Ամուսիններով ծառայում էին ԱՀ ՊԲ-ում

  • 17:52 19.01.2026

2023-ի սեպտեմբերի 19-ին Աննան զորամասում էր։ Գիշերային հերթապահությունից հետո պատրաստվում էր տուն գնալ։ Այդ օրն ասես սիրտը վատ բան էր զգում։ Շտապում էր րոպե առաջ հասնել տուն, որտեղ սպասում էին երեխաները։ Ամուսիններով ծառայում էին ԱՀ ՊԲում։

Աննան չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն

-Մի օր առաջ արդեն կասկածներ ունեինք, որ թշնամին կրկին ինչ որ բան է ձեռնարկում, քանի որ զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ էինք նկատում։ Սիրտս կանխազգում էր, սակայն փորձում էի ինձնից ցրել վատ մտքերը։ Առավոտյան ինձ փոխարինող կապավորին ասացի, որ ուզում եմ շուտ գնալ տուն։ Անգամ իրար հետ մի բաժակ սուրճ չխմեցինք, ինչը անում էինք մշտապես։

Հասա տուն, մի քանի րոպե հետո սկսվեցին հրետակոծությունները։ Ստեփանակերտը հրետակոծվում էր․ տարբեր տեղերից լսվում էին պայթյունների ձայները, իսկ թիրախը ռազմական օբյեկտներն էին։ Կապը կորել էր, չէի կարողանում խոսել ամուսնուս հետ, իմանալ տեղը։ Լսում էինք զոհերի, շրջաններից մարդկանց տարհանման մասին։

Թշնամին առաջին ծանր ռումբը գցեց իմ զորամասի՝ ՊԲ-ի բունկեր կոչվող օբյեկտի վրա, որտեղ այդ պահին գտնվում էր նաև իմ ամուսինը։ Նա ու իր ծառայակից ընկերները զոհվել են տեղում։ Իմ ծառայակից կապավորներից զոհվել են 3 հոգի ու վիրավորվել 5-ը, որոնց թվում կային նաև կանայք։ Կյանքս փրկվել է միայն այն պատճառով, որ ես շտապել եմ տուն, որովհետև նրանք, ովքեր հերթափոխի ընթացքում մնացել են մի քիչ զրուցելու և սուրճ խմելու, զոհվել են ռմբակոծության ժամանակ։

Ավետիք Աշոտի Օհանյանը 17 տարեկանից էր ծառայում։ Նախ, որպես կամավոր, միացել էր Քրիստափոր Իվանյանի խմբին, ապա 1993 թվականից՝ որպես հրետանավոր, ծառայում էր ՊԲում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցություն է ունեցել Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի համար մղվող մարտերին։ Մասնակցել է 2016, 2020 թվականների պատերազմներին։ Վերջին տարիներին ծառայությունը շարունակում էր ԱՀ ՊԲ շտաբի ինժեներական խմբում։ Ավելի քան 35 տարի նա անմնացորդ նվիրված էր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Աննան չի հանդարտվում

-Ամուսինս առաջին անգամ է մտել այդ զորամասը, և այն ճակատագրական եղավ նրա համար։ Միշտ ասում էր՝ ամենավտանգավոր տեղը հենց բունկերն է, այն թշնամու համար միշտ թիրախ է։ Եվ հենց այդտեղից էլ սեպտեմբերի 19-ին թշնամին սկսեց ռմբակոծությունը։ Երբ պատերազմն սկսվեց, Ավոն շտաբում էր։ Հրահանգվեց գնալ բունկեր։ Առաջին անգամ ոտք դրեց այնտեղ ու զոհվեց ընկերոջ հետ։

Չորս օր շարունակ փնտրում էի նրա մարմինը․ սկզբից դիահերձարանում, ապա՝ հիվանդանոցներում։ Սեպտեմբերի 24-ին ինձ ասացին, որ դիահերձարանում 2 անճանաչելի մարմին կա։ Գնացի․ հարյուրավոր դիակներ կային։ Մեկ առ մեկ նայեցի, հետո մոտեցա բոլորովին անճանաչելի դարձած մարմիններին։ Ճանաչեցի․․․ Դագաղ չէինք գտնում։ Որոշ ժամանակ հետո Հայաստանից դագաղներ ուղարկեցին։

Ամուսնուս հուղարկավորեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, որտեղ նույն պահին հողին էին հանձնվում տասնյակ հայորդիների աճյուններ։ Այս պահին անգամ սարսռում եմ, երբ հիշում եմ։ Տեսարանը ծանր էր, հիշողությունից երբեք չջնջվող։ Մարդկանց ողբը մինչև երկինք էր հասնում, աշխարհը երես էր թեքել մեզանից։

Նույն օրն արդեն հրահանգվել էր թողնել Արցախը։

Աննան ծանրացած սրտով երեխաների և ամուսնու հոր հետ սեպտեմբերի 24-ի երեկոյան բռնեցին գաղթի ճանապարհն ու հասան Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը, որտեղ ապրում էր ավագ դստեր՝ Արևի ընտանիքը։ Ուրիշ տեղ չունեին գնալու։

-Հաստատվեցինք Մեծամորում ու մեր համար սկսվեց նոր, անասելի դժվար կյանք՝ առանց Ավետիքի։ Աղջիկներս շատ էին կապված հոր հետ։ Մեր ընտանիքում միշտ ջերմ մթնոլորտ էր, բոլորս իրար հասկանում էինք կես խոսքից։ Ավետիքը հանդարտ, շատ բարի ու համեստ անձնավորություն էր։ Երբեք ոչ մեկին մի ցուրտ խոսք ասած չկա։ Ճակատագիրը շատ դաժան է գտնվել նրա հանդեպ։ Երեք եղբայր ու մի քույր էին։ Միջնեկ եղբայրը դիպուկահարի կրակոցից տարիներ առաջ զոհվել է մարտական դիրքում, իսկ քույրը մահացել է անբուժելի հիվանդության պատճառով։ Սկեսրայրս չդիմացավ Ավոյի ու Արցախի կորստի ցավին։ Տեղահանվելուց ամիսներ հետո կնքեց իր մահկանացուն։

Այժմ փորձում ենք ոտքի կանգնել։ Աղջիկներիս հետ ապրում եմ մեկ սենյականոց բնակարանում։ Շատ դժվար է, սակայն հանուն ամուսնուս հիշատակի փորձում եմ հավաքել բոլոր ուժերս, որ կարողանամ դստրերիս տեր կանգնել, նրանց հասցնել իրենց նպատակներին։ Երեխաներս սովորում են Երևանում, և իհարկե, շատ դժվար է ամեն օր գնալ, գալը։ Ֆինանսապես ի վիճակի չեմ Երևանում տուն վարձակալել, քանի որ տների գները շատ բարձր են։ Արդեն ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն և ցանկանում եմ հավաստագորվ տուն ձեռք բերել, սակայն չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք։ Ուզում եմ Երևանի հարակից բնակավայրերում տուն գնել, որ երեխաներիս համար հեշտ լինի սովորել ու աշխատել։ Միջնեկ աղջիկս՝ Մարիաննան, ուսման հետ համատեղ նաև աշխատում է, իսկ կրտսերը՝ Օքսաննան, սովորում է քոլեջում։

Մեր միակ սփոփանքի վայրը, որտեղ կարող ենք Ավոյի հետ լինել, դա Եռաբլուրն է ու այնտեղ մեր տղաների հիշատակին կառուցված <<Արցախի կանչ>> հուշակոթողը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ