
Արցախի լիակատար օկուպացիայից և հայաթափումից երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարությունը դեռևս մեղադրում է արցախցիներին իրենց տները լքելու, չմեռնելու մեջ՝ խափանելով կատարյալ կազմակերպված «համաշխարհային դավադրությունը»։
Չէ որ բոլորը մեծ ջանք թափեցին, կատարեցին իրենց բաժինը. ադրբեջանցիներն ու ռուսները ինը ամիս շրջափակման մեջ պահեցին Արցախի ժողովրդին, իսկ սեպտեմբերի 19-ին հարձակվեցին ամբողջ պարագծով՝ արտաքսելով գյուղական բնակչության մեծ մասին, սպանելով երեխաներին և տարեցներին, ի վերջո, քշելով Արցախի գրեթե ամբողջ բնակչությանը Ստեփանակերտ։ Հայաստանն իր հերթին հրաժարվեց բացել Բերձորի միջանցքը՝ հույս ունենալով, որ ռուսներն ու ադրբեջանցիները կկարողանան «համոզել» արցախցիների մի մասին մնալ և դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, կռված տղամարդկանց ենթարկելով «ֆիլտրացիայի», իսկ ցանկացողներին թույլ կտան հեռանալ։
Եթե մի քանի հազար արցախցիներ մնային և ընդունեին Ադրբեջանի քաղաքացիություն, բոլորը երջանիկ կլինեին. ռուս խաղաղապահները կգտնեին Ղարաբաղում մնալու պատճառ, Ալիևին չէին մեղադրի էթնիկ զտումների մեջ, այլ մեդալ կշնորհեին «արցախցիներին նենգ անջատողականներից ազատագրելու» համար, իսկ Փաշինյանը ստիպված չէր լինի միջոցներ հատկացնել արցախցիների սոցիալական պաշտպանության համար, քանի որ նրանք «կարող էին մնալ, բայց կամավոր հեռացել էին»։
Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն արցախցիները որոշեցին ամեն ինչ փչացնել և խուսափել ցեղասպանությունից։
Նիկոլ Փաշինյանը սկզբից էլ չէր կարողանում թաքցնել հիասթափությունը, և հիմա պնդում է, որ էթնիկ զտում չի եղել. Ալիևն ու Պուտինը մեղավոր չեն. մարդիկ պարզապես փախել են, որովհետև չեն ցանկացել կռվել։
Բահց չէ որ ես ամեն ինչ արել եմ, որ դուք այնտեղ մնաք, ասաց Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականի պատերազմից հետո միլիարդավոր դրամներ է ուղղորդել Արցախ, որոնք հիմնականում օգտագործվել են Իվանյանում բարձրահարկ շենքերի կառուցման համար։ Այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով Հայաստանը նույնիսկ մի քանի միլիարդ դրամ է հատկացրել Պատարա գետի վրա մեծ ջրամբարի կառուցման համար, չնայած դրա կարիքը չկար։ Իրականում, նոր տների կարիք էլ չկար, քանի Արցախում «խաղաղությունը» կախված էր բարակ թելից։
Այս միլիարդները հայտնվեցին Արցախում՝ հենց դավադրության հույսով, որ մարդիկ կմնան այնտեղ ապրելու Ալիևի դրոշի ներքո, և Արցախի հարցն այդպիսով “կլուծվի”, օրինակ ծառայելով մնացած հակամարտությունների համար։
Դավադրությունը սակայն ձախողվեց, և Ալիևը հավերժ կմեղադրվի էթնիկ զտումների և երեխաների սպանության մեջ։ Ռուսաստանը նահանջեց բաղձալի Ղարաբաղից, իսկ Փաշինյանը ստիպված էր ընդունել 120,000 ՀՀ “չուժոյ” քաղաքացիների, որոնք պետք է ինչ-որ կերպ «ինտեգրվեին»։ Բայց ամենակարևորը՝ միջազգային հանրությունը ստացավ կրկին չլուծված Արցախյան հարց, որը, ինչպես շատերն այժմ հասկանում են, համաշխարհային կարգի անկյունաքարերից մեկն է։