Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը շարունակում է մնալ ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի խնդիրներից մեկը։ Տասնյակ հազարավոր տեղահանվածներ բախվում են աշխատանքի հասանելիության, մասնագիտական անհամապատասխանության և սոցիալական խոցելիության խնդիրների։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ և՛ պետական քաղաքականության հնարավոր ուղղությունները, և՛ հանրային ընկալումները դրանց վերաբերյալ։
Այդ նպատակով՝ «ՀՀ կառավարությունը պե՞տք է, արդյոք, միջամտի աշխատաշուկային Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության թեմայով» հարցում է իրականացվել, որը հրապարակվել է «ՍիվիլՆեթ» լրատվականում: Հարցումը կցված էր Հայկ Խանումյանի «Դժվար, բայց հնարավոր. ինչպես լուծել Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը» հոդվածին:
Հոդվածում որպես զբաղվածության ծրագրերի արդյունավետության հիմնական խնդիրներ նշվում էին՝
· Սահմանափակ թվով տեղահանվածների ընդգրկումը զբաղվածության ծրագրերում: Շահառուներ են համարվում միայն բնակարանների գնման հավաստագիր ստացած և առնվազն վերջին երեք ամսում գործազուրկ անձինք
· սեփական գործ սկսելու համար փոխառու միջոցներ գտնելը
· Երևանից դուրս, հատկապես աղքատ մարզերում, աշխատատեղերի քրոնիկ պակասը:
Հոդվածագիրն առաջարկել է հետևյալ լուծումները՝
· մարզերում խոշոր ներդրումային ծրագրերի և տեղական բիզնեսի խթանման ծրագրերի առկայություն
· արցախցիների խնդիրները լուծելու հարցում օտարերկրյա դոնորների ներգրավում
· արցախցիների համար տնտեսական կամ զբաղվածության ծրագրեր մշակելիս արցախցիների կարծիքների հաշվի առնում:
Հարցման արդյունքները
Հոդվածի հրապարակումից հետո անցկացված հարցմանը մասնակցել է շուրջ 1,000 բռնատեղահանված, ինչը ցույց է տալիս հանրային կարծիքի բավականին հստակ պատկեր։
Հարցման պատասխանները հետևյալ կերպ են բաշխվել՝
-
65 % – կառավարությունը պետք է բիզնեսի խթանման ծրագրեր իրականացնի
-
33 % – հարցը պետք է լուծվի աստիճանաբար, բնականոն ճանապարհով
-
2 % – այլ մոտեցում
65 տոկոսի աջակցությունը պետական միջամտությանը փաստում է, որ հանրությունը ակնկալում է պետությունից ոչ թե պասիվ դիտորդի, այլ ակտիվ կարգավորողի և աջակցողի դեր։
Միաժամանակ, 33 տոկոսի դիրքորոշումը ցույց է տալիս նաև հակառակ մտահոգությունները, այսինքն այն, որ շուկան պետք է բնականոն զարգանա, որպեսզի դրա ընթացքը չխաթարվի: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե «բնականոն» լուծումը չի՞ պահանջի տարիներ՝ խորացնելով աղքատությունն ու սոցիալական լարվածությունը։
2 տոկոսի մեջ ներառված են այլ մոտեցումներ. դրանց մասին օգտատերերը մեկնաբանություններ բաժնում են արտահայտել իրենց կարծիքները: Հարցվածներից Մարինե Մուսայելյանն, օրինակ, նշում է. «Լավ կլիներ, որ կառավարությունը նորմալ ծրագրեր մտածեր տեղահանվածների համար, որովհետև եղած ծրագրերը ուղղակի ծրագրեր են ծրագրերի համար, բայց պետք են ավելի արդյունավետ ու երկարաժամկետ ծրագրեր»:
Մասնակիցներից մեկն էլ այն կարծիքին է, որ կառավարությունը եթե իր գործով զբաղվի, ապա բիզնեսն ու շուկան ինքնըստինքյան կզարգանան:
Եզրակացություն
Հարցման տոկոսային հարաբերակցությունը ցույց է տալիս, որ տեղահանվածներն ակնկալում են խելամիտ և հաշվարկված միջամտություն կառավարության կողմից, որը չի խաթարի շուկան, այլ կօգնի հաղթահարել ստեղծված մարտահրավերները։
«Ստեփանակերտ» մեդիա ակումբ