Պետք է դիտարկել նաեւ բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները

  • 16:27 10.12.2025

«Բռնի տեղահանությունից երկու տարի անց ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրով արցախցի 25 հազար տեղահանված ընտանիքներից բնակարն են կարողացել ձեռք բերել ընդամենը 1500-ը»,- Արցախի խորհրդարանի հրավիրած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3500 ընտանիք, որոնցից 1500-ն են կարողացել իրացնել դրանք։

«Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հավաստագիր ստացածների եւ իրացրածների միջեւ եւս բավականին մեծ տարբերություն կա։ Եվ սա թույլ է տալիս ենթադրել, որ անգամ հավաստագիր ստանալուց հետո մարդիկ չեն կարողանում դրանք իրացնել եւ վերջնականպես լուծել իրենց կեցության հարցը։ Սա պայմանավորված է նրանով, որ այն համայնքներում, որտեղ այդ հավաստագրով տրվող գումարի չափը արձրացրել են, զուգահեռաբար աճել է նաեւ այդ բնակավայրերի անշարժ գույքի արժեքը։ Սա խոսում է այն մասին, որ նման ծրագրերով այս հարցը կարգավորելը գրեթե անհնար է, եւ պետք է դիտարկել նաեւ բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արցախցիները պետք է Հայաստանում կոմպակտ բնակեցվեն, որպեսզի համայնքը պահպանվի, եւ վերադարձի հարցը միշտ արդիական լինի։ Առանց Հայաստանում արցախցիների հավաքականության պահպանման վերադարձի մասին խոսակցությունները ժամանակի ընթացքում մարելու են, ասաց նա։

«Բայց առաջարկվող ծրագրերը որեւէ ձեւով չեն աջակցում արցախցիների հավաքական բնակեցմանը։ Այս ուղղությամբ մեր առաջարկություններին ի պատասխան կառավարությունից ասում են, որ իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետտոյացման հարցում։ Դա հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հավաքական բնակվելը, առավել եւս նույն ազգի ներկայացուցիչների շրջանում ապրելը, որեւէ ձեւով գետտոյացման չի կարող հանգեցնել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ բնակապահովման ծրագրի ամենամեծ թերություններից մեկը նաեւ փոքր կազմով ընտանիքների շահերի եւ նրանց կեցության հարցի հարցի կարգավորման անտեսումն է։ «Առաջարկվող ծրագրով որեւէ ձեւով հնարավոր չէ, որ տրված գումարով 1-3 հոգանոց ընտանիքները կարողանան բնակարանի տեր դառնալ։ Այս հարցի հրատապության ընկալում կա նաեւ համապատասխան լիազոր մարմնի կողմից, կոնկրետ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, բայց մինչ այժմ հստակ լուծում չի առաջարկվել։ Անընդհատ ինչ-որ առաջարկներ են հնչում սոցիալական բնակարանների ձեւով եւ այլն, բայց գետնի վրա լուծումները բացակայում են։ Վերջերս շրջանառության մեջ է դրվել փոքր կազմով ընտանիքների համար վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցմա ծրագիրը, որը բազմաթիվ պրոբլեմներ է պարունակում»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ի դրությամբ ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել 23 107 արցախցի, նրանցից 15 500-ն արդեն ստացել են քաղաքացիություն։ Եվս 7500 անչափահասներ, ծնողների քաղաքացի դառնալու հանգամանքով պայմանավորված, ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այս հարցում հանդիպող ամենամեծ խնդիրն արցախցիների կորցրած փաստաթղթերի վերականգման հարցն է։