
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարբաղում) բնակվող 10 հայ և մեկ ռուսական ծագում ունեցող ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Այդ դիմումների հիման վրա այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», – իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Հայտարարությունը արվել է «խաղաղ» տոնով՝ ընդգծելով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ Արցախը ներառյալ “ճանաչումը”։ Ավելին, հայտարարության մեջ Արցախից տեղահանությունը որակվել է որպես սովորական տեղափոխություն, ինչը հիմնովին հակասում է իրականությանը։
«Արցախը Ադրբեջան չէ, և Արցախից չեն տեղափոխվել, այլ բռնի տեղահանվել են», – նշում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Արցախցիները իրենց տները լքել են ոչ թե քմահաճույքի պատճառով, ինչպես փորձում են ներկայացնել ներկայիս հայկական իշխանությունները և նրանց ենթակա կառույցները, այլ էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի հետևանքով։ Նրանք, ովքեր մնացել էին, քանի որ չէին կարողանում լքել իրենց հայրենիքը, հետագայում ենթարկվել են հանրային պարբերաբար նվաստացման և բռնության, ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում տեղադրված տարբեր տեսանյութերը։
Մասնավորապես, համացանցում հաճախ հայտնվում էին տեսանյութեր, որտեղ Ֆրեդ Հայրապետյանը՝ հոգնած և գլուխը կախ, քայլում էր Ստեփանակերտի փողոցներով, մինչդեռ անցորդները ծաղրում էին նրան՝ ստիպելով նրան Ղարաբաղը անվանել ադրբեջանական հող։
Ֆրեդը 67 տարեկան է։ Նա ծնվել է մտավորականների ընտանիքում։ 1988 թվականին նա և իր ընտանիքը բռնի կերպով տեղահանվել են Ադրբեջանից։ Նա բնածին հաշմանդամություն ունի։ Ծնողների և եղբայրների մահից հետո նա մնացել է լիովին մենակ և դիմել է ալկոհոլիզմի։ Նա ապրում էր Սարյան փողոցում՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի կողքին։
Ֆրեդը սիրում էր քայլել Ստեփանակերտի փողոցներով և շփվել տեղացիների հետ, ովքեր նրան վերաբերվում էին ջերմությամբ և հոգատարությամբ։
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները Ֆրեդին առաջարկել էին իրենց հետ լքել Արցախը, սակայն նա հրաժարվեց և նախընտրեց մնալ հայրենիքում։
«Ճանաչելով նրան՝ կարելի էր ենթադրել, որ նա վախենում էր հայտնվել ծերանոցում կամ որևէ այլ խնամքի հաստատությունում։ Նա սիրում էր ազատությունը, և նրա տունը Ստեփանակերտի փողոցներն էին, որտեղ նրան կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի», – ասում են Ֆրեդի հարևանները։
Անկախ նրանից, թե ինչպես են փորձում ջնջել պատմությունը, Արցախյան հարցը մոռացված կամ փակված չէ, ինչի մասին վկայում են ինչպես հայ բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» ֆոնին տարբեր միջազգային ֆորումներում ձեռնարկված քայլերը։
Արսեն Աղաջանյան