
Ես մտածել եմ, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը և միայն երեք տարբերակ է ի հայտ գալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը՝ եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ և երրորդ տարբերակը՝ անում է մտածված և միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժառիթներ, թե ինչի համար է սա արվում։
Հիմա հերթով. գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում, բայց ես փաստեր չունեմ և ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի և շուտով կհրապարակի։ Պաշտպանության նախարար աշխատած անձնավորությունը։
Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում են այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 2018–ից մինչև 2020 թվականի պատերազմում պարտություն։ Դա բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ, բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։
Եվ երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր և պլանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։
Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր անձնական շահերը։ Առաջինը, 44 օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 18–ին առաջարկ եղավ կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա մաքրվել այս պարտությունից և նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։
Չի արել, արդյունքում հանձնվեց Գորիս–Կապան ճանապարհը, Շուրնուխի կեսը և այլն։ Այս շարքը ես կարող եմ շարունակել, օրինակ երբ ճանաչվեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, չէր բխում Հայաստանի շահերից»,– ընդգծեց Քոչարյանը։