
Ժնևում ընթանում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանն ուղղված Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները։ Թրամփը Ուկրաինային ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 27-ը՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Չնայած եվրոպացի առաջնորդները դժգոհություն են հայտնել Թրամփի ծրագրից, որը անվանում են «Պուտինի ծրագիր», և ներկայացրել են նաև իրենց սեփական ծրագիրը, Ուկրաինան արդեն սկսել է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, որոնց մասնակցում են նաև եվրոպացիներ։ Զելենսկին, հավանաբար, համաձայնագիրը կստորագրի նոյեմբերի 27-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի քննարկման բանակցություններում։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը, նույնպես ասել է, որ այսօրվա հանդիպումը արդյունավետ է եղել։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել և շարժվում ենք դեպի արդար և երկարատև խաղաղություն, որին արժանի է ուկրաինացի ժողովուրդը», – ասել է նա։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին մեղադրեց Կիևին անշնորհակալության մեջ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան երկու սոցիալական ցանցերում ևս երեք անգամ շնորհակալություն հայտնեց Ամերիկային և անձամբ Թրամփին։
Թրամփն ավելի վաղ պատասխանել էր այն հարցին, թե ինչ կլինի, եթե Զելենսկին հրաժարվի ծրագրից։ «Դե թող նա հավերժ պատերազմի», – ասել է Թրամփը։
Ռուբիոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկված «խաղաղության ծրագրում» փոփոխություններ կատարելու համար։