«Կանչում են, ասում եմ՝ չեմ գա: Ինչ եմ կորցրել Ռուսաստանում։ Ես այստեղ հայ եմ»

  • 12:59 20.12.2025

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՙԱրցախից Հայաստան՚՚ խորագրով մարդկային պատմությունների շարք, որը ներկայացնում է պատմություններ Արցախից բռնի տեղահանված տարբեր ընտանիքների մասին:

Ներկայացնում ենք 2023 թվականին կրկնակի տեղահաված ընտանիքի պատմություն, որը ներկայումս ապրում  է Լոռու մարզի Հարթագյուղում: Ընտանիքն առաջին անգամ տեղահանվել էր 1988 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ:

2023-ի հոկտեմբերի 3-ին եկել ենք Հարթագյուղ, արագ հարմարվել ենք՝ թե՛ մարդկանց հետ, թե՛ բնության, պատմում է պապը։

Արդեն վարուցանք արել է, բերք ստացել: Անգամ բանաստեղծություն է ձոնել հարթագյուղացիներին:

«Հարգարժան հարթագյուղցիներ,

Ինձ չբաժանեք ձեզանից,

Ձեր սուգն ու ուրախությունը իմն է,

Իմն էլ՝ ձերը:

Ես հարթագյուղացի եմ»:

«Եթե պատմեմ, ինչ կյանքի տեր եմ եղել, կթվա՝ հորինում եմ։ Եղել եմ բանակի գլխավոր թարգմանիչ ադրբեջաներենից հայերեն, 23 տարի Բաքվում ինժեներ եմ աշխատել:

1968-ին ավարտել եմ Երեւանի ռադիոէլեկտրոկապի տեխնիկումը, ուղարկեցին Բաքու։ Ադրբեջանի համարյա ամբողջ մինիստրությունը ինձ գիտեր որպես լավ վարպետ:

1988-ին նույնիսկ առաջարկ ունեի մնալ Բաքվում: Ասում էին՝ տունը կքանդենք, բայց քեզ ոչ ոք չի դիպչի։ Բայց ես վերադարձա Ղարաբաղ՝ իմ ծննդավայր։ Իմ աչքով եմ տեսել Սումգայիթի ջարդերը: Էնքան վարժ էի ադրբեջաներեն խոսում, որ չհասկացան՝ հայ եմ, թե ադրբեջանցի: Ընկեր ադրբեջանցիներս օգնեցին, որ ընտանիքս դուրս գա Սումգայիթից»։

Իր լուսանկարին նայելիս ասաց՝ էս բիձեն ինձ նման չի, էս ո՞վ ա։

«Այստեղ՝ Հարթագյուղում, ինձ լավ եմ զգում։ Գյուղը քաղաքից հանգիստ է։ Հողը մշակում եմ՝ կարտոֆիլ, լոբի, պոմիդոր… Թոռներս էլ ինձ «ապա» են ասում՝ մեծ եղբայր»: Բայց կյանքի տիրոջ հերն եմ անիծել: Կյանքն էնքան կեղծ բան ա, ոչ լավա ուրախանաս, ոչ վատ ա լաց ըլնես»:

Ընտանիքում աշխատող չկա։ Ապրում են թոշակով ու երեխաների նպաստով։

Չնայած դժվարություններին՝ պապը չի ուզում հեռանալ Հայաստանից։ «Իմ եղբայրներն ու նրանց ժառանգները՝ 50-ից ավելի ընտանիք, Ռուսաստանում են։ Կանչում են, ասում եմ՝ չեմ գա: Ինչ եմ կորցրել Ռուսաստանում։ Ես այստեղ հայ եմ, էնտեղ՝ ռուս»:

Նրա ամենամեծ երազանքը՝ իր 3 երեխաներին, 14 թոռներին ու 9 ծոռներին մեծացնել ու պահելն է:

Ընտանիքի մայրն ասում է․ «Խնդիրները շատ են, բայց հաշտվել ենք։ Երեխաների ապագան չեմ պատկերացնում: Ղարաբաղում ամեն ինչ հեշտ էր, էստեղ պետք է ձգել, տանել, տեսնենք ուր է տանում մեզ ժամանակը, արդեն եկել-ընկել ենք։ Որոշել էինք 10 երեխա ունենալ, բայց էստեղ հնարավոր չէ: Առաջինը տուն պետք է ունենանք, որ կյանք կառուցենք: Ղարաբաղում երկու տուն ունեինք, մեկը՝ կապիտալ վերանորոգված, թողեցինք առանց ապրելու: Այստեղ ապրում ենք անծանոթի տանը: Երկար չենք կարող այսպես»։

Խաղաղության մասին

Հարց` հնարավոր է՞ խաղաղություն հայերի ու ադրբեջանցիների միջեւ։

«Էս կռիվը գցել ա մայր Հայաստանը ու ճիշտ ա արել։ Վերցրել ա Ղարաբաղը, պահել 32 տարի։ Բայց վերքը շատ խորն է։ Մայր Հայաստանը 8000 որդի է կորցրել։ Դժվար է էտ վերքը բուժել։ Հնարավոր է՝ թոռներս տեսնեն խաղաղություն, ես՝ չեմ իմանա։ Սաղ օրը միայն ասում եմ՝ սովորեք, մարդ դարձեք: Գիրքը ամենամեծ հարստությունն է»:

Պատմում են թոռներն ու ծոռները

Թաթուլ (10տ.)

«Ղարաբաղում ամեն ինչ լավ էր։ Ամենից շատ տունն եմ կարոտում: Էստեղ նոր ընկերներ ունեմ, բայց ծառերը պակասում են։ Ուզում եմ Երեւանում ապրել, որ շատ ընկերներ ունենամ։ Երազում եմ զինվոր դառնալ»։ Խաղաղությունը նրա համար «կռիվ չլինելն է, երբ զինվորները տուն են վերադառնում»:

Պարգեւ (5 տ.)

«Ավելի շատ Ղարաբաղն եմ սիրում: Էնտեղ խաղալու բան կար։ Այստեղ ընկերներ չունեմ, մանկապարտեզ էլ չկա: Երազում եմ խաղալ։ Ղարաբաղի ընկերներիցս տեղյակ չեմ։ Խաղաղությունը չգիտեմ ոնց է լինում: Բայց հետ գնալ չեմ ուզում, որովհետեւ էնտեղ թուրքեր կան: Ուզում եմ ոստիկան դառնալ»: