
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ այցի շրջանակում կենտրոնանալով տարածաշրջանում առևտրի, ներդրումների և ենթակառուցվածքների վրա։ Այցի առանցքում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP), այն նախատեսում է 43 կիլոմետրանոց ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի Հայաստանի տարածքով։
Թեկուզ նշվում է, որ այն կբացի “նոր՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արևելք–արևմուտք առևտրային ուղի”, իրականում արդեն քննարկվում է Ռուսաստանի մասնակցությունը այդ ճանապարհին: Իսկ ԱՄՆ-Իրան բանակցություններից կախված հնարավոր կլինի խոսել նաև Իրանի մասնակցության մասին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԱՄՆ-ը կարծես այդքան էլ հակված չէ ճանապարհը փոխանցել Թուրքիային և այդ երկիրը դարձնել Մեծ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի “մետրոպոլիա”։
Այդ առումով վերլուծաբանները դժվարանում են հստակ գնահատել “Թրամփի ճանապարհի” ամերիկյան իրական նպատակները։ Արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանի հարավը դիտարկում է որպես մեծ տարածաշրջանում իր քաղաքականության պլացդարմ։ Եւ արդյո՞ք նվազում է Իսրայելի դերը։
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան Ազատությանն ասել է․ “Տարածաշրջանում շատերը նաև կհետևեն՝ տեսնելու, թե արդյոք Վենսը կազդարարի ԱՄՆ-ի ներգրավվածության խորացում հակամարտության կարգավորման գործընթացում»։
Դոնալդ Թրամփը հունվարի վերջին նշել է. «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»:
Վենսը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան։
Վենսի այցից առաջ Հայաստանը նաև ազդակներ է ուղարկել, որ հակված է ընտրելու ամերիկյան ընկերություն, որը կկառուցի նոր միջուկային ռեակտոր՝ փոխարինելու ռուսական արտադրության արդեն հնացած Մեծամորի կայանը, գրում է Ազատությունը։
Սակայն Հայաստանի քաղաքական ուժերըն արդեն կտրականապես դեմ են արտահայտվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը, նշելով ՀԱԷԿ-ի և էներգետիկ, և քաղաքական ռազմավարական նշանակությունը։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ընտրել են մոդուլային տարբերակը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում. այս տեխնոլոգիայի ոլորտում ամերիկյան ընկերությունները համարվում են առաջատար։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանն առաջարկել է Հաայատսանին նոր ատոմակայան կառուցել։ Նման առաջարկներ եղել են նաև Ֆրանսիայից և Չինաստանից։
ԱՄՆ-ն շահագռգրված է նաև Հայաաստանի օգտակար հանածոներով, որոնք ևս կենտրոնացված են երկրի հարավում։ Քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ լայնություն կունենա Թրամփի ճանապարհը (խոսք կարող է լինել մի քանի կիլոմետրի մասին), ապա հայտնի չէ, թե ո՞ր հանքերը կմնան “ճանապարհի” տարածքում։
Փետրվարի 4-ին Վենսը ներկայացրել է ծրագրեր՝ ԱՄՆ-ի գործընկերներին համախմբելու օգտակար հանածոների համար արտոնյալ առևտրային բլոկի շրջանակում՝ առաջարկելով համակարգված նվազագույն գների սահմանում։ Հանածոների շուրջ 50 ապրանքների խումբ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։։
Այդ հարցով ԱՄՆ նոր նախաձեռնության մեկնարկին Վաշինգտոնում անցկացված միջոցառմանը մասնակցած 55 երկրների թվում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները։