Քանի որ խնդիրները բազմաթիվ են, և մեկ հրապարակման մեջ դրանք ամբողջությամբ ներկայացնելը դժվար է, դրանց կանդրադառնամ առանձին հրապարակումներով։
Խնդիրները, որոնց կանդրադառնամ, հետևյալն են․
– Արցախի ինստիտուտների չամբողջացված լինելու հարցը,
– «Արցախբանկ»-ի բաժնեմասի և հանրային շահի խնդիրը,
– Արցախի պետական բյուջեի 3,1 մլրդ դրամ սառեցված միջոցների ճակատագիրը,
– Արցախի հիմնադրամների վերագրանցման հարցը,
– Կուտակային կենսաթոշակների հետ կապված արցախցիների իրավունքների սահմանափակման հարցը։
Տեղեկացնեմ, որ որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ եմ ուղարկել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստր, «Արցախբանկ» ՓԲԸ և ՀՀ կենտրոնական բանկ։ Ստացված պատասխանների հիման վրա հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկերացում կազմել առկա գործընթացների վերաբերյալ։
Այս հրապարակման մեջ կանդրադառնամ առաջին հարցին՝ Արցախի ինստիտուտների գործունեությանը։
Ամեն անգամ, երբ սոցիալական ցանցերում կամ հարցազրույցներում Արցախի քաղաքական գործիչներն ու պատգամավորները խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի, ինստիտուտների գործունեության և իրենց՝ վերադարձի իրավունքի լեգիտիմ ներկայացուցիչ լինելու մասին, առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ շուրջ մեկ տարի է, ինչ ինստիտուցիոնալ համակարգը մնում է կիսատ և չամբողջացված։
Գործող սահմանադրական կարգավորումների համաձայն՝ նախագահի ընտրությունն իրականացվում է պատգամավորների կողմից։ Սակայն շուրջ մեկ տարի է անցել, և նույն քաղաքական շրջանակներից որևէ մեկը չի գնացել անձնական պատասխանատվություն ստանձնելու և առաջադրվելու ճանապարհով։ Մինչդեռ ակնհայտ է, որ վերոնշյալ հարցերի զգալի մասը հնարավոր է լուծել իրավական հարթությունում և գործող ինստիտուտների միջոցով։ Առանց հստակ պատասխանատվության և գործնական քայլերի քաղաքական հայտարարությունները հաճախ մնում են ձևական և բովանդակազուրկ։
Խնդիրը միայն քաղաքական գնահատականների մեջ չէ, այլ կազմակերպված, իրավական և ինստիտուցիոնալ աշխատանքի բացակայության։
Ասվածի էությունն այն է, որ եթե ինստիտուտները գործեն համակարգված, կազմակերպված և պատասխանատվությամբ, ապա նույնիսկ այս ծանր պայմաններում հնարավոր կլինի լուծել առնվազն մի շարք հրատապ խնդիրներ։ Գործնական քայլերը միշտ էլ ավելի մեծ հանրային աջակցություն են ստանում, քան միայն քաղաքական հայտարարությունները։
Ակնկալում եմ, որ առաջիկայում ԱՀ քաղաքական ուժերի կողմից կտրվեն հրապարակային և անկեղծ պատասխաններ՝ վերոգրյալ խնդիրների վերաբերյալ։