
Արցախի ավանդական խոհանոցը պահպանելու ու փոխանցելու միտքը Մարիամ Աբրահամյանն ունեցել է դեռ Ստեփանակերտում։ Սակայն ավելի պրոֆեսիոնալ էր պատկերացնում աշխատանքը՝ ճիշտ սպասք, լուսավորություն, նկարահանման տեխնիկա։ Բայց տեղահանությունից հետո այդ պատկերացումները գլխիվայր շրջվեցին․ պարզվեց՝ ամենակարևորը մարդիկն են, նրանց պատմությունները և բաղադրատոմսերը, որոնք դեռ շարունակում են ապրել հիշողությունների մեջ։
«Միշտ մտածում էի՝ մի օր կսկսեմ, բայց կսպասեմ ճիշտ պայմաններին։ Իսկ տեղահանությունից հետո հասկացա՝ եթե չսկսեմ հիմա, էլ երբ՞»,- պատմում է Մարիամ Աբրահամյանը։
Այսօր նա նկարահանում է ոչ միայն ավանդական ուտեստները, այլեւ մարդկանց, որոնք անցել են դժվար ճանապարհ՝ կորցնելով իրենց տներն ու ապրելաոճը։
Մարիամի տեսանյութերում միայն ուտեստներ չեն․ դրանց կողքին կանգնած են մարդիկ, որոնց ձայներն ու հիշողությունները թվայնացվում են և դառնում ապագայի համար պահվող մի յուրահատուկ արխիվ։
Տեսանյութերի առանձնահատկությունն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող արցախցիները նորից տեսնում են ծանոթ դեմքեր․ հարևաններ, բարեկամներ, նույնիսկ այն մարդիկ, ում տարիներ շարունակ չեն հանդիպել։
«Շատերը գրում են, որ տեսանյութերը մասնակցության զգացում են ստեղծում՝ կարծես իրենք էլ են նույն խոհանոցում նստած, զրուցում են ու համտեսում», — ասում է նա։
Չնայած նախաձեռնությունը սկսվել է սիրողական մակարդակով՝ «ինչ կար, դրանով», այն արագ դարձավ սիրված։ Մարիամը ժպտալով նշում է․ «Մեր արցախցիները տեսախցիկից են խուսափում, սա է խնդիրը»։
Մարդկանց օտար տներում նկարահանելը հաճախ անհարմարության զգացում է ռաջացնում։ «Շատերն ասում են՝ եթե Արցախում լինեինք մեր տանը, սիրով կմասնակցեինք։ Այստեղ երբեմն պայմաններն են խանգարում»։
Մարիամը, սակայն, մտադրություն ունի շարունակելու նախագիծը՝ նկարահանելով ուտեստներ, նոր մարդիկ և ջերմ հիշողություններ։
Նրա նախաձեռնությունը աստիճանաբար վերածվում է ոչ միայն խոհարարական նախագծի, այլև մշակութային հիշողության վերականգնման գործի։
Ոչ նյութական մշակութային ժառանգություն․ ինչի՞ է ծառայում այս նախագիծը
Արցախցիների խոհանոցը պարզապես ուտելիքներ չեն․ դա հիշողությունների, ինքնության ու համայնքային կապի կրում է։ Յուրաքանչյուր ուտեստ՝ ածիկ, չորաթան, ժինգյալով հաց կամ խաշիլ, կապված է հողին, գյուղին, ավանդույթին, ընտանեկան պատմություններին։
Տեղահանության հետևանքով վտանգված են ոչ միայն տները, այլև այս ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը հիմնականում փոխանցվում է մորից աղջկան, հարևանից հարևանին, տոնական սեղանից՝ մինչև ամենօրյա սեղան։
Մարիամ Աբրահամյանի նախաձեռնությունը հենց այս ժառանգության պահպանման ժամանակակից միջոցն է․ այն թվայնացնում է գիտելիքները, որոնք նախկինում միայն բանավոր էին փոխանցվում, ապահովում է, որ ուտեստների պատմությունները չկորչեն՝ չունենալով կենտրոնացված համայնքներ, և ստեղծում է հիշողության կենդանի արխիվ, որը կարող են օգտագործել թե՛ հետազոտողները, թե՛ ապագա սերունդները։
Այս նախաձեռնությունը կարևոր է նաև հոգեբանական ու սոցիալական տեսանկյունից․ տեսանյութերը միավորում են մարդկանց, ովքեր կորցրել են իրենց ֆիզիկական տունը, բայց շարունակում են կառուցել իրենց համայնքային տունը՝ թվային հարթակում։
Մարիամ Սարգսյան