
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը։
Ֆիդանը, ուղիղ եթերում խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային զենքի շուրջ լարվածության համատեքստում, նշել է հետևյալը.
«Այժմ ի հայտ են գալիս սցենարներ, որոնց համաձայն՝ Թրամփի օրոք հատկապես ուժեղացած ամերիկյան նոր անվտանգության դոկտրինի և ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցների համար ավանդական պաշտպանական հովանոցից հնարավոր զրկելու պատճառով, որոշ երկրներ կարող են արագորեն ընտրել միջուկային զենքի ստեղծման ուղին։
Ապագայում ավելի ու ավելի շատ պետություններ, հավանաբար, կսկսեն ձգտել միջուկային զենքի, և դրանք կլինեն ոչ թե Իրանը կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ, այլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի պետությունները»։
Ֆիդանը չի պատասխանել «Պե՞տք է արդյոք Թուրքիան ունենա միջուկային զենք» հարցին։
Միացյալ Նահանգները երկար տարիներ միջուկային զենք է պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքում, սակայն թուրքական կառավարությունը դրանց հասանելիություն չի ունեցել։ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ն իր միջուկային զենքը դուրս է բերել Թուրքիայից՝ տեղակայելով այն Իսպանիայում և այլ բազաներում։
«Միջազգային անվստահությունը» հանգեցրել է նրան, որ Թուրքիան դեռևս չունի գործող ատոմակայան. Ռուսաստանի կողմից ներկայումս կառուցվող Աքքույու ատոմակայանը դեռևս շահագործման չի հանձնվել։
Թուրքիան բազմիցս հրապարակավ պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը Հայաստանում, որը գտնվում է ներկայիս թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Չնայած ինտենսիվ լոբբինգի, Թուրքիան մինչ օրս չի կարողացել հասնել այս նպատակին։ Ավելին, Թուրքիան ատոմակայանի առկայությունը Հայաստանում համարում է ատոմային ռումբի համարժեք։
Երեկ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում ամերիկյան ոճի մոդուլային ատոմակայաններ կառուցելու մասին: Սա ներկայացվեց որպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ (ՀԱԷԿ-ը, որի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, գործում է ռուսական նախագծով ռեակտորով), չնայած Ռուսաստանը ներկայումս անմիջականորեն չի շահագործում ՀԱԷԿ-ը: Արդյո՞ք ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նշանակում է, որ ՀԱԷԿ-ը կփակվի, և արդյո՞ք սա ԱՄՆ-ի «տուրք» է Թուրքիային:
Անկարան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների առկայության վերաբերյալ. ամերիկյան կազմակերպությունների կողմից վերջերս Հայաստանում գերհամակարգիչ բացելու որոշումը (հզոր չիպերի փոխանցման մասին Վենսը հայտարարեց Երևանում) որակվեց որպես սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նույնպես մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ արհեստական բանականության ոլորտում, բայց ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Բաքու կամ Անկարա փոխանցելու մասին խոսք չկա:
Իրանը, իր հերթին, հայտարարեց, որ կարող է ուրանի հարստացումը կրճատել մինչև 60%, եթե ԱՄՆ-ն հրաժարվի պատժամիջոցների քաղաքականությունից: Իրանում ևս ռուսական ՀԷԿ է գործում։