Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը նշանակում է Արցախյան հիմնախնդրի փակում

  • 14:58 22.12.2025

«Ստեփանակերտ» մեդիա ակումբի կողմից դեկտեմբերի 18-ին կազմակերպված «ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական փակում․ խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց Մինսկի խմբի ստեղծման պատմությանը, դրա դերակատարությանն Արցախյան հիմնախնդիր լուծման հարցում եւ հետագա անելիքներին։

Քննարկման մասնակիցներն անդրադաձան նաեւ հարցին՝ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը նշանակում է Արցախյան հիմնախնդրի փակում: Եթե այո, ապա ինչպես դա կանդրադառնա Արցախից բռնատեղահանվածների անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության վրա, իսկ եթե Արցախի հարցը չի փակվում, ապա ի՞նչ հեռանկարներ կան արցախցիների քաղաքական իրավունքների հարցն օրակարգում պահելու համար։

ՀՀ իշխանություններն այս փուլում հայտարարում են, թե Ղարաբաղյան շարժման էջը փակում են, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ընդհանուր առմամբ փակել փախստականների վերադարձի հարցերը, սակայն արցախցիները պնդում են, որ իրենց  վերադարձի իրավունքը միջազգայնորեն ամրագրված իրավունք է։

Քննարկման բանախոսների կողմից նախ պատմական էքսկուրս կատարվեց Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Նշվեց, որ ՄԽ ստեղծումն արդեն իսկ փաստումն էր այն բանի, որ Արդբեջանն ընդունում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական  կարգավիճակի խնդիրը, եւ, ըստ այդմ էլ, այդ տարածքն առնվազն վիճելի տարածք էր համարվում։ Մինսկի խմբի ստեղծման պահին Հայաստանն ու Ադրբեջանն էին համարվում հակամարտող կողմեր, իսկ Արցախը սկսել է հակամարտող կողմ ճանաչվել 1993 թվականի սեպտեմբերից, ինչն ամրագրվել է 1994-ին։

Երբ այս տարվա սեպտեմբերին պարզ դարձավ, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, արցախյան 80-ից ավելի ՀԿ-ներ նամակով դիմել են ԵԱՀԿ-ին՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արցախն արդեն ճանաչված է հակամարտող կողմ, եւ Արցախի կարծիքն էլ պետք է հաշվի առնվի Մինսկի խմբի լուծարման հարցում։ Բայց արցախցիների կարծքին այս հարցում հաշվի չառան փաստացի, եւ Մինսկի խումբն այս տարվա դեկտեմբերի 1-ին լուծարվեց՝ ՀՀ եւ Ադրբեջանի իշխանությունների դիմումի հիման վրա։

Քննարկման ժամանակ ոչ հեռանկարային համարվեց ՀՀ իշխանությունների կողմից Արցախի էջը փակելու փորձը, ավելին՝ խիստ կարևորվեց իրավունքի պահպանման հարցը, օրինակ բերվեց նույն Ադրբեջանը, որը մոտ երեք տասնամյակ արդիական պահեց իրավունքի հարցը և ի վերջո հասավ իր նպատակին։ Ըստ այդմ էլ քննարկման մասնակիցները փորձեցին ի մի բերել արցախցիների անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության առկա ռեսուրսները, ինչպես նաև հիմնախնդրի միջազգայնացման հեռանկարները։

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Ստեփանակերտի մամուլի ակումբի գրասենյակ 2013 թվականին