
Փաշինյանը տարիներ շարունակ փորձում է հանրությանը համոզել, թե Հայաստանը «շարժվում է դեպի Արևմուտք»։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ այդ հայտարարությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլ նաև ծառայում են մեկ այլ նպատակին՝ քողարկել Հայաստանի շարունակական և խորացող կախվածությունը Ռուսաստանից։
Վերջին այցը Սանկտ Պետերբուրգ այդ ստի հերթական ապացույցն է։ Այն տեղի ունեցավ մի փուլում, երբ պաշտոնական Երևանը խոսում է «արևմտյան վեկտորի» մասին, սակայն գործնականում շարունակում է մնալ թուրք-ռուսական քաղաքական օրակարգի շրջանակներում։ Եթե Հայաստանը իրականում դուրս գար ռուսական ազդեցության դաշտից, նման այցերն այս ձևաչափով պարզապես չէին լինի։
Այսպես կոչված «արևմտյան ուղղությունը» չի արտացոլվում որևէ իրական ռազմավարական հարաբերության մեջ։ Հայաստանը չունի Արևմուտքի հետ անվտանգության, ռազմական կամ քաղաքական պարտավորություններով ամրագրված դաշինք։ ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ առանձին եվրոպական պետությունների հետ ստորագրված փաստաթղթերը հիմնականում խորհրդատվական կամ տեխնիկական բնույթ ունեն և չեն ստեղծում անվտանգության իրական երաշխիքներ։ Այս ֆոնին «արևմուտք գնալու» խոսույթը մնում է դատարկ հռետորաբանություն։
Հայ-ռուսական հարաբերությունների իրական ճարտարապետության հիմքը մինչև այսօր մնում են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Այդ պայմանագրերով է ձևավորվել այն համակարգը, որի մեջ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ որպես ռուս-թուրքական պայմանավորվածությունների օբյեկտ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այդ համակարգը ոչ թե կոտրվել է, այլ պահպանվել և նույնիսկ ամրապնդվել և դեպի թուրքական գնացել։
Վերջին տարիներին ռուս-թուրքական պայմանավորվածությունները մտել են նոր փուլ։ Այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից բխում է, որ Ռուսաստանը աստիճանաբար դուրս է գալիս Հայաստանից՝ տարածաշրջանը թողնելով թուրքական ազդեցության ներքո։ Սա չի նշանակում Հայաստանի ազատում ռուսական կախվածությունից, այլ պարզապես վերահսկողության փոխանցում մեկ կենտրոնից մյուսին։
Արևմուտքը, իր հերթին, առաջնորդվում է հիմնականում մարդավարական և աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից նվազեցնելու նպատակով։ Հայաստանի գործող իշխանությունների օբյեկտային և պարտվողական վարքագծի պայմաններում Արևմուտքը փաստացի հաշտվում է ռուս-թուրքական «հանձնում-ընդունման» այս գործընթացի հետ՝ չտեսնելով Երևանում ինքնուրույն քաղաքական կամք և սուբյեկտայնություն։
Այս նույն տրամաբանությամբ է պետք դիտարկել նաև «Ռուսաստանի հիբրիդային պատերազմը Նիկոլ Փաշինյանի դեմ» թեզը։ Այդ թեզի քողի ներքո եվրոպական որոշ շրջանակներ, այդ թվում՝ Կայա Կալասի մակարդակով, ֆինանսական աջակցություն են տրամադրում իշխանությանը՝ իբր թե «ռուսական ագրեսիային դիմակայելու» համար։ Մինչդեռ իրականությունը այլ է․ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը միշտ էլ գոյություն ունի, բայց այն ուղղված չէ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ և վերջի 5 տարիների ընթացքում իրականացվում է հենց ռուս-թուրքական գործիք դարձած այս իշխանության ձեռքերով։
Արևմուտքը կվերանայի իր դիրքորոշումը և իրական աջակցություն կցուցաբերի Հայաստանի թուրքացումը կանխելու գործում միայն այն դեպքում, երբ կկայանան մի քանի փոխկապակցված պայմաններ։
Առաջինը՝ Հայաստանում պետք է ձևավորվի սուբյեկտային իշխանություն և արդար պետական համակարգ, որը կգործի ազգային շահերից ելնելով, ոչ թե արտաքին կենտրոնների սպասարկման տրամաբանությամբ։
Երկրորդը՝ Ռուսաստանը պետք է վերջնականորեն հեռանա Հայաստանից՝ ոչ ձևական, այլ ինստիտուցիոնալ մակարդակով։
Երրորդը՝ Իրանը և Վրաստանը պետք է աստիճանաբար շարժվեն ավելի արևմտյան ուղղվածության քաղաքականության, ինչը կփոխի ամբողջ տարածաշրջանային հավասարակշռությունը։
Եվ չորրորդը՝ Թուրքիան պետք է դառնա ռազմաքաղաքական բեռ Արևմուտքի համար, այլ ոչ թե օգտակար գործընկեր։
Այս չորս պայմանները փոխկապակցված են, փոխլրացնող և լիովին կանխատեսելի։
Բայց առաջնայինը՝ Հայաստանում ազգային իշխանափոխության խնդիրն է, որը շատ բան կփոխի և նոր կարգավիճակ կտա Հայաստանին։
Մինչ դրանք չեն իրականացել, «արևմուտք գնալու» մասին խոսքերը կմնան ընդամենը քաղաքական մանիպուլյացիա, իսկ Հայաստանը՝ ռուս-թուրքական գործարքների զոհ և գնալով ավելի կդառնա թուրքական ֆորտպոստ։