
«Ահազանգեր եմ ստացել որոշ անձնագրային բաժանմունքների կողմից արցախցիների համար խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Ես դեռ այդ անձնագրային բաժամունքների անունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրենց, կարծում եմ՝ հետեւություններ արել են։ Խնդիրներ կան, այդ թվում՝ քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Եվ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել։ Եվ այդ առումով շատ կարեւոր է, որ նույն անձնագրային բաժանմունքներում պատշաճ վերաբերմունք դրսեւորեն արցախցիների նկատմամբ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ բնակարանային ապահովման ծրագրից օգտվող արցախցիների թիվը քիչ է եւ հարցրեց՝ վերլուծություն կատարվե՞լ է կառավարության կողմից՝ ինչո՞ւ է այս պատկերը։
Դավիթ Խաչատրյանն ասաց, որ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված, եւ 3810 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, նրանցից 1600-ն արդեն բնակարան են գնել։ «Կարծում եմ՝ գումարները հիմնականում բավարարում են՝ բնակարան գնելու համար, եթե չխոսենք Երեւանի եւ երեւանամերձ բնակավայրերի մասին»,- ասաց փոխնախարարը։
«Էն մնացած մարդիկ, որ ՀՀ քաղաքացիություն ստացել են, բայց հավաստագիր չեն ստացել, դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, ո՞րն է այդ խնդիրը։ Մենք դա ենք ուզում հասկանալ, իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար։ Եթե տենց լավ ծրագիր լիներ, կարծում եմ՝ ոչ մեկ չէր ուզի վարձով մնալ կամ բնակարանային խնդիրներ ունենալ։ Մենք վերջերս նաեւ ռեպորտաժ տեսանք, երբ արցախցի մեր հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պիտի ռեալ հասկանանք, որ կարողանանք դրա լուծումները տալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ի պատասխան հարցադրում արեց․ «Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչն է խանգարում՝ դիմել եւ ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ հետո այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որն այս 1600 ընտանիքներն անցել են եւ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Մենք Հայաստանում ունենք 250 բնակավայր, այդ թվում՝ քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ։ Այսինքն՝ մենք 250 բնակավայրում 25 մլն-ով 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանո՞ւմ ապահովել բնարանով։ Կարծում եմ՝ մի քիչ տեղին չէ այդ պատճառով չդիմել ու չստանալ քաղաքացիություն։ Եվ մենք ունենք 4 մլն դրամանոց շուրջ 650 բնակավայր, ինչը կարծում եմ՝ ամբողջությամբ բավարարում է այդ հարցերը լուծելու համար»,- նշեց Խաչատրյանը։