Մայր Աթոռը Արցախում եկեղեցիների ոչնչացումը «մշակութային եղեռնագործություն» է որակել

  • 20:02 30.04.2026

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով, ըստ Էջմիածնի, փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ», – ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ըստ Էջմիածնի՝ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է, և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը ոչնչացնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և «մշակութային եղեռնագործություն»։

Կովկասի մահմեդականների վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «օկուպացիայի ընթացքում կառուցված երկու անօրինական շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»:

Բացի այդ, ըստ ադրբեջանական այդ կառույցի՝ Հայ Առաքելական եկեղեցին «պատմական իրականության խեղաթյուրման փորձեր» է կատարում՝ խաթարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերը։

Հայաստանյայց եկեղեցին ի պատասխան շեշտել է, որ նման պնդումները բացահայտ անհիմն և ստահոդ են. «Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման քաղաքականությունը։