
«Սումգայիթ»-ից անցել է 38 տարիներ, թվում է, թե դրա քաղաքական նշանակությունը պետք է խամրեր, առնվազն դրա հույսն ունի հայկական կարճամիտ ու ապազգային «քաղաքագիտական» դաշտը։ Սակայն, արի ու տես, որ Մերձկասպյան տարածքներում տաքուկ տեղավորված հակամարդ ռեժիմը անհանգստանում է հենց «Սումգայիթի» համար։
«Խոջալուն», ինչը իրական ներքաղաքական նշանակության հանցանք էր մահմեդական վրացիների հանդեպ, որոնց Խոջալուի ողբերգությունից առաջ էին քշել Միջին Ասիայից դեպի ԼՂԻՄ, շատ բարեհաջող Հեյդար Ալիևի ձեռքով դարձավ հակահայկական գործիք։ Փաստացի Խոջալուի ոճրագործության կազմակերպիչ Հեյդար Ալիևը ողջ հանցանքը վերամշակեց ու փորձեց կախել հայության վզից։ Սրանով նույն «Սումգայիթի» կազմակերպմանն ուղղակի մասնակցություն ունեցած Հեյդար Ալիևը ստեղծեց «Սումգայիթը» ստվերող «պատմություն», ու ոչ միայն ստեղծեց «պատմություն», այլև շատ պարտաճանաչ այդ պատմությունը իր ողջ պետական կազմով դրեց շրջանառության մեջ, ապա և խնամքով փոխանցեց նաև իր ժառանգորդին։
«Սումգայիթ» կազմակերպող ու իրականացնող հանցավոր խումբը պետք է որ հայության կողմից տարվեր «Նյուրնբերգ», բայց դրա իրավունքը և պարտավորությունը ունեցողները Հայաստանում այնքան հեռու էին հայոց ցավից, հայության արժանապատվության պաշտպանության մղումից, ազգային կենսունակության ապահովման ու պահպանման հարցից, որ անգամ չգնահատեցին «Խոջալու» պրոյեկտը ու դրան հետևող այլ սցենարները, ասենք, երբ պարբերաբար «Սումգայիթի» կազմակերպիչ ու տանող հայտարարում էին ինչ-որ Գրիգորյանի։
Այսօր էլ «ադրբեջանական» տարատեսակ քաղաքական գործիչներ, հայկական հարցազրույցներում միանշանակ հանցավոր են հայտարարում հենց Հեյդար Ալիևին, իսկ դուք տեսել ե՞ք, որ ՀՀ դատախազությունը, ՀՀ ԱԱԾ-ն անցկացնեն հետաքննություն, ուզում եք ասել, թե ԱԱԾ-ում քի՞չ նյութ կա։
Այսօր ցեղասպան Բաքվում հայտարարում են «Նյուրնբերգի» մասին, երբ հանցանքների շարանը «Սումգայիթից» հետո բազմապատկվել է, անգամ Արցախն է ցեղասպանվել։ Ու սա նորից Բաքվի վախերի պոռթկում է, նաև ստուգում է, թե արդյո՞ք ՀՀ դատախազության և ՀՀ ԱԱԾ-ի խորը «քունը» չի խախտվում։ Ո՛չ, չի խախտվում…
Միջազգային դատարաններում չպատժված «Սումգայիթը» շարունակում է լինել ցեղասպան Բաքվի համար լակմուսի թուղթ, թե որքանով է հայությունը իր կենսատարածքի այս վերջին բեկորի վրա պահպանում իր կենսունակությունը, պատրա՞ստ է վերապրելու ու հառնելու, թե կփոշիանա Դեր Զորի ավազներում։
Այսօր միջազգային դատարաններում չպատժված «Սումգայիթը» շարունակում է անձամբ ինձ համար մնալ պետական ու ազգային մտածողության չափանիշ, որով ես շարունակում եմ չափել արդեն ներկա իշխանություններին։
Միայն հիշեցնեմ, որ 1990 թվականի փետրվարի 13-ին Հայկ. ԽՍՀ ԳԽ-ն ընդունեց որոշում, որտեղ Ադր. ԽՍՀ-ի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերում 1987-1990 թվականներին տեղ գտածը գնահատեց ցեղասպանություն։
Ե՞րբ կորցրինք պետականությունը, ո՞ր պահից կորցրինք պետական ու ազգային մտածողությունը։
Մարիամ Ավագյան
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող