
«Վաշինգտոն Թայմս»-ում «Հունիսի 7-ի Հայաստանի ընտրություններն արդեն կեղծված են» վերնագրով հոդվածում Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստը։
«Նիկոլ Փաշինյանը խոստովանել է մի արտառոց բան։ Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը զրկեց Հայաստանին իր հիմնական ռազմավարական բուֆերից և, ի վերջո, ստիպեց 120,000 էթնիկ քրիստոնյա հայերի լքել իրենց պատմական հայրենիքը, նրա խոսքով՝ «դիտավորյալ զոհաբերություն էր հանուն Հայաստանի անկախությունը պահպանելուն»։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ ինքնիշխան տարածքի դիտավորյալ փոխանցումը և ռազմական պարտության կազմակերպումը պետական դավաճանության ակտեր են։ Պարոն Փաշինյանը գիտի դա», – գրում է Դավիթ Գրիգորյանը։
Դրանից ընդամենը մի քանի օր առաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա ասել է, որ 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամուն հաջողվել է ճեղքել պաշտպանությունը միայն մեկ՝ հարավային հատվածում, որը գտնվում էր ՀՀ Գլխավոր շտաբի և անձամբ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանատարության ներքո։ Օհանյանը, ըստ էության, մեղադրեց Փաշինյանի թիմին «պայմանավորված պարտության» և Արցախի հարավի՝ ընդհուպ մինչև Շուշիի հանձնման մեջ։
Ավելի վաղ նախկին օմբուդսմեն և «Միասնության թևեր» կուսակցության ներկայիս վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ևս մեկ կոշտ մեղադրանք էր հնչեցրել՝ պնդելով, որ հայկական զորքերը դուրս են եկել Ջերմուկի մոտ մի տարածքիցից, և ադրբեջանական դիրքերն արդեն հաստատվել են լքված տարածքում։
Իր հերթին, մեղադրանքներ են հնչում երկու պաշտպանության նախարարների՝ Վաղարշակ Հարությունյանի (20 նոյեմբերի, 2020 – 20 հուլիսի, 2021) և Արշակ Կարապետյանի (2 օգոստոսի – 15 նոյեմբերի, 2021) հասցեյին, որոնք չեն թաքցրել իրենց ռուսամետ հակումները։ Նրանց պաշտոնավարման ընթացքում Արցախի Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները առանց մարտերի հանձնվեցին ադրբեջանական կողմին (ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության), որին հաջորդեց Գորիս-Կապան ճանապարհի մի մասի, Սև Լիճի մոտ գտնվող տարածքի հանձնումը։ Ռուսական զորքերը հայտնվեցին Սյունիքում, հայկական բանակը դադարեց դիմադրություն ցուցաբերել, և Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի բոլոր պարտականությունները փոխանցվեցին ռուսական կողմին։ Մինչդեռ, հայկական հարցումներին ի պատասխան, Ռուսաստանը պատասխանում էր, որ Հայաստանը հաստատված սահմաններ չունի։
Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, ընդունում է, որ Հայաստանը պաշտոնական սահմաններ չունի, բայց մյուս կողմից՝ պնդում է 1975 թվականի խորհրդային քարտեզների և «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի» վրա։ Այս առումով, Տավուշից սկսված «սահմանազատումը» լուրջ հարցեր է առաջացնում. եթե Հայաստանը սահմաններ չունի, ապա ի՞նչ հիմքով է իրականացվել սահմանազատումը։ Եվ ի՞նչ հիմքով է այն շարունակվելու՝ ի վնաս Հայաստանի ներկայիս տարածքի։
1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է կազմում, ինչն ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրում և Սահմանադրությունում։ Բաքուն ընդունում է դա, այդ իսկ պատճառով պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում։ Փաշինյանը նույնպես ընդունում է դա՝ ասելով, որ «զոհաբերել է Ղարաբաղը». ի վերջո, նա չէր կարող զոհաբերել այն, ինչը իրենը չէր։
Մյուս կողմից, Փաշինյանն ասում է, որ Արցախը երբեք չի եղել Հայաստանի մաս։ Սակայն դա հարց է առաջացնում․ իրավասո՞ւ էր Փաշինյանը ստորագրել 2020 թվականին եռակողմ հայտարարությունը, որով հայկական վերահսկողությունը Արցախի երկու երրորդի նկատմամբ կորցվել է։
Փաշինյանին մինչ օրս հաջողվել է համոզել հայ հասարակությանը ոչ ակնհայտ բաներում (Ղարաբաղը Հայաստան չէ, մենք պատասխանատու չենք Արցախի համար, Արցախի ժողովուրդը փախել է, ռուսները խոստացել են, բայց չեն կատարել), բայց միջազգային հանրությունը այդքան էլ հեշտությամբ չի մոլորեցվում։ Սա բարոյական պատասխանատվության կամ այն հարցը չէ, թե ով է դավաճանել կամ ով է փախել․ խոսքը՝ կայացված որոշումների միջազգային իրավական հիմքի մասին է։
«Չորրորդ հանրապետության» և Հայաստանի համար նոր Սահմանադրության գաղափարը այս բոլոր հարցերը մի հարվածով հանելու փորձ է։ Բայց արդյո՞ք դա կհաջողվի։