
Ապրիլի 30-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվել է «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը, որով առաջարկվում է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել առցանց կազինոների գործունեության համար։
Օրենսդրական այս նախաձեռնության հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի՝ բոլոր առցանց կազինոները պետք է իրենց կայքերում և հավելվածներում տեղադրեն ինքնաարգելափակման կոճակ՝ այն դարձնելով հասանելի բոլորի համար։ Այդ կոճակը սեղմելուց հետո առցանց կազինոյով խաղալն արգելվելու է հինգ տարի ժամկետով՝ առանց սահմանափակումը վաղաժամկետ չեղարկելու հնարավորության։ Այս ժամկետի լրանալուց հետո արգելափակումն ինքնաշխատ եղանակով կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե քաղաքացին ժամկետի ավարտից հինգ օր առաջ սահմանափակումը հանելու մասին դիմում չներկայացնի։ Ինքնաարգելափակման մասին տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին, ինչից հետո կդադարեցվի օգտատիրոջ ակտիվությունը նաև մյուս առցանց կազինոներում ու խաղային հարթակներում։
Բացի այդ, խաղերին չեն կարող մասնակցել նաև նպաստառուները, թոշակառուները, սնանկության գործընթացում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև Կառավարության ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասնակիցները։
«Ես ստացել եմ ավելի քան 30 առաջարկ։ Ընդունել եմ բոլորը, բացի 1-2-ից», – նշել է Սարգսյանը։
Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։