
Հավաքական «Արևմուտք» հասկացությունը եվրատլանտյան հանրության նկատմամբ, կարծես, մոռացության է մատնվում: Գազայի և Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և Եվրոպան գտնվում են բարիկադների հակառակ կողմերում: Իսկ Թրամփի առաջարկած՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու պլանից հետո, ավելի պարզ դարձավ, որ Թրամփի ծրագիրն ուղղված է Եվրոպայի դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է լրատվամիջոցների հակասական հաղորդագրությունները, որոնցում նրան վերագրում են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հնարավոր «դավաճանության» մասին հայտարարությունները: Ֆրանսիայի առաջնորդը կտրականապես հերքում է և ընդգծում Եվրոպայի և Ամերիկայի միասնության կարևորությունը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար, ըստ Reuters-ի։
Հիշեցնենք, որ գերմանական Der Spiegel ամսագիրը հրապարակել է հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը, իբր, լուրջ կասկածներ են հայտնել ԱՄՆ-ի և նրա հատուկ ներկայացուցիչների արդյունավետության վերաբերյալ: Der Spiegel-ի տվյալներով՝ Մակրոնը և Մերցը հայտարարել են, որ Զելենսկին պետք է «չափազանց զգույշ լինի առաջիկա օրերին»: «Նրանք խաղեր են խաղում և՛ ձեզ, և՛ մեզ հետ», – հրատարակությունը մեջբերել է Գերմանիայի կանցլերի խոսքերը:
Եվրոպան կարծում է, որ Կիևը չպետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ առանց Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Քաղաքական գործիչները ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է հստակորեն պարզաբանի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ «նախքան Ռուսաստանի պահանջներին համաձայնելը»։