
Այս տարվա վերջին նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց արցախցիների աջակցության երկու նոր ծրագիր և մեկ տարով երկարաձգեց երկու գործող ծրագրերը։ Մենք արդեն գրել ենք, որ չնայած որոշ բարելավումների, ծրագրերը դժգոհություն են առաջացրել արցախցիների մեծամասնության մոտ, քանի որ դրանք չեն վերաբերվում բոլորին և չեն լուծում երկարաժամկետ խնդիրները։ Դրանք հիմնված են ոչ թե արցախցիների կարիքների գնահատման, այլ կարճաժամկետ խնդիրների լուծման քաղաքականության վրա։
Արցախցիները նշում են, որ պարտքով վերցված և արցախցիներին հատկացվելիք միջոցները ավելի լավ կլիներ ծախսել արցախցիների համար սոցիալական բնակարանների և էկոնոմ-դասի բնակարանների կառուցման վրա։ Կասկած չկա, որ եթե կառավարությունը ներկայացներ մի նախագիծ, որը երկու-երեք տարվա ընթացքում արցախցի ընտանիքներին կապահովեր սեփական տներով, շատերը կգտնեին իրենց մեջ ուժ՝ գոյատևելու այս ժամանակահատվածում և չարտագաղթելու։
Այնուամենայնիվ, արցախցիների համար երկարաժամկետ և համապարփակ աջակցության ծրագրերի բացակայությունն ունի իր պատճառները։
Կառավարության պատճառաբանությունը Հայաստանում «ղարաբաղյան գետտո» ստեղծելու աննպատակահարմարությունն է։ Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչ վատ կլինի, եթեարցախցիներն ապրեն առանձին տարածքներում՝ պահպանելով իրենց ինքնությունն ու իսկությունը։
Ակնհայտ է, որ խնդիրը «գետտոն» չէ, այլ այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը չունի երկարաժամկետ ռազմավարություն Արցախի ժողովրդի համար: Չնայած Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը ասում են, որ միակ «ռազմավարությունը» արցախցիների «նատուրալիզացիան» և ինտեգրումն է, նրանք նույնպես հասկանում են, որ սա ժամանակավոր միջոց է: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան հանգամանքները՝ ինչպիսին կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ճակատագիրը, ինչպես կփոխվի աշխարհաքաղաքականությունը «ուկրաինական կարգավորման» դեպքում, և գործող կառավարիչներից ով կպահպանի իշխանությունը: Հետևաբար, ոչ ոք երկարաժամկետ նախագծեր չի հետապնդում և քաղաքական պարտավորություններով իրեն չի ծանրաբեռնում:
Ինչպես նշել են լրատվամիջոցները, կառավարության անդամները արցախցիներին անվանում են «տեղահանված հայրենակիցներ», և այս ամորֆ արտահայտությունը ենթադրում է, որ արցախցիների կարգավիճակը Հայաստանում անորոշ է:
Հայաստանում գտնվող արցախցիները չեն ճանաչվում որպես փախստականներ, քանի որ բոլոր արցախցիները ունեն կապույտ հայկական անձնագրեր, իսկ Արցախը, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի մաս է կազմում: Չնայած Հայաստանի կառավարությունը պնդում է հակառակը, Ալիևը բազմիցս հիշեցնում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ:
Միևնույն ժամանակ, Հայաստանում արցախցիները չեն ճանաչվում որպես «ներքին տեղահանված անձինք», քանի որ դա կնշանակեր Արցախը պաշտոնապես ճանաչել որպես Հայաստանի մաս։
Արցախիները Հայաստանում նույնիսկ չեն ճանաչվում որպես «բռնի տեղահանված անձինք», քանի որ դա կպահանջեր, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացված ագրեսիան: ՀՀ կառավարությունը դեռևս քաղաքական գնահատական չի տվել 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ։
Այսպիսով արցախցիները ՀՀ-ում միջազգայնորեն ճանաչված ոչ մի կարգավիճակ չունեն, ինչը նշանակում է, որ պետության վերաբերմունքը նրանց նկատմամբ կախված է ոչ թե միջազգային կամ ներպետական օրենսդրությունից, այլ նուրբ ներքաղաքական հավասարակշռությունից. կառավարությունը կօգնի արցախցիներին այնքանով, որքանով քաղաքական ճնշում կզգա արցախցիների, միջազգային հանրության և ազգային ուժերի կողմից։
Առավել ևս, որ Հայաստանում ընտրություններ են վեց ամսից, և ոչ ոք չի կարող կանխատեսել ներկայիս կառավարության ճակատագիրը: Մեր տեղեկություններով՝ արցախցիներից շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի համապատասխան գործողությունների ծրագիր և պահանջներ մշակեն։
Բայց անկախ ծրագրից, արցախցիները նախևառաջ պետք է պահանջեն քաղաքական և իրավական իրենց կարգավիճակի ճանաչումը որպես ներքին տեղահանված անձինք Հայաստանում: Այս կարգավիճակին համապատասխան էլ պետք է մշակվեն սոցիալական և իրավական երաշխիքներ՝ փոխհատուցում և այլն։