
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խեղումներ, բռնաբարություններ: Միայն հայ լինելու համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնությունների։ 1988 թվականի փետրվարի 27-ը դարձավ հայ ժողովրդի պատմության հերթական արյունալի էջը:
Ռուզաննա Ավագյանն առաջին անգամ փախստականի ցավն զգացել է 1988-ի փետրվարին, երբ Սումգայիթում սկսվել էր հայ բնակչության բնաջնջման ու արտաքսման ծրագիրը, և թշնամու ճիրաններից փրկված հայությունը բռնել է տեղահանության ճանապարհը։
Նա պատմում է սումգայիթյան դեպքերի մասին
-Ծնվել ու մեծացել եմ Սումգայիթ քաղաքում։ Ծնողներս հարգված մարդիկ էին։ Հայրս ինժեներ էր, մայրս գործարաններից մեկում բրիգադիր էր աշխատում։ Այդ ժամանակ ես աշխատում էի պրոֆտեխուսումնարանում, միաժամանակ հեռակա սովորում Կազանի պետական համալսարանում։
Փետրվարի 20-ին մենք լսեցինք, որ Արցախում մեծ շարժում է սկսվել։ Հորեղբայրս եկել էր Սումգայիթ ու պատմել, որ ստորագրահավաքներ են սկսվել, միտինգներ են կազմակերպվում։ Հիշում եմ, որ քույրս ասաց հորեղբորս՝ մեզ՝ Ադրբեջանի բնակավայրերում ապրողներիս համար շատ վատ է լինելու։ Մի քանի օր անց սկսվեց սարսափելին։
Փետրվարի 26-ին ադրբեջանցիներն արդեն մեկ-մեկ մտնում էին հայերի տները, ծեծի ենթարկում մարդկանց, իսկ հաջորդ օրը նրանք սկսեցին մեծ հանրահավաքներ անել՝ պահանջելով դատաստան տեսնել հայության հետ։
Այդ օրը ես հիվանդ էի ու աշխատանքի չէի գնացել։ Քույրս զանգեց ու խնդրեց իր հետ ատամնաբույժի մոտ գնալ։ Համաձայնեցի ու միասին գնացինք։ Երբ բժշկի մոտից դուրս եկանք, քույրս ասաց՝ մեր ճանապարհները տարբեր են, ո՞նց ես մենակ տուն գնալու։ Պատասխանեցի, որ չանհանգստանա, կգնամ։ Չէի պատկերացնում, որ իմ ծննդավայրում կարող է վտանգված լինել իմ կյանքը։
Տունդարձի ճանապարհին հանկարծ լսում եմ, որ մեկը կանչում է, բայց ադրբեջանական անունով։ Ծանոթ տղա էր՝ մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի։ Մոտենում եմ․ տղան հորդորում է հարցեր չտալ, իր հետ անձայն քայլել։ Այդ պահին նկատում եմ, որ դիմացից մեծ ամբոխ է առաջ գալիս։ Կոչեր էին անում, հայերին վարքաբեկում։ Ու իմ աչքի առաջ նրանք հարձակվում են մի հայի վրա, ով չէր հասցրել թաքնվել։ Անխնա ծեծի են ենթարկում։
Մղկտալով անցա ամբոխի մոտով, չէի կարող բացահայտվել։ Ադրբեջանցի տղան ինձ ուղեկցեց մինչև տուն՝ փրկելով կյանքս։ Փետրվարի 28-ին մեր տուն եկավ իմ գործընկեր մի աղջիկ ու տեղեկացրեց, որ տնօրենությունից պահանջել են հայերի ցուցակները, սակայն մեր տնօրենը իմ տվյալները չի ներկայացրել։ Գործընկերս եկել էր զգուշացնելու, որ չգնամ աշխատանքի և, առհասարակ, զգույշ լինեմ։
Նրան ճանապարհեցի ու եկա տուն։ Հայրս էլ էր տանը։ Նա մի կերպ էր կարողացել տուն դառնալ՝ ականատես լինելով 3-րդ միկրոշրջանում կատարվող ահասարսուռ դեպքերին։ Հանկարծ մեր շենքի մոտ մի բեռնատար ավտոմեքենա կանգնեց, որի մեջ մոտ 100 ադրբեջանցի կլինեին։ Նրանք գոռում-գոչում էին, և մենք լսում էինք, որ ինչ որ մեկն ասում էր՝ այս շենքում արդեն հայ չկա, նրանք տեղափոխվել են։ Այդ պահին մեր դռան մոտ ձայներ լսեցինք։ Հետո իմացանք, որ մեր մոտիկ հարևանը հանում էր դռանը փակցված հայկական մեր ազգանվան ցուցանակը։
Այսօրվա պես հիշում եմ․ հայրս կանգնած էր գունատ դեմքով, կացինը ձեռքին։ Տատիկս, մայրս ու ես արդեն գիտակցում էինք, թե ինչ է մեզ սպասվում։ Հորս ասացի՝ եթե մտնեն մեր տուն, անմիջապես սպանիր ինձ։ Նա երկար նայեց ինձ ու ասաց դողացող ձայնով՝ ես չեմ կարող սպանել իմ երեխային, բայց դու գիտես քո անելիքը ու նայեց դեպի պատշգամբը․ մենք բնակվում էինք 5-րդ հարկում․․․
Հասկացա հայրիկիս ու անխոս դուրս եկա պատշգամբ։ Պատրաստ էի ցած նետվել, միայն թե չընկնեմ թշնամու ձեռքը։ Այն, ինչ տեսա մեր պատշգամբից, ահավոր էր։ Խառնամբոխը, համոզվելով, որ մենք արդեն շենքում չենք, հայտնվել էր դիմացի շենքի մոտ։ Պատշգամբներից ինչ որ բաներ էին թափվում։ Հասկացա, որ մտել են հայերի տներն ու շպրտում են նրանց իրերը։ Սարսափով տեսա, թե ինչպես են քարշ տալով հանում հայ աղջկա, որին լրիվ մերկացրել ու ծաղրուծանակի էին ենթարկում։ Անունը Օլգա էր․․․
Ամենավերջին բառերն ասելով, նրան նստեցրին բեռնատարի վրա, կապեցին պարաններով՝ իբր հարսանեկան տիկնիկ ու քշեցին մեքենան։ Հետագայում լսեցինք, որ նրան հասցրել են 4-րդ թաղամաս, մի թեյարանում խմբակային բռնաբարել, մարմինը վառել ծխախոտով։ Աղջիկը փրկվել է միայն մի ռուս սպայի շնորհիվ, ով անցնում էր այդ տարածքով։ Թե ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը, հայտնի չէ ինձ։ Նման դեպքեր շատ-շատ են եղել։
Խառնամբոխը փողոցներում շարունակում էր իր վայրագությունները։ Մեր ադրբեջանցի հարևանը մեզ իր տուն է տանում, թաքցնում։ Հիշում եմ, թե ինչպես մի ուրիշ ադրբեջանցի հարևան եկավ ու ցանկանում էր մեզ մատնել՝ ասելով, որ ունևոր հայեր են, լավ կվճարեն իրենց։ Սակայն չկարողացավ համոզել մեր վաղեմի հարևանին, ով ատամներով էր պաշտպանում մեզ։
Իսկ վտանգը մեծանում էր․ ստուգում էին նաև ադրբեջանցիների բնակարանները։ Հաջորդ օրը մեր հարևանի հետ ոտքով դուրս եկանք, որ ծպտված հասնենք 45-րդ թաղամաս, որտեղից էլ միկրոավտոբուսով հասնենք Բաքու։ Ողջ ճանապարհին ինչ որ տղաներ էին պտտվում ու քայլում մեր հետևից։ Երևի կասկածում էին, որ հայեր ենք։ Հայրս ինձ նախօրոք հորդորել էր՝ քայլելու ենք իրարից անջատ, իբր անծանոթներ։ Եթե անգամ իրեն, տատիկիս, կամ մորս սպանեն, ես չպետք է աչք թարթեի, բառ խոսեի, այլապես ինձ սպասում էր սարսափելի ճակատագիր։
Բարեբախտաբար ողջ տեղ հասանք ու նստեցինք ավտոբուսը։ Մեր շուրջը պտտվող երիտասարդները նույնպես նստեցին ու ողջ ճանապարհին հրահրող կոչեր էին անում, զրպարտում հայերին՝ իբր Ղափանում սպանում են ադրբեջանցիներին, իրենք էլ պետք է հայերին սպանեն, վրեժ լուծեն։ Սակայն մի ադրբեջանցի տղա սաստեց նրանց, ասելով, որ սուտ լուրեր են։ Մի օր առաջ է եկել Ղափանից, նման բաներ այնտեղ չկան։
Ես կարծում եմ, որ վարորդը կռահել էր, որ մեքենայում հայեր կան, սակայն ձայն չէր հանում։ Ավելին ասեմ, նա աշխատում էր հնարավորինս շուտ դուրս գալ Սումգայիթից, որի փողոցները լեցուն էին արյունարբու ադրբեջանցիներով։
Հասանք Բաքու, որտեղ դեռևս հանգիստ էր։ Երեք օր հետո հայրս վերադարձավ Սումգայիթ, որ գտնի քույր, եղբայրներին։ Մի քանի օր հետո ես ևս մեկնեցի այնտեղ։ Որոշվեց պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հանդիպելու Գորբաչովի հետ։ Ես ևս այդ կազմում էի, և մարտի 8-ին մեր պատվիրակությունը մեկնեց Մոսկվա։
Իհարկե, մեզ չհաջողվեց հանդիպել Գորբաչովին։ Իբր Մոսկվայում չէր։ Մեզ ընդունեց նրա տեղակալը, և առանց որևէ արդյունքի վերադարձանք, բայց արդեն Հայաստան։ Ծնողներս մեկնել էին Արցախ։ Արցախյան շարժումը դուրս էր եկել ընդհատակից։ Մեծ ու փոքր Շարժման մասնակիցն էին։ Երևանում ես միացա հացադուլին, որը կազմակերպվում էր Օպերայի մոտ։ Հենց այդ օրերին էլ լրացավ իմ 20-ամյակը։ Որոշ ժամանակ հետո ես ևս մեկնեցի Արցախ ու իմ ամբողջ կյանքը նվիրեցի իմ ժողովրին, փախստականների իրավունքների պաշտպանությանը։
Ռուզաննա Ավագյանն ականատեսն է 1988-ի փետրվարի 27-29-ը Բաքվից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործություններին։ Դրանք մարդու հիշողությունից երբեք չջնջվող, ցավով ու արյունով լի փաստեր են։
Հրաշքով ողջ մնացած կինն ասում է
-Այո՛, դա ցեղասպանություն էր հայերիս հանդեպ՝ ամենադաժան և անմարդկային ձևով, որը չի կարող տեղավորվել մարդկային բանականության մեջ: Այդ օրերը միշտ կմնան մեր հիշողության մեջ, քանզի այդ ցավը մեր անբաժանելի մասն է դարձել արդեն 38 տարի։ Կատարված հանցագործություններն այդպես էլ ոչ մի իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ: Տարիներ շարունակ մենք բարձրաձայնում էինք դրա մասին, որպեսզի արդարությունը վերականգնվի և ոճրագործները պատասխան տան կատարածի համար: Սակայն աշխարհը մնաց խուլ ու համր, ինչպես այդ ոճրագործությունների, այնպես էլ Արցախյան պատերազմների ու 2023-ի բռնատեղահանության ժամանակ։ Ցավոք, մենք կորցրինք ամեն ինչ։
Սումգայիթից տեղահանվելուց հետո Ռուզաննա Ավագյանն Արցախում ընտանիք է կազմել (ցավոք, ամուսինը անժամանակ հեռացել է կյանքից)։ Նա երկու երեխաների մայր է։ Մինչև 2023-ի սեպտեմբերն ապրում էր ԱրՊՀ հանրակացարաններից մեկում իրեն հատկացված բաժնեմասում։ Իր ուժերով վերանորոգել ու պայմաններ էր ստեղծել, որպեսզի իր երեխաներն ապրեն լիարժեք կյանքով։
Ռուզաննա Ավագյանի ամբողջ կյանքը նվիրում էր ու պայքար։ Արցախում «Փախստական կանանց միավորում» ՀԿ-ի նախագահն էր։ Կազմակերպությունը միավորում էր 1988-1990 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ տարբեր բնակավայրերից փախստական դարձած և Արցախում ապաստանած անձանց։ ՀԿ նախագահը տարբեր հարթակներում անընդհատ բարձրաձայնում էր փախստականների խնդիրների ու կարիքների մասին, որոնց շարքում ամենակարևորը բնակարանային ապահովության հարցն էր։ Այսօր, ցավոք, ողջ արցախահայությունն է հայտնվել այդ կարգավիճակում, իսկ ապագան դեռևս անորոշ է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
“Ապառաժ”