«Խոսելու ենք Հայաստանի դիմակայունության եւ ընտրություններին վերաբերող հարցերի մասին»

  • 17:28 02.12.2025

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել, սա Եվրամիություն-Հայաստան գործընկերության համար ընդհանուր հավակնություն է՝ բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու։ Աջակցելու ենք ձեր բարեփոխումներին, տնտեսության դիվերսիֆիկացիային, նաեւ մենք համագործակցելու ենք վիզաների ազատականացման եւ անվտանգության ոլորտում»,- ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով հրավիրած ասուլիսում ասաց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նա նշեց, որ դեկտեմբերին 27 արտոգործնախարարների հետ հանդիպում է տեղի ունենալու, հրավիրվում է նաեւ ՀՀ արտգործնախարարը․ «Խոսելու ենք Հայաստանի դիմակայունության եւ ընտրություններին վերաբերող հարցերի մասին»։

«Կարճ ասած՝ 2025-ը կարեւոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, ձեր երկրի համար շատ կարեւոր տարի է եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունները մեկնարկեցին օգոստոսին, դրանով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը, եւ դուք ունեք Եվրամիության աջակցությունն այս հարցում։ ԵՄ-ն ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար։ Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու։ Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի՝ Ռուսաստանը ապատեղեկատվական արշավներ է իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին»,- ասաց Կայա Կալասը։