
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մեծ մշակութային միջոցառումը։
Ժամը 12:00-ից այցելությունների համար բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են բռնատեղահանումից հետո իրենց գործունեությունը ՀՀ-ում վերսկսած արցախյան ընկերությունների աշխատանքները, ինչպես նաև մշակութային կոլեկտիվների ստեղծագործական ներկայացումները։ Ժամը 18։00-ին նախատեսված է շքեղ համերգ՝ Արցախի համույթների, ինչպես նաև հատուկ հյուրերի մասնակցությամբ։
Միջոցառումն ունի բացառապես մշակութային և հասարակական բնույթ և նպատակ ունի պահպանել, ներկայացնել ու փոխանցել արցախյան մշակութային ժառանգությունը, նշում են կազմակերպիչները։
Ցուցահանդեսին մասնակցող արցախցիները step1.am-ի հետ զրույցում ասացին, որ թեեւ բռնի տեղահանումից հետո մեծ դժվարություններ են կրել, սակայն վերսկսել են իրենց աշխատանքը Հայաստանում։ Ցուցահանդեսին ներկայացված են ձեռներեցությամբ զբաղվող տարբեր ընկերություններ ու անհատներ, ինչպես նաեւ արվեստագետներ ու ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։
Միջոցառման կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանի խոսքով՝ փորձում են այսպիսով ապահովել Արցախի մշակույթի ու բարբառի պահպանությունը։
«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, այսօր Նախիջեւանում չունենք պահպանված հայկական որեւէ բան, բայց Արցախում դեռ կա։ Մենք պետք է լինենք պահանջատեր ու ասենք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն այսօր թշնամու կողմից ոչնչացվում է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք կանք եւ շարունակում ենք մեր պայքարը, Արցախը հայկական է, անկախ նրանից, որ այսօր այն գերեվարված է»,- ասաց Արտակ Մկրտչյանը։