքն՝ ընտրություններին ընտրողի կարգավիճակում մասնակցելու հնարավորությունից։

«Սա ինձ համար աբսուրդ է, Վերաքննիչ դատարանի այս կայծակնային արագությամբ կայացրած որոշումն աբսուրդ է եւ իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ընդ որում, ինձ համար ցավալին այն է, որ այդ որոշումը կայացրել են այն նույն դատավորները, ովքեր 2021-ին կայացրել են հակառակ որոշումներ։ Ես այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել դատավորի կողմից իր կարծիքի փոփոխությունը, եթե դա հիմնված չէ օրենսդրության պահանջների վրա»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ արցախցիների 90 տոկոսից ավելին, ընտրությանը մասնակցելու դեպքում, իրենց ձայնը չեն տալու իշխանությանը։

Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկության կարգով։ Իսկ արցախցիները դիմելու են Վարչական դատարան՝ փորձելով մինչեւ ընտրություններ վերականգնել իրենց ընտրական իրավունքը։ «Բայց ես վստահ եմ, որ Վարչական դատարանը գործը վերահասցագրելու է քաղաքացիական դատարանին։ Այս պահին 500-ից ավելի արցախցի է դիմել դատարան՝ ընտրական իրավունքը վերականգնելու պահանջով, իսկ 5000-ից ավելի արցախցի էլ դիմել են ՆԳՆ-ին՝ խնդրելով իրենց ներառել ընտրացուցակներում։ Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք ընտրության վրա ինչ ծանրակշիռ դեր կարող են ունենալ, ոչ թե ծանրակշիռ, այլ նաեւ վճռորոշ։ Եվ սա է ՆԳՆ այս ակտիվության պատճառը»,- հավելեց նա։