
Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա կրակած տղամարդը ծնունդով Աֆղանստանից է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներքին անվտանգության նախարարությունը «վստահ է, որ կասկածյալը 2021 թվականին է Աֆղանստանից մուտք գործել Միացյալ Նահանգներ»։ Հատուկ հայտարարության մեջ Թրամփը Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումն անվանել է «ահաբեկչական ակտ»։
Կրակոցից անմիջապես հետո Truth Social-ում արված գրառման մեջ Ֆլորիդայում գտնվող Թրամփը կրակողին անվանել է «չմարդ»։ Ամերիկացի առաջնորդը գրել է, որ հարձակվողը «շատ բարձր գին կվճարի» իր գործողությունների համար։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ստուգեն բոլոր նրանց, ովքեր Ջո Բայդենի վարչակազմի օրոք Աֆղանստանից մուտք են գործել երկիր։
Ամերիկացի առաջնորդը նաև հաստատել է, որ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթին հանձնարարել է Վաշինգտոնում տեղակայել Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինծառայող։
Ավելի ուշ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունները (USCIS, DHS-ի մաս) հայտարարեցին, որ «աֆղան քաղաքացիներին վերաբերող բոլոր ներգաղթային հարցումների մշակումը անորոշ ժամանակով կասեցվում է»։
Նոյեմբերի 26-ին անհայտ զինված անձը կրակ է բացել Վաշինգտոնում, Ֆարագուտ հրապարակում, Սպիտակ տան մոտ գտնվող Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա։ Հրապարակման պահին երկու զոհերն էլ հոսպիտալացվել են ծանր վիճակում։
Հարձակվողն ինքը նույնպես վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, սակայն գործակալության աղբյուրների համաձայն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։