
Տաթևիկ Խաչատրյան
Բռնի տեղահանությունից հետո արցախցի լրագրողները բախվեցին մի քանի մասնագիտական խնդիրների՝ աշխատանքի կորուստ, մասնագիտական ճգնաժամ, էթիկական բարդություններ, ինչպես օրինակ, թե ինչպես գրել սեփական ողբերգության մասին և որտեղ է սահմանը լրագրողի և էթնիկ զտման զոհի միջև: Եթե Արցախի լրագրողական համայնքը սեփական ծննդավայրում ճանաչում էր իր փոքր լսարանին, լրատվադաշտի սպեցիֆիկային, ակտուալ թեմաները, ապա տեղահանությունից հետո անորոշություն էր, որին հաջորդեց նաև մասնագիտական ինքնավստահության կորուստը:
Բոլոր այն լրագրողները, ովքեր բլոկադայի պայմաններում շարունակում էին աշխատել, չնայած սահմանափակ միջոցներին, վառելիքի բացակայությանը և մի շարք այլ խնդիրների, ստիպված եղան նաև լուսաբանել սեփական էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը: Սա շատ ծանր փորձառություն էր, որին ոչ բոլորն էին ի վիճակի դիմանալ: Ես ինքս չունեմ ոչ մի նկար, վիդեո և գրառում այդ օրերից, որովհետև ինձ համար իմ խոսքն ու մասնագիտությունը բացարձակ արժեզրկվել էին: Ես մինչև հիմա չեմ դադարում շնորհակալությունս հայտնել իմ այն գործընկերներին, ովքեր չդադարեցին ոչ մի վայրկյան վավերագրել մեզ հետ կատարվողը:
Սա նաև ազդեց տեղահանված լրագրության ապագայի վրա: Եթե Արցախում մենք լուսաբանում էինք Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, արցախյան իրականությունն ու լոկալ խնդիրները, ապա հիմա այն արցախցի լրագրողները, ովքեր շարունակում են աշխատել, հիմնականում կենտրոնացած են պատերազմի, բլոկադայի, բռնի տեղահանության մասին վկայությունների, արցախյան համայնքի խնդիրների լուսաբանման և մարդկային պատմությունների վավերագրության վրա:
Աջակցություն արցախցի մեդիաաշխատողներին
Տեղահանված լրագրության մասին ամենակարևոր կետը, որ կուզեի առանձնացնել այն է, որ տեղահանվածների շրջանում ամենաօպերատիվ, ամենահասցեական և օգտակար ծրագրերը իրականացվեցին 2023 թվականի Արցախի էթնիկ զտումից հետո:
Հիշում եմ, հոկտեմբերի 28-ն էր, ես դեռ Հակարին նոր էի անցել, երբ մեր Արցախի հանրային ռադիոյի չատում հղում դրեցին, որը պետք է լրացնեինք: Դա հայաստանյան լրագրողական մի քանի ՀԿ-ների համատեղ ջանքերով հասցեական օգնություն ցուցաբերելու հարցաշար էր: Ես չգիտեմ այլ մասնագիտական համայնք, որ այսքան արագ արձագանքած լիներ և այսքան թիրախային, ինչի համար շնորհակալ եմ իմ հայաստանյան գործընկերներին:
Կարճ ժամանակ անց 100-ից ավելի արցախցի մեդիաաշխատողներ ստացան ֆինանսական աջակցություն: Դրան զուգահեռ նույն ՀԿ-ները տարբեր ձևաչափերով աշխատանքներ սկսեցին տանել: Այս շարքում էին Մեդիանախաձեռնությունների կենտրոնը, Երևանի և Ստեփանակերտի մամուլի ակումբները, Հանրային լրագրության ակումբը, որոնց շատ ծրագրերի անձամբ եմ մասնակցել:
Իսկ ի՞նչ է կատարվում արցախյան լրատվամիջոցների հետ տեղահանությունից գրեթե 3 տարի անց
Բնականաբար, միայն մեր հայաստանյան գործընկերների ջանքերով հնարավոր չէր լուծել բոլոր հարցերը: Այո, առաջին շրջանում այն շատ էֆեկտիվ էր, ես ու գործընկերուհիս նույնպես սկսել ենք մեր բարբառային փոդքասթը հենց այս ծրագրերից մի քանիսի շնորհիվ:
Որոշ լրագրողներ աշխատանքի անցան հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում, սակայն ամիսներ անց, երբ ՀԿ-ների աջակցությունը դադարեց, լրատվամիջոցների մեծ մասը սեփական միջոցներով ի վիճակի չեղան շարունակել աշխատողին պահել: Ուստի մի մասը կրկին գործազուրկ դարձավ: Այդպիսով արցախցի լրագրողների մի մեծ մաս պարզապես սկսեց աշխատանք փնտրել այլ ոլորտներում:
Եթե մեդիայի հետ աշխատող ՀԿ-ներն ի վիճակի եղան իրենց մասնագիտական համայնքի շատ անդամների օգնել, ապա ամբողջական լրատվամիջոցների սպասարկումը ՀԿ-ների ուժերից, բնականաբար, վեր է:
Սակայն խոսքը միայն լրատվամիջոցների շարունակական գործունեությունը ապահովելը չէր, այլ արդեն իսկ գոյություն ունեցող արխիվները պահելը, քանի որ այն արդեն պատմություն է: Այս առիթով Ստեփանակերտի մամուլի ակումբը նույնպես մտահոգ էր և տեղահանությունից որոշ ժամանակ անց սկսեց բանակցել կառավարության հետ՝ գոնե գոյություն ունեցող ֆիզիկական ու թվային արխիվների պահպանության ուղղությամբ: Սկզբից կարծես թե կառավարության կողմից կար հետաքրքրություն, նույնիսկ առաջարկեցին տրամադրել լրատվամիջոցների ամփոփ տվյալները, կազմել բյուջե և այլն, բայց գործը դրանից այնկողմ չանցավ:
Լրատվամիջոցներն իրենք էլ փորձեցին տարբեր ձևերով ֆինանսավորում գտնել, բայց մեծ մասին չհաջողվեց: Հատկապես Արցախ TV-ի, Ազատ Արցախ թերթի և Արցախի հանրային ռադիոյի մասով էին ամենամեծ ջանքերը պահպանության ու շարունակականության, քանի որ Արցախում ամենամեծ լսարան ու արխիվ ունեցողներն են, սակայն այս պահին նշված երեքից միայն թիվին է գործում, այն էլ` շատ փոքրիկ կազմով և ռեսուրսներով:
Ինչո՞ւ է կարևոր արցախյան լրատվադաշտի գոնե մասնակի, այսպես կոչված, փրկությունը
Նմանատիպ մասշտաբային կորուստներից հետո մարդկային հիշողությունը հակված է ռոմանտիզացնելու անցյալը, իսկ երբ չեն պահպանվում ժամանակին գործած մեդիաները թեկուզ արխիվային մակարդակում, սա անխուսափելի է:
Մեկ այլ կարևոր հանգամանքն էլ վստահության ֆակտորն է: Արցախցիները հակված են առավել վստահել իրենց կողմից արդեն իսկ ճանաչելի ու հասկանալի դարձած մեդիաներին, քան նրանց, որոնք իր համար դեռ նոր են: Եվ հաշվի առնելով հայաստանյան խառը լրատվադաշտը՝ կարևոր է, որ արցախյան մեդիաների գոնե մի մասը հնարավորություն ունենա շարունակաբար աշխատել իրենց վստահող լսարանի համար, որպեսզի այդ լսարանը ստիպված չլինի իրեն հետաքրքրող թեմաներով ինֆորմացիա գտնել տարբեր շահեր սպասարկող և տարբեր քաղաքական ուժերի հետ աֆիլացվող ԶԼՄ-ներում: