Ադրբեջանցիները դո՞ւրս են գալու ՀՀ բռնազավթված տարածքներից․ Պապիկյանը չպատասխանեց

  • 14:50 24.11.2025

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հստակ պատասխաններ չտվեց լրագրողների հարցերին այն մասին, թե ինչո՞ւ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքներից։

Հարցին, թե ՀՀ ինքնիշխանության մասին խոսող ՔՊ-ի իշխանության օրոք հնարավորություն տեսնո՞ւմ է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ տարածքներից, Պապիկյանը պատասխանեց․ «Իհարկե, տեսնում եմ, սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով դա պետք է տեղի ունենա»։

Պապիկյանը խուսափեց պատասխանել այս մասին այլ հարցերի, մասնավորապես, նա չպատասխանեց հարցին՝ վստա՞հ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ բռնազավթված տարածքներից։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ բանակի մասին, ասել էր․ «Շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք պաշտպանունակ բանակի»։ Հարցին, թե համամի՞տ է Փաշինյանի այս հայտարարության հետ, Պապիկյանը պատասխանեց․ «Մարտունակությունն ու պաշտպանունակությունը եզրույթներ են, միմյանց չեն հակասում։ Պարզապես պաշտպանունակությունն արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանի վերահսկողության տակ 110 քկմ տարածքներ կան, որոնք այսպես կոչված «ադրբեջանական տարածքներ են»։ Մասնագետները պնդում են, որ նման տարածքներ չկան ՀՀ-ում։ Լրագրողները Սուրեն Պապիկյանի հարցրին՝ ի՞նչ տարածքների մասին է խոսում Ալեն Սիմոնյանը։ Պապիկյանը կոչ արեց այդ հարցը թողնել սահմանագծման-սահմանազատման հանձնաժողվի իրավասությանը։

«Կարծում եմ, որ եթե Աժ նախագահը  թվեր է հրապակել, ուրեմն դրա համար ունի բավարար հիմքեր»,- ասաց նա։