Արցախցի մայրեր՝ հսկայական ուժ, որը կարող է ազդել որոշումների վրա

  • 10:23 14.04.2026

Դեռևս 2023 թվականի մայիսին, շրջափակման պայմաններում, Արցախում հիմնադրվեց «Արցախի մայրերի աջակցության կենտրոնը», որը անմիջապես ձեռք բերեց հսկայական ճանաչում: Այս հարթակում լուծվում էր հարցերի լայն շրջանակ՝ հոգեբանական փոխադարձ աջակցությունից մինչև խանութներից անհետացած երեխաների համար ապրանքների փոխանակում:

Կազմակերպությունը հետագայում վերագրանցվեց Հայաստանում և այժմ ակտիվ է այստեղ: Դրա հիմնական նպատակը մնում է արցախյան ընտանիքների ամենահրատապ խնդիրների և կարիքների փաստաթղթավորումը, լուծումների քննարկումը ընդհանուր հարթակում և առաջարկների ներկայացումը որոշում կայացնողներին:

«Արցախի մայրիկների աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է «Կանայք տեղահանման պայմաններում․ պաշտպանություն, մասնակցություն, համախմբում» նախագիծ՝ ISSD “Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ” ՀԿ ի «Տեղական կազմակերպությունների հնարավորությունների զարգացման գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի շրջանակներում նկարահանվել են կարճամետրաժ ռիլլեր՝ արցախցի կանանց համար ամենակարևոր հարցերով. “Արժանապատիվ աշխատանքը իրավունք է. մի զիջիր այն”, “Անտեսված խնդիր` կանանց անձնական տարածքի կորուստը”, Ատելությունը թուլացնում է, միասնությունը՝ ուժեղացնում”, “Տեղահանված կանանց պաշտպանությունը թվային միջավայրում”, “Մայրություն, խնամքի բեռ և կանանց անտեսանելի աշխատանքը տեղահանման պայմաններում”։

Վերջերս կազմակերպությունը կազմակեչպել է արցախցի կանանց հանդիպում՝ քննարկելու հրատապ հարցերը և բացահայտելու այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է հետագա աշխատանք։

Քննարկումները բուռն էին և անդրադարձան ամենահրատապ հարցերին, այդ թվում՝ զբաղվածության, երեխաների խնամք և այն, որ կանանց կողմից իրենց երեխաների և անօգնական հարազատների խնամքը չի համարվում աշխատանք և չի վարձատրվում։ Նաև քննարկեցին ատելության մթնոլորտը, որը քարոզիչները երբեմն հատուկ բորբոքում են՝ արցախցի կանանց առջև ծառացած ամենահրատապ խնդիրները լռեցնելու համար։

Հավաքվածները համաձայն էին, որ թշնամանքի մթնոլորտը կարող է վերացվել միայն համախմբման, տեղեկատվության, հարևաններին արցախյան ուտեստներ հյուրասիրելու և համակեցության զգացումը խթանելուն ուղղված քայլերով։ Նաև նշվեց, որ շատ խնդիրներ մնում են չլուծված՝ արցախցի փախստականների և որոշում կայացնողների միջև հաղորդակցության բացակայության պատճառով։

Նման նախագծերը լավ միջոց են արցախցի կանանց ձայնը հասցնելու նրանց, ովքեր հետաքրքրված են, որ կայացած որոշումները լինեն ի օգուտ, այլ ոչ թե ի վնաս տեղահանված անձանց։

«Արցախի մայրերի աջակցության կենտրոնն» ունի 16,000 աջակից, և սա հսկայական ուժ է։ Ճիշտ դրված հարցերը կարող են լինել ճիշտ լուծումներ գտնելու նախապայման։

Ի վերջո, կանայք կազմում են մարդկության և յուրաքանչյուր երկրի բնակչության ուղիղ կեսը, և մարդկության և պետության ընտրած ուղին մեծապես կախված է կանանց ուժեղ և թույլ կողմերից, որոշումների կայացման վրա ազդելու նրանց կարողությունից։

Տեղահանված անձանց յուրաքանչյուր կատեգորիա յուրովի է ապրել Արցախի ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը 2023 թվականի սեպտեմբերին: Կանայք միանգամից դարձան ընտանիքների գոյատևման հենարանը. նրանք անմիջապես հավաքեցին ուժերը, քանի որ ամեն օր պետք է կերակրեին իրենց երեխաներին, խնամեն հիվանդներին և անօգնական հարազատներին, աջակցեն իրենց տղամարդկանց: Արցախի կանանց ուժը, հնարամտությունը և կազմակերպվածությունը անհնարինը հնարավոր դարձրին. 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, որտեղ միանգամից 120,000 մարդ ժամանեց՝ հյուծված պատերազմից, շրջափակումից, սովից և հազարամյա հայրենիքը կորցնելու սթրեսից, ոչ մի արտակարգ իրավիճակներ չառաջացան։

Կառավարությունը հետագայում հայտարարեց, որ իր համակարգված ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում «վրանային քաղաքներ» չառաջացան: Մարդիկ զարմանում էին, որ տեղահանությունից անմիջապես հետո արցախցի կանայք և երեխաները խնամված, մաքուր և կոկիկ տեսք ունեին: «Տեսե՞լ եք փողոցներում բոմժ արցախցիների», – հարցրեց մի հայ քաղաքական գործիչ: Նա դա բացատրեց նրանով, որ արցախցիները, իբր, 2020 թվականից ի վեր իրենց ողջ ունեցվածքն ու ակտիվները տեղափոխել են Հայաստան: Նա չնկատեց, թե ինչպես են արցախյան մեծ ընտանիքներում միմյանց աջակցում՝ կանխելով թույլերի անկումը: «Արցախցի կանայք տիրող են. նրանք են ամեն ինչ կառավարում ընտանիքում», – ասում են շատերը Հայաստանում։ Սակայն նրանք չեն նկատում, որ սա տիորւմ չէ, այլ պատասխանատվություն և հավասարություն։

Նաիրա Հայրումյան