Մեր ադեկվատ գործելակերպի պարագայում աշխարհի մարդիկ կսատարեն եւ անգամ կզարմացնեն մեզ

  • 10:35 03.12.2025

Step1.am-ի զրուցակիցն է Հարվարդի Համալսարանի Քենեդիի անվան Պետական կառավարման դպրոցի գիտաշխատող, Գլոբալ զարգացման կենտրոնի գիտաշխատող, ԱԺԲ աջակից Դավիթ Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, Ազգային-ժողովրդավարական բեւեռի եւ ձեր նախաձեռնությամբ ԱՄՆ-ում բարձրաձայնվում է Փաշինյանի ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող եւ սրացող ճնշումների մասին: Քրիստոնեկան մամուլը լայն լուսաբանում է ապահովում ձեր նախաձեռնություններին։ Քրիստոնեության թեմայով այս լոբբինգը միավորո՞ւմ է քրիստոնական աշխարհին, ի՞նչ տեղ է զբաղեցնում այս հարցն ԱՄՆ-ում։

-Նախ սկսեմ նրանից, որ սա Հայաստանի համար հույժ կարեւոր խնդիր է, որովհետեւ իշխող վարչակազմը թիրախավորել է Հայաստանի սուվերենիտետի երեւի թե վերջին կանգուն ինստիտուտը։ Եվ բոլոր նրանք, ովքեր պայքարել եւ պայքարում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար, չեն կարող այս հարցով չմտահոգվել։ Բարեբախտաբար այս խնդրին նաեւ լուրջ կարեւորություն է տալիս ԱՄՆ գործող վարչակազմը, հատկապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի շրջապատում գտնվող անձինք։ Բացի դրանից, իրենց հիմնական ընտրազանգվածի համար սա բավական կարեւոր խնդիր է։ Մեր պարագայում բարդացնող հանգամանքը նաեւ այն է, որ քրիստոնեությունը հատկապես ԱՄՆ-ում միատարր չէ։ Եվ բացի կաթոլիկ ու ուղղափառ ուղղությունների վրա գտնվող քրիստոնյաներից, նաեւ բավական ծանրակշիռ են ավետարանական տարատեսակ ուղղությունները, որոնք ի սկզբանե Թրամփի առաջին նախագահության շրջանի համար բավական լուրջ դերակատարում ունեցան եւ շարունակում են ունենալ։ Բնականաբար, վարչակազմը փորձում է ինչ-որ չափով հավասարության նշան դնել բոլոր քրիստոնյաների մեջ, բայց իրականում ավետարանականները բավականին կշիռ ունեն այս երկրում։ Իրենք նաեւ սիոնիստական գաղափարախոսության ջատագովներն են այս երկրում, որն ինչ-որ չափով բարդացնում է մեր խնդիրը՝ հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ առկա սերտ հարաբերությունները։

Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս արշավը։

– Ինչպես արդեն ասացի՝ սա փորձ է խարխլելու մի ինստիտուտ, որը Հայաստանի ինքնիշխանության վերջին կանգուն ինստիուտն է։ Փաշինյանական վարչակազմը քանդելու գործընթացը սկսեց բանակից։ Հետո հերթը հասավ կրթական համակարգին, եւ այս հարցով բավականին արդյունավետ քննարկում ենք ունեցել Լոնդոնում, քանի որ վարչակազմը փորձ է անում կրթական համակարգի որոշ համալսարաններ ներգրավել մեզ համար վտանգավոր գործընթացում՝ «Ակադեմիական քաղաք» կոչվածի նախաձեռնության շրջանակներում։

Վերջին երրորդ սյունը Հայ Առաքելական եկեղեցին է, որի նկատմամբ արշավին ականատես ենք լինում։ Ջանք չի խնայվում եկեղեցին քանդելու թե ներսից, թե դրսից։ Դրսից իմ հիշատակած ավետարանական խմբերի միջոցով են դա անում, ես վստահ եմ, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հորդորով, բայց ցավոք այս պահին նաեւ հրեական լոբբիի օժանդակությամբ ավետարանական խմբերը լծված են Հայ Առաքելական եկեղեցու հիմքերի խարխլման սեւ գործին։ Իսկ ներսից, ինձ համար ակնհայտ է, որ ԿԳԲ-ական կոմպրոմատի միջոցով եւ մի շարք այլ մութ ձեւերով են եկեղեցին խարխլելու փորձ անում՝ եպիսկոպոսական շրջանակներից մարդիկ մեջտեղ բերելով, որոնց համբավը բոլորիս է ծանոթ։ Հիմա արդեն այդ մարդիկ սուրբ են ձեւանում, իրենց թվում է, թե մենք այդ ամենը մոռացանք եւ կարող են ձեռք ձեռքի տված, ուրախ-ուրախ գնալ եկեղեցին բարեփոխելու ճանապարհով։

Բայց ամեն ինչ իր լոգիկան, իր ժամանակն ու ձեւն ունի։ Սա ոչ այդ լոգիկայի մեջ է մտնում, ոչ այդ ձեւն է, ոչ էլ դրա ժամանակն է։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ գործող դավաճանական իշխանությունն այլ խնդիրներով զբաղվեր՝ սկսած երկրի պաշտպանական հարցերից, վերջացրած երկրի զարգացման խնդիրներով։ Հարցեր, որոնք իրենք ամբողջովին տապալել են երկու հավասարազոր պատճառով՝ դրսից ստացած պատվերով եւ իրենց անտեղյակ լինելու պատճառով։

Արցախում Ադրբեջանի կողից ոչնչացվում են հայկական պատմամշակութային հուշարձանները։ ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչինչ չարվեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից։ Բայց հենց այսօր Արցախում ոչնչացվում է քրիստոնեական ժառանգությունը, այս հարցը որքանո՞վ է կարեւոր ԱՄՆ այսօրվա վարչակազմի համար, ի պաշտպանություն Արցախի պատմամշակութային ժառանգության նախաձեռնություններ կա՞ն։

-Ես կասկած չունեմ, որ կաթոլիկ ու ուղղափառ, բայց նաեւ որոշ ավետարանական ուղղությունների համար եւս այս խնդիրը կարեւոր է։ Սակայն մենք անպայման պետք է հասկանանք, որ իրենց համար ավելի կարեւոր չէ, քան մեզ համար պետք է լինի։ Եթե մենք այդ առումով համեմատաբար լուռ ենք եւ քայլեր չենք ձեռնարկում, իրենք մեզանից առաջ չեն ընկնելու եւ մեր գործը մեր փոխարեն չեն անելու։ Ես կասկած չունեմ, որ մեր ադեկվատ գործելակերպի պարագայում մարդիկ կսատարեն մեզ, կկանգնեն մեր կողքին եւ անգամ կզարմացնեն մեզ իրենց անելիքներով, բայց ոչ հիմա, երբ ինքներս մեր անելիքը չենք անում։ Այդպես չի աշխատում աշխարհը, այդպես չի եղել երբեք, այդպես չի լինելու նաեւ մեր դեպքում, անկախ նրանից՝ մենք առաջին քրստոնեական ազգն ենք, երրորդը, թե՞ վեցերորդը։

Նախ մենք պետական մակարդակով պետք է այդ հարցերը բարձրացնենք, հետո՝ Սփյուռքը ու Հայաստանի քաղաքացիական հասարությունը։ Եվ խնդիրը միայն պատմամշակութային ու կրոնական արժեքների մասին չէ, մարդիկ հարց են տալիս, գրեթե հանդիպում չի անցնում, երբ ես չեմ առնչվում մարդկանց ուղղակի կամ անուղղակի հարցադրմանը՝ լավ, այս ամենի պայմաններում ինչո՞ւ հայ ժողովուրդը ոտքի չի կանգնում, ինչո՞ւ չեն ապստամբում ու ընդվզում։ Մենք փորձ անում ենք ինչ-որ ձեւով դա բացատրել, կան դրա համար որոշ օբյեկտիվ պատճառներ, բայց որ րոպեին դու փորձում ես պատճառներ բերել, արժեզրկում ես այդ ամենը։ Մարդիկ ակնկալում են, որ դու պետք է լինես այդ պայքարի դրոշակակիրը, հետո իրենք քեզ կօգնեն, այլ ոչ թե հակառակը։

Ռոզա Հովհաննիսյան