Արցախցիների մասով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության շուրջ
Տարբեր հարթակներում բազմիցս նշել եմ, որ արցախահայության սոցիալական ծրագրերի շուրջ ՀՀ կառավարության կիրառած մոտեցումները հաճախ պայմանավորված են երկակի ստանդարտներով, իսկ տարբեր խնդիրների վերաբերյալ տրված խոստումները՝ պարզապես կեղծ և չկատարված։ Վերջին ընդունված որոշումն էլ, ցավոք, առավելապես պայմանավորված է քաղաքական նպատակներով՝ արցախահայությանը կրկին օգտագործելու և շահարկելու ցանկությամբ։
Դեռևս այս տարվա մարտի 29-ի հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները մասնագիտական աշխատանքային խմբերի և Կառավարության միջև ընթացող բանակցությունների շրջանակում ներկայացրել էին փոքրակազմ ընտանիքների խնդիրների լուծման առաջարկներ։ Խնդրի առկայությունը ընդունվել էր, և առաջարկվել էր հետևյալ լուծումը՝ փոքր կազմ ունեցող ընտանիքների և թոշակառուների համար նախատեսել բնակվարձի աջակցության լրացուցիչ ծրագիր՝ հավաստագրի գումարին համարժեք։
Այդ առաջարկը, սակայն, մերժվել է և նույնիսկ չի դիտարկվել որպես լիարժեք քննարկման առարկա․ հիմնավորումը եղել է այն, որ տրամադրվելիք գումարի սպառումից հետո մարդիկ կրկին կանգնելու են «կոտրած տաշտակի» առջև։ Փաստացի, Կառավարության նոր որոշումն իր բովանդակությամբ շարունակում է նույն տրամաբանությունը․ պարզապես այս փուլում նախագիծը վերաբերել է միայն թոշակառուներին։ 10 տարվա ընթացքում նախատեսվող 40 000 դրամը նույն միջին գումարն է, ինչ նախատեսվում էր նաև բնակարանային ապահովման ծրագրով։
Իրականում որևէ նոր ծրագիր չի ստեղծվում, և հավելյալ միջոցներ չեն հատկացվում․ գումարը պարզապես տեղափոխվում է մի գրպանից մյուսը, իսկ բնակարանային ապահովման ծրագիրը փաստացի վերածվում է բնակվարձի աջակցման ծրագրի։
Միևնույն ժամանակ, հայտարարելով արցախահայության արժանապատիվ կյանքի և արագ ինտեգրման կարևորության մասին՝ ՀՀ կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք կտրուկ հակասում են այդ իսկ հայտարարություններին։ Սա կրկին հստակ օրինակ է երկակի ստանդարտների՝ մեկ կողմից ինտեգրման մասին խոստումներ, մյուս կողմից ծրագրեր, որոնք ոչ միայն չեն ապահովում այդ ինտեգրումը, այլև երբեմն խորացնում են սոցիալական անորոշությունը։
Խորհրդի առաջարկների շնորհիվ Հայաստանի ավելի քան 160 բնակավայրերում բնակարանային հավաստագրերի չափը 3 մլն դրամից բարձրացվեց 4 մլն դրամ։ Սակայն այդ դրական փոփոխությանը զուգահեռ սոցիալական աջակցությունները ամբողջությամբ դադարեցվեցին, ինչը դարձյալ առաջ բերեց բազմաթիվ խնդիրներ և դժգոհություններ։
Նշված քայլերից հետո նկատելիորեն աճեց նաև այն մարդկանց թիվը, ովքեր դիմեցին ՀՀ քաղաքացիություն ընդունելու համար, քանի որ բնակավայրերի ցանկի ընդլայնումը և աջակցություններից օգտվելու հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը մարդկանց կանգնեցրեց փաստի առաջ։ Մարդիկ ստիպված էին քաղաքացիություն ընդունել՝ սոցիալական նվազագույն ապահովվածությունը չկորցնելու համար։ Սա ևս մեկ փաստարկ է, որ իրականացվող ծրագրերը հաճախ հիմնված են ոչ թե մարդկանց իրական կարիքների, այլ ճնշման մեխանիզմների վրա։
Այսօր որոշ գործիչներ, ովքեր իրենց ներկայացնում են որպես արցախահայության խնդիրներով մտահոգ, հարմար պահին մոռանում են բազմաթիվ հանգամանքներ։
Առաջիկա ընտրություններին ընդառաջ ՀՀ կառավարությունը փորձում է ստեղծել արցախահայության խնդիրներով զբաղվելու և մտահոգվելու իմիտացիա։ Խոսքը վերաբերում է այն իրավունքներին և հիմնախնդիրներին, որոնք ոչ միայն երկար ժամանակ անտեսվել են, այլև հաճախ արհեստականորեն սահմանափակվել, որպեսզի նրանց ձայնը չլսվի և չդառնա համակարգային փոփոխությունների պատճառ։ Այս ձևական փոփոխությունները որևէ իրական խնդիր չեն լուծում և չեն ապահովում այն պաշտպանությունը, որի կարիքը արցախահայերն այսօր ունեն։
Կառավարությունն առավել քան հստակ գիտակցում է, որ եթե բնակարանային ապահովման ծրագրում իրականացվեն արդյունավետ բարելավումներ, մեծ թվով արցախահայեր ստիպված կլինեն ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Սակայն նույնքան լավ գիտի նաև, որ նրանց մեծ մասը գալիք ընտրություններում չի աջակցելու գործող իշխանությանը։ Հետևաբար, իրականացվող քայլերը շարունակում են պահպանել ոչ թե մարդկանց շահերը, այլ իշխանության համար հարմար իրավիճակը՝ ձևական փոփոխությունների միջոցով ստեղծելով հոգածության պատրանք, որը իրականում բավարար չէ և չի բխում արցախահայության շահերից։