
2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները և հանդես եկան հայտարարությամբ։
Հայտարարության մեջ եպիսկոպոսները աջակցություն են հայտնել Հայաստանւ անկախ պետականությանը, խաղաղությանը և հայ հասարակության համերաշխությանը՝ առանց անդրադառնալու եկեղեցական գույքի, մասնավորապես՝ Արցախում մնացած Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիների հարցին։ Ինչպես հայտնի է, Գարեգին Բ կաթողիկոսի դեմ արշավը սրվել է այն բանից հետո, երբ նա Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Արցախում գտնվող հայկական եկեղեցիներ մուտք գործելու և պահպանության հարցը։
Մինչ Ավստրիայում տեղի էր ունենում եպիսկոպոսների ժողով, որին Գարեգին Բ-ն չէր մասնակցում անհեթեթ քրեական գործի հետ կապված երկրից դուրս գալու արգելքի պատճառով, գրեթե բոլոր քահանաները, ինչպես նաև Գարեգին Բ-ի եղբայրն ու զարմիկը, բանտից տեղափոխվել են տնային կալանքի։ Միայն երկու եպիսկոպոս՝ Բագրատ Սրբազանը և Արշակ Սրբազանը, մնացել են ճաղերի հետևում։
«Մենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության, քսանհինգ եպիսկոպոսներս, ոդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Արհեստականորեն ստեղծված խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը”,ասված է հայտարարությամ մեջ։
Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։
Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝
– դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
– վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
– ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,
– գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից”։
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները հորդորում են խոտորյալ ութ սրբազաններին՝
– գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,
– ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,
– ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։
Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։
Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։
Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Բարին Աստված, բարեխոսությամբ Ս․ Աստվածածնի և ամենայն սրբոց, անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհի, բոլոր ազգերին ու ժողովուրդներին”, ասվում է հայտարարության մեջ։