
«Լորիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շանթ Չարշավճյանը ներկայացնում է այն աշխատանքները, որ կատարվում են հիմնադրամի միջոցով, ինչպես նաև պատմում է առաջիկա ծրագրերի մասին։
-Գիտենք, որ հիմնադրվել է կրթամշակութային հիմնադրամ, որը նահատակված Ազնավուր Սաղյանի հիշատակին է։ Ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:
–Ազնավուր Սաղյանի անվան կրթաթոշակային հիմնադրամը ստեղծել ենք, որ միշտ վառ մնա հերոս հայորդու հիշատակը և ուսանողներն ավելի պարտավորված զգան իրենց։
Կրթամշակութային ծրագիրը կյանքի է կոչվել 2025 թվականի նոյեմբերից։ Հիմնադրամում առաջին բարեգործությունը կատարվել է իմ կնոջ՝ Մարինեի՝ «Մարալն ու հայրիկը Արցախում» գրքի վաճառքի հասույթից, որն իրականացվել է ԱՄՆ-ում։ Հետո ամերիկահայ մեր բարեկամները սկսել են նվիրատվություններ կատարել։
Մեծ նվիրատուներ չունենք, սակայն կան նվիրված մարդիկ, որոնք իրենց ունեցածից նվիրաբերում են ու աջակցում արցախցի ուսանողին։ Հիմնականում նվիրաբերում են 50-100 ԱՄՆ դոլար։
Ամեն ինչ արվում է Արցախից տեղահանված ուսանողներին օգնելու համար, քանի որ շատ-շատերը գումարի պատճառով կարող են զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորությունից։
Մինչև այսօր «Ազնավուր Սաղյան»-ի անվան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող, ովքեր սովորում են Հայաստանի 20 հաստատություններում՝ պետական համալսարաններ, բժշկական հաստատություններ, մանկավարժական և լեզվաբանական ուղղություններով համալսարաններ, մասնավոր և անկախ բուհեր, մասնագիտացված / Սպորտային /Գիտահետազոտական և այլ կրթական հաստատություններ։
Ուսանողներին տրամադրված ընդհանուր կրթաթոշակը կազմել 16 մլն ՀՀ դրամ։ Մեկ ուսանողին տրամադրվում է 160-180 հազար ՀՀ դրամ։
Մենք աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել սովորողներին, պահպանել նրանց կրթության հասանելիությունը։
Կրթաթոշակից օգտվել են փայլուն սովորող ուսանողներ Շուշիից, Մարտակերտից, Ստեփանակերտից, Հադրութից, Մարտունուց, Թաղավարդից, Մուշկապատից, Ճարտարից, Սպիտակաշենից, Ծովատեղից, Գիշուց, Շեխերից, Մաճկալաշենից, Եմիշճանից, Խերխանից, Հերհերից, Կոլխոզաշենից, Աշանից։
Ուրախ եմ շատ, որ կարողանում ենք օգտակար լինել արցախցի տեղահանված ուսանողներին, և այս ծրագիրը, կարծում եմ՝ շարունակական է լինելու։
–2023 թվականի սեպտեմբերից «Լորիկ» հիմնադրամի միջոցով փորձում եք տեղահանված արցախցիներին ապահովել բնակարաններով։ Ինչքանո՞վ է հաջողվել այդ ծրագիրն իրականացնել։
-Ծրագիրն սկսել ենք կյանքի կոչել տեղահանությունից անմիջապես հետո։ Ունենք 13 շահառու, որոնցից 5-ը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ընտանիքներ են։
Շահառուների համար այդ տները ձեռք ենք բերել մեծամասամբ Լոռու մարզում, 1 տուն Սևան, 2-ը՝ Աբովյան քաղաքներում, իսկ 1 տուն՝ Երևանին հարակից բնակավայրում։ Զոհված զինծառայողների ընտանիքներին տներ ենք տրամադրել իրենց նախընտրած բնակավայրերում։ 2023-ի հոկտեմբերի վերջին մենք 1 ընտանիքի արդեն իսկ ապահովել էինք բնակարանով։
Ներկա պահին չենք կարողանում նույն ձևով շարժվել։ Քանի որ արցախցիների մեծ մասը սկսել են հավաստագրերով բնակարաններ ձեռք բերել, տների գներն ակնհայտ աճել են։ Այդ պատճառով հիմնադրամը հնարավորություն չունի տուն գնել։ Մենք ընդամենը կարող ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել հավաստագրով տուն ձեռք բերած մարդկանց (կարող է դա լինել վերանորոգման, կահույքի ձեռք բերման կամ էլ տան գումարի պակասը լրացնելու համար)։ Առաջնահերթությունը տալիս ենք զոհված զինծառայողների ընտանիքներին։
-Ի՞նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին։
-Նախատեսում ենք ծրագիր փոքր բիզնեսի զարգացման համար։ Ունենք 74 դիմորդ, ովքեր առցանց հայտ են լրացրել։ Ապրիլի սկզբին կավարտենք ուսումնասիրությունը, կկայացվի որոշում, ու շահառուները կստատան աջակցությունը։
Մյուս ծրագիրը, որը նոր ենք կյանքի կոչել, իրենից ներկայացնում է Արցախի համայնքների, առանձին գերդաստանների պատմության վավերագրություն։ Իմ նախապապերը Արևմտյան Հայաստանից են, ես գրեթե տեղեկություններ չունեմ նրանց մասին, ու դա միշտ ինձ ցավ է պատճառում։ Ուզում եմ, որ սերունդները իմանան իրենց պատմությունը ու փոխանցեն իրենց ժառանգներին։
Մեծ ու ծավալուն աշխատանք ենք սկսել, աշխատում ենք 3 խմբով, որտեղ ներգրավված են ակտիվ ու բանիմաց երիտասարդներ։ Քանի որ Արցախում ապրել եմ Մարտունու շրջանում, մտադրություն ունեմ ծրագրում ներառել շրջանի բոլոր գյուղերն իրենց հետաքրքիր մարդկանցով, մշակույթով, ավանդույթներով։
Արդեն ունենք ավելի քան 200 հարցազրույց՝ Հացի, Աշան, Ավդուռ, Կղարծի գյուղերի բնակիչների հետ։
Հետագայում, իհարկե, մեր բոլոր հարցազրույցները՝ որպես արցախյան համայնքների պատմության խոսուն վկաներ, կհրապարակվեն և հասանելի կլինեն աշխարհի բոլոր ծայրերում։
Ասեմ, որ փոքր գումարներով մեծ աշխատանք է կատարվում։ Ողջունում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են մեր կողքին, ովքեր թև են տալիս, խրախուսում մեր հայրենանվեր գործին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ