
Հունվարի 22-ին, հինգշաբթի օրը, Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) Բունդեսթագի նախկին անդամ Ակսել Ֆիշերին մեղավոր ճանաչեց «Ադրբեջանի գործով» կաշառակերության մեջ և դատապարտեց նրան մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Ֆիշերին նաև պարտավորեցրին վճարել 32,000 եվրո՝ 20,000 եվրո որպես կաշառքի մասնակի փոխհատուցում և ևս 12,000 եվրո որպես նվիրատվություն «Die Stiftung Opferhilfe» հիմնադրամին, որը աջակցում է հանցագործությունների զոհերին։ Նրան նաև արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել հաջորդ երկու տարիների ընթացքում։
Դատախազությունը պահանջել էր մեկ տարի և ութ ամիս պայմանական ազատազրկում և 100,000 եվրո տուգանք, մինչդեռ պաշտպանությունը պահանջել էր արդարացում։
Մյունխենի դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը վճարումներ է ստացել Ադրբեջանից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այդ երկրի շահերը առաջ մղելու համար։ Մասնավորապես, 2016 թվականին ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քվեարկության ժամանակ նա իր ելույթում Բաքվի օգտին դիրքորոշում է արտահայտել, ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ ԵԽԽՎ-ում իր աշխատանքի ընթացքում նա նաև բազմիցս գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Բաքվի ներկայացուցիչներին։
Դատավճիռը հիմնավորելիս նախագահող դատավորը նշել է, որ Ֆիշերը 79,000 եվրոյի չափով կանխիկ վճարումներ է ստացել ոչ ուշ, քան 2011 թվականի սկզբին։ Սակայն Ադրբեջանից վճարումները պատժելի են դարձել միայն 2014 թվականի սեպտեմբերին նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո։ Հենց այս գումարն է հիմք հանդիսացել Մյունխենի Բարձրագույն տարածաշրջանային դատարանի որոշման համար։
Ակսել Ֆիշերը մշտապես հերքել է իր մեղքը, իսկ նրա փաստաբանները մեղադրել են դատախազությանը միակողմանի հետաքննություն անցկացնելու մեջ։ Քանի որ նախկին պատգամավորը երկար ժամանակ չէր ներկայանում դատական նիստերին, նա կալանավորվեց 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Դատարանը պարզեց, որ քաղաքական գործիչը փորձում էր չեղյալ հայտարարել իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ հղում անելով վաղեմության ժամկետի ավարտին։
«Transparency International» (TI) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հայտարարել է, որ Ակսել Ֆիշերի դատապարտումը «կմտնի իրավական պատմության նեջ»։ «Սա առաջին դեպքն է, երբ Բունդեսթագի նախկին անդամը մեղավոր է ճանաչվում խորհրդարանական մանդատ զբաղեցնելու ընթացքում կաշառք ստանալու մեջ», – հայտարարել է TI-ն։
Նույն գործով, 2025 թվականի հուլիսին, Բունդեսթագի նախկին Քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինտները դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ կաշառակերության համար։