Տեղ գյուղն իր տեղում է, մնացածն է խառը․ փակ ճանապարհ դեպի Արցախ և Թրամփը

  • 12:20 21.12.2025

Երբ գտնվում ես Սյունիքի Տեղ համայնքում, տպավորություն է, որ այն կտրված է ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից։

Հասարակական տրանսպորտ այստեղ չի գործում, դրա համար գյուղացիները համատեղ “փող են դնում”, երբ պետք է լինում Գորիս առեւտրի կամ հիվանդանոց գնալ։

Այստեղ չեն քննարկում եկեղեցի-իշխանություն հարաբերությունների թեման, որը թունավորում է Հայաստանի ներքաղաքական կյանքը, իսկ տեղացիների հետ խոսելիս չի զգացվում, որ Սյունիքը, որտեղ հենց նրանք են ապրում, վաղուց աշխարհաքաղաքական հարց է դարձել։

Գյուղացիները տեղյակ չեն ադրբեջանական վառելիքի Հայաստան հասնելուն (ինձ ի՞նչ, ես գազով եմ քշում, կատակում է մի վարորդ), ոչ էլ ԵՄ-ի կողմից Հայաստանին 15 մլն եվրո տրամադրելու մասին։ Կանանց մի խումբ նստած է փոքրիկ մթերային խանութի առջև ու կենցաղային հարցեր է քննարկում: Տղամարդիկ հերկում են այգիները, վառում աշնանից մնացած չոր տերևները, փայտ ջարդում։ Ընդհանրապես, դժվար է հասկանալ, ինչպիսի մթնոլորտ է այստեղ՝ խաղաղություն, թե՞ անտարբերություն։ Կյանքն այստեղ տարբեր է, բայց ինչպիսի՞ն է այն։

Պատկերացրեք՝ կանգնած եք ձեր տան առջև, բայց ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում ներս մտնել: Բանալին չեք կորցրել, ավելին՝ այն ձեր գրպանում է, բայց մեկ է` չեք կարողանում մտնել։ Հենց այս զգացողությունն է առաջանում Տեղ համայնքում գտնվող ցանկացած արցախցու մոտ։ Կարող եք երկու ժամից տանը լինել, բայց չեք կարող։ Մի ժամանակ մեքենաշատ մայրուղին այժմ դատարկ է, երբեմն զինվորականների մեքենաներ են անցնում։ Մայրուղու երկայնքով գտնվող բոլոր բիզնեսները սնանկացել են։ Երբ մի քիչ էլ եք շարունակում ճանապարհը` անցնում «Արցախ» և «Ստեփանակերտ» ցուցանակից, ձեր առջև արդեն փշալարեր և ցեմենտե բլոկներ են։ Վերջ։

Լուսինեն 7 երեխաների մայր է (և սպասում է ութերորդին), ասում է, որ դստերն է խնդրում լվացքը փռել, որպեսզի խուսափի տեսնել Արցախի լեռները, որոնք պարզ երևում են Տեղում վարձակալած գյուղական տան պատշգամբից։

«Գրեթե տնից դուրս չեմ գալիս, ոչ էլ մեկի հետ շփվել եմ ուզում, երեխաներն են եւ իմ ընկերները, եւ հարևանները, եւ ազգականներս։ Ես նույնիսկ ինտերնետից ու հեռուստացույցից չեմ օգտվում։ Դստերս եմ խնդրում, որ լվացքը փռի, որպեսզի չտեսնեմ Արցախի լեռները, որոնք ուղիղ իմ առջև են։ Ավելի լավ է չտեսնեմ այն, քան տեսնեմ, բայց չկարողանամ գնալ իմ հայրենի Աստղաշեն ու Մարտակերտ։ Երեխաները նույնպես շատ են կարոտում, նույնիսկ փոքրերն են հիշում Ղարաբաղը։ Մի օր երեխաներից մեկը սկսել էր տոնական շորերը, կոշիկներ հագնել։ Երբ հարցրի, թե այդ ո՞ւր, նա պատասխանեց, որ ադրբեջանցիներն են իր մանկասայլակը քշում հիմա, և ինքը պատրաստվում է գնալ հետ վերցնել։ Ինտերնետում է տեսել, թե ինչպես են ադրբեջանցիները քշում հայ երեխաների հեծանիվներն ու մանկասայլակները։ Դե իսկ մեծերը լի են հույսով, ասում են՝ կգա օրը, երբ ճանապարհը կբացվի, և մենք տուն կգնանք, նրանք այստեղ չեն հարմարվում, որքան էլ որ նրանց հայրենիքը լինի», – ասում է Լուսինեն։

Լուսինեն Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղից է, Մհերի հետ ամուսնացել եւ Մարտակերտում էին ապրում։ Որպես բազմազավակ ընտանիք՝ նրանք տուն են ստացել Մարտակերտում, որտեղ ընդամենը երկու տարի են հասցրել ապրել` մինչեւ 2023թ.։

«Ին՞չ ահավոր էր։ Ասացին սպասեք, ինչ-որ մեկը կգա եւ ձեզ կտարհանի, բայց ոչ ոք չեկավ, բոլորը հեռանում էին ով ինչպես կարողանում էր։ Ինչևէ, մի Урал էլ մենք խցկվեցինք ու Գորիս հասանք` երկու օր սոված-ծարավ ճանապարհներին մնալուց հետո։ Ես զգում էի, որ պատերազմ է լինելու։ Դպրոցի ուսուցիչը զանգահարեց ինձ և հետաքրքրվեց, թե ինչու չեմ ուղարկել երեխաներին դպրոց և հետաքրքրվեց, թե արդյո՞ք հիվանդ չեն։  Ո՛չ, պատասխանեցի ես, հիվանդ չեն, բայց չեմ ուղարկում: Ես զգում էի, որ ինչ-որ վատ բան է պատահելու եւ չեմ կարողանալու երեխաներին հավաքել։ Հետո, երբ ամեն ինչ տեղի ունեցավ «իմ սցենարով», հարցրին, թե որտեղի՞ց գիտեի դա։ Չնայած 2020 թվականի պատերազմից հետո կառավարությունը սկսեց ճանապարհներ կառուցել, կհիշեք Ասկերանի ասֆալտը, և բնակարաններ կառուցել, ես զգացի, որ վտանգը մոտենում է։ Եվ այդպես էլ եղավ», – հիշում է Լուսինեն։

Լուսինեն և իր ամուսինը՝ Մհերը, պլանավորում են ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի շրջանակներում տուն գնել Գորիսում կամ Սիսիանում և ամեն ինչ սկսել զրոյից։ «Հոգնել ենք վարձ վճարելուց, մարդ պետք է մի սեփական անկյուն ունենա», ասում է նա, «ամուսնուս ծանր աշխատանքի գումարին ավելացնում ենք երեխաների նպաստից եւ բնակվարձ տալիս: Մեծ քաղաքներում ապրել չեմ ուզում, ես իմ հավերը, կովերը, սեփական այգի պետք է ունենամ»:

Չնայած այս բոլոր դժվարություններին, Լուսինեն չի ընկճվում եւ անգամ աշխատել է հասցնում. «Միջոցառում էր, ինչ-որ խաչքար էին տեղադրում, կանչեցին, որ գնամ ժենգյալով հաց թխեմ: Թխեցի, թողեցի` եկա: Ես ոչ մեկից օգնություն չեմ խնդրում, շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ արել են ինձ համար: Աառնարան, լվացքի մեքենա, պահարան են տվել, Կարմիր խաչն է օգնել։ Հերիք է, շնորհակալ եմ, մնացածը ինքս կստեղծեմ։ Ես նույնիսկ երեխաներին հիվանդանոց չեմ տանում, բուժում եմ ժողովրդական ավանդույթներով։ Էն օրը մանկապարտեզի դաստիարակչուհին զանգահարել է, թե երեխան հազում է, շտապ հիվանդանոց տարեք, ոչ ինքն է քնում, ոչ թողնում է մյուսները քնեն: Ի՞նչ հիվանդանոց, երկու շլորի լավաշ, մեկը կրծքին, մեկը մեջքին դրեցի ու փաթաթեցի: Տես հիմա հազ ո՞ւնի», – ինքնագոհ պատմում է Լուսինեն։ Իրոք, երեխան իր համար աշխույժ խաղում էր շան հետ (բոկոտն)։

Լուսինեն չի հավատում հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղությանը, որի մասին այդքան շատ են խոսում Հայաստանում այսօր։ «Ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, – վստահ ասում է նա, – ես այստեղ տեսնում եմ նույն նշանները, ինչ Արցախում։ Այն ժամանակ էլ մեզ “զարմացնում” էին նոր ճանապարհներով, շինարարություն և եւ այլն, բայց վերջում տեսանք, թե ինչ պատահեց։ Չզարմանաք, եթե մի օր Երասխ հասնեն, չզարմանաք, եթե մի օր մենք, լավագույն դեպքում, Ամերիկա կամ Ֆրանսիա հայտնվենք», – ասում է Լուսինեն։

Տեղացիները նույնպես անորոշ են նկարագրում իրավիճակը։ Մեկ ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, մեկ հակադարձում, որ հնարավոր է՝ պատերազմ լինի։ «Գուցե Փաշինյանը կարողանա ինչ-որ բան անել, գուցե՝ ոչ», – ասում է տիկին Սեդան և պատմում իր փեսայի հետ պատահած ողբերգական պատմությունը։

«Գնաց ու չեկավ…», – արցունքները  սրբում է տիկին Սեդան։ «Սարսափելի այդ լուրը ստացանք հոկտեմբերի 13-ին։ Դրանից առաջ նա զանգահարել էր և հորդորել, որ երեխաներին լավ նայենք: Մի դրոշ են բերել մենակ, ասում են ԴՆԹ-ն համընկել է,  չգիտենք։ Ո՞վ է հավատում, որ մենք հավատանք։  Այնքան երիտասարդներ գնացին… Եթե հանձնելու էր, ինչո՞ւ այսքան ջահելներ կոտորեցին», – հարցնում է նա։

«Դուստրս հիմա չորս երեխաների հետ Գորիսում է ապրում: Ինչպե՞ս կարող է նա միայնակ խնամել չորս երեխաների, որոնցից մեկը առողջական խնդիրներ ունի։ Ենթադրենք կարող է աշխատել, բայց ո՞վ պետք է հոգ տանի երեխաների մասին։ Խնդրեմ, մեկն էլ հարևանուհիս` Վարդուհին, երկու հաշմանդամ երեխաների մայր էլ նա է։ Սահմանամերձ գյուղում ենք ապրում, հենա նրանց խրամատները, բայց պատշաճ ուշադրություն չկա», – ասում է տիկին Սեդան։

Ինչեւէ, ի տարբերություն արցախցիների ու սյունեցիների, քաղաքական գործիչներն ու իշխանությունները լավատեսորեն են տրամադրված Հայաստանի հարավի և առհասարակ տարածաշրջանի նկատմամբ։

«Խաղաղությունն այլեւս իրականություն է», – Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ կիսվելով Հայաստան հասած ադրբեջանական վառելիքի մասին տեսանյութով։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարում է, «Թրամփի ուղու» բարելավման մասին։ «Մեկ այլ ներդրում է ԱՄՆ-ի կողմից վերջերս Հայաստանին 145 միլիոն դոլարի նոր օգնության ֆինանսավորումը, որի մեծ մասը կուղղվի TRIPP նախագծի առաջխաղացմանը և սահմանային անվտանգության ու կառավարման բարելավմանը»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս ժամանել է Հայաստան և հայտարարել, որ «Թրամփի ուղին» անհնար է առանց Ռուսաստան, և որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և  ԵԱՏՄ միջև։ Դեռեւս ապրիլին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կփոխի «խաղի կանոնները»։  Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին (կրկին) հայտարարեց, որ Իրանը դեմ է «Թրամփի ուղի» նախագծին, այն որակելով որպես տարածաշրջանային անվտանգությանը լուրջ սպառնալիք՝ պնդելով, որ ծրագիրը պարզապես «Զանգեզուրի միջանցքի» վերանվանված տարբերակն է։

Իսկ գետնի վրա տեղի է ունենում այն, որ հայ-իրանական սահմանը հսկում է Ռուսաստանի ԱԴԾ-ն, իրանական վառելիքի ցիստեռնները գալիս-գնում են, շինարարական ընկերությունները ներգրավված են Սյունիքում ճանապարհաշինարարական աշխատանքներին, այստեղ է տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը, Թուրքիան և Ադրբեջանը երկաթուղային գծերը հասցրել են Հայաստանի սահման, իսկ հայկական մասում խորհրդային ժամանակներից ի վեր կայանված են ժանգոտած գնացքների վագոնները։

Ինչպե՞ս են այսքան գերտերություններ ընդհանուր լեզու գտնելու փոքր մի պրովինցիայում։ Դժվար է ասել, թե ապագայում ինչպիսի էկլեկտիկ պատկեր կստեղծվի այս ամենից, եթե ստեղծվի իհարկե։

Մարութ Վանյան

Նյութի բնօրինակն անգլերեն` The Armenian Mirror-Spectator