
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՙԱրցախից Հայաստան՚՚ խորագրով մարդկային պատմությունների շարք, որը ներկայացնում է պատմություններ Արցախից բռնի տեղահանված տարբեր ընտանիքների մասին:
Պատմում է ընտանիքի մայրը․
Հոկտեմբերի 1-ին հասանք Հարթագյուղ։ Արցախից դուրս էինք եկել սեպտեմբերի 25-ին, իսկ 28-ին արդեն Գորիսում էինք։ Մեզ երկու տարբերակ առաջարկվեց՝ գնալ Վանաձոր կամ Սպիտակ։ Քանի որ ամուսնուս՝ Արմենի առողջական վիճակը թույլ չէր տալիս Վանաձորում մնալ (շատ խոնավ է), որոշեցինք գնալ Սպիտակ: Գյուղապետի աջակցությամբ մնացինք Հարթագյուղում:
«Հարմարվելը…նորմալ, եթե կարելի է ասել։ Ամուսինս՝ Արմենը, զինվորական է, պատերազմի մասնակից, վիրավորվել է պատերազմի ժամանակ, հիմա զինվորական թոշակ է ստանում։ Ես չեմ կարող աշխատել՝ տանն եմ մնում, խնամում եմ նրան։ Օրս սկսվում է պայուսակներ կարելով ու երեխաներին խնամելով։ Տան բոլոր հոգսերը իմ ու մեծ աղջկաս վրա են։ Բժիշկ է երազում դառնալ։»

«Ոչ մի բաժանում ղարաբաղցիների ու հայաստանցիների միջեւ չեմ զգացել։ Առաջին իսկ օրը գյուղապետն ու իր ընտանիքը մեզ ընդունեցին շատ ջերմ:
Կյանքս առավոտյան երեխաների համար նախաճաշ պատրաստելով է սկսվում, ճանապարհում եմ դպրոց, հետո խնամում ամուսնուս:
Մեծ աղջիկս է օգնում, չնայած չի սիրում տնային գործեր անել, ավելի շատ կենտրոնացած է իր ապագա մասնագիտության վրա»։
«Առաջին ու ամենակարեւոր նպատակը՝ տուն ունենալն է:
Հետո՝ երեխաներիս ուսման հարցը»:
«Զգում եմ կարոտ… Մարդիկ այստեղ բարեհամբույր են, բայց ամեն քայլափոխը Արցախն է հիշեցնում։ Հաճախ քարտեզով նայում ենք մեր գյուղը, մեր տունը, այգին։ Տները քանդված են, դպրոցն էլ, մեր բակը, տանիքը… ծառերն էլ չկան: Սիրուն այգի էր: Հիմա ամեն ինչ քանդում է, ոչինչ չեն կառուցում:
Ես սովորություն ունեմ ամեն ինչ նկարելու, բայց տեղահանման օրը ոչինչ չնկարեցի: Չէի ուզում հիշել»:
Պատմում է ընտանիքի հայրը․ Սկսել եմ ծառայել 2013-ից: 2020թ նոյեմբերի 7-ին վիրավորվեցի, 9-ին՝ պատերազմն ավարտվեց: Մարմինիս ամեն հատվածը վիրավորված էր: Միայն մի ոտքս ու ձեռքս են անվնաս մնացել։ Ամիս ու կես կոմայի մեջ էի:
7 ամիս կինս Երեւանում մնաց, հիվանդանոցում ինձ էր խնամում: Երեխաները տանը մենակ էին մնում: Մեծ աղջիկս այն ժամանակ 9 տարեկան էր ու տան ամբողջ հոգսը իր վրա էր մնացել՝ և դաս էր անում, և փոքրերին պահում, լողացնում, լվացք անում, ուտելիք պատրաստում: Հարեւանները չէին էլ կռահել, որ տանը մեծ չկար:
Պատմում են երեխաները
Լիլիա (12)․ Ղարաբաղում մեր տունն էի շատ սիրում, բայց այստեղ դպրոցն ավելի լավն է: Չեմ հասկանում, ինչի պետք է տանից գնայինք։ Պատերազմն ինչ է, ինչի՞ համար է: Կարոտում եմ Ղարաբաղից ընկերներիս, խաղալը, իսկ էստեղ ընկերներ չունեմ, մերոնց հետ եմ խաղում։ Ղարաբաղում ես պարի էի գնում, Սամվելը` կարատեի, էստեղ ոչ մի տեղ չենք գնում»։
«խաղաղությունը այն է, երբ մարդիկ իրար ոչ մի բան չեն անում ու հանգիստ ապրում են»:
Լուսինե (14)․ չեմ սիրում Հայաստանի կյանքը, երեւի սիրում եմ ընկերասիրությունը ու երազում եմ սրտաբան դառնալ։ Պատրաստ եմ 15-20 տարի սովորել դրա համար։ Հույս ունեմ, որ մի քանի տարուց վերադառնալու են հայրենիք: Երազում եմ հետ գնալ Արցախ ու որ պապան ապաքինվի, բայց դժվար թե լավանա:
Սամվել (9)․ երազում եմ, որ հայրիկը առողջանա ու վերադառնանք Ղարաբաղ: Ու կվադրոցիկլ եմ ուզում։ Ուզում եմ զինվորական դառնալ, որովհետեւ հայրիկս է զինվորական եղել, ու բոլորն են զինվորական եղել:
Խաղաղությունը այն է, երբ մարդիկ իրար չեն սպանում ոչ մի երկիր մյուսի վրա չի հարձակվում: Բայց ես չեմ կարծում, որ խաղաղություն կլինի: Էսքան տարի ամեն օր սպանել են…»։