
Ցավի, դիմակայության ու չմոռացվող տան ճամփան
Գորիսի հրապարակում՝ քաղաքի սրտում, եռագույնից բացի այլ դրոշ էլ կա՝ Արցախինը։ Այստեղ այն տեղադրված է բաց ու անթաքույց՝ առանց «հարմար լինելու» հաշվարկի։ Ապահով չէ, բայց արժանապատիվ։ Որպես հիշեցում, որ այս վայրով անցել են մարդիկ, որոնց համար տունը մոտ է, բայց վերադարձի քայլը դեռ անհասանելի։
Աննան այդ դրոշի կողքին է ապրում արդեն ավելի քան 2 տարի։ Ասում է․ «Գորիսից Արցախ ճանապարհը կարճ է, որպեսզի շուտ հասնեմ՝ այստեղ եմ ապրելու»։
Երկու օր՝ կյանքի չափ երկար
2023-ի հոկտեմբերի 1-ին Աննայի ընտանիքը լքեց Արցախը։ Չէին ուզում հեռանալ․ մինչև վերջին պահը հավատում էին, որ կհաջողվի մնալ։ Իննամսյա շրջափակումից հետո, սեպտեմբերի 1-ին, Աննան կորցրեց եղբորը և միակ ցանկությունը դարձավ նրա մարմինը Հայաստան տեղափոխելը։
«Եղբայրս հիմա թաղված է Գորիսի Եռաբլուրում և Գորիսին կապող ամենակարևոր պատճառներից մեկը հենց նա է»,- ասում է Աննան։
2020-ին Աննայի ընտանիքը ևս Գորիսում էր։ Վերադարձան, վերանորոգեցին տունը, փորձեցին ապրել բնականոն առօրյայով, սակայն շրջափակումը ցույց տվեց՝ խաղաղությունը երկար չէր կարող տևել։
«Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ մնա»
Աննան հիմա ապրում է Գորիսում՝ մեկ ակնկալիքով՝ վերադառնալ տուն։ Երբ հարցնում են, թե ինչու չեն տեղափոխվում Երևան, պատասխանը հակիրճ է․ «Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ պետք է ապրի։ Գորիսը տուն վերադառնալու ճանապարհի սկիզբն է»։
Նրա դիրքորոշումը ուղիղ է․ սահմանը մարդիկ են պահում։
Տղան՝ սպորտից դեպի ծառայություն
Աննայի որդին 14 տարի զբաղվում է սանդա-ուշուով, մասնակցել է մրցաշարերի, ունի մեդալներ։ Վերջին մրցույթում Ղազախստանում հաղթեց և հաղթանակը նվիրեց զոհված քեռու և բոլոր նահատակների հիշատակին։
Ընտանիքում ծառայությունը ընկալվում է որպես պարտք։ «Եթե ՀՀ քաղաքացիները եկել են ծառայել Արցախում, ինչո՞ւ արցախցին չպետք է ծառայի Հայաստանում»,– ասում է Աննան։
Վերջին խոսակցությունից մեկի ժամանակ ոդին հայտնեց, որ որոշել է ընդունել քաղաքացիություն՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։ Պատրաստվում է հնգամյա ծառայությանը և ունի անձնական նպատակ․ «Գորիսի ամենաբարձր կետից ուզում եմ Արցախին նայել»։
Երբ Աննան խոսում է զոհված եղբոր մասին, ձայնը փոխվում է։ «Ամեն անգամ եղբորս զինվորական համազգեստը լվանալուց հետո մի թուղթ ստորագրում էի ու դնում գրպանում։ Արթուրն ասում էր՝ «թուղթը դնողն էլ ես դու, հանողն էլ ես դու լինելու։ Երբ կանչեցին դիակի ճանաչման, առաջինը դա հիշեցի։ Զոհի գրպանում իմ ստորագրությամբ նույն թուղթն էր, եղբայրս էր․․․»։
Անան ընդունում է․ «Գիտեմ, որ եղբայրս չկա, բայց ամեն անգամ զինվորական համազգեստ տեսնելիս նրան եմ փնտրում։ Հիմա չգիտեմ՝ ինչպես եմ նույն համազգեստով որդուս տեսնելու»։
Գորիսում Աննան գտել է ընդունող միջավայր։ Քաղաքի կենտրոնական հրապարակում Արցախի դրոշը շարունակում է ծածանվել։ Այժմ այն շատ քիչ վայրերում կարելի է տեսնել։
Մարդիկ օգնություն են առաջարկում, հրավիրում իրենց տուն։ Նրա համար դա պարզապես դրոշ կամ ժեստ չէ, այլ կապ՝ եկածների ու տեղաբնակների միջև։
Այսօր Աննան և նրա ընտանիքը Գորիսում են՝ աշխատում, սովորում, ծրագրում ապագան։ Վերադարձի մասին չեն խոսում որպես երազանքի, այլ՝ որպես ճանապարհի հաջորդ քայլի։
Իսկ մինչ այդ՝ Գորիսը նրանց համար կանգառ չէ․ սա ապրող, գործող համայնք է, որտեղ Արցախի հիշողությունը չի մարում, այլ ապրում է մարդկանցով, պատմություններով։
Մարիամ Սարգսյան