Պետք է գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել

  • 10:47 04.05.2026

«Երբ արցախցիների վերադրաձի իրավունքի մասին ենք խոսում, բնականաբար, պետք է առաջին հերթին գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել։ Դրանից հետո նոր կարող ենք խոսել, թե վերադարձն ինչպիսին կարող է լինել, որպեսզի երաշխավորենք նոր հանցագործությունների կանխումը»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները գիտեն, որ արցախցիների նկատմամբ տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություններ։

«Քաղաքական գործիչների եւ մասնագետների մի մասն ասում են՝ ցեղասպանություն, մյուս մասը՝ էթնիկ զտում, պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելին։ Բայց նույնիսկ եթե քննարկվում է, թե արդյոք սա ցեղասպանություն է, թե՞ մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում՝ ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման, լուծումների տեսանկունից։

Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է՝ բխելով միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերից, այլ նաեւ կոնկրետ է՝ բխելով ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանի հրամանից՝ 2023 թվականի նոյեմբերի 17, բխելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների համատեղ հայտարարությունից՝ 2023 թվականի հոկտեմբերի 11, որի տակ կան Երեւանում հիմա գտնվող առաջնորդների ներկայացրած բազմաթիվ պետությունների ստորագրություններ։ Նրանք բոլորն այս փաստաթղթերով արձանագրել են, որ ԼՂ բռնի տեղահանված բնակիչները պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ, անվտանգ, ապահով եւ անհապաղ, անխոչընդոտ վերադարձի։

Հիմա մենք հայտարարում ենք, որ 2,5 տարի է՝ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո։ Ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք Արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում եւ որեւէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում։ Ավելին, բոլորն անտեսում են մեր դիմումները, ընդհուպ մինչեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը։ Հենց այն վարչապետը, որն ստորագրել է Արդարադատության միջազգային դատարանին ուղղված դիմումը, որի հիման վրա էլ հրաման էլ ընդունվել։ Հետեւաբար, մենք այստեղ ենք՝ ասելու, որ անկախ Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանության դիրքորոշումից, Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք եւ վերադարձի ցանկություն»,- ասաց նա։

Իսկ միջազգային հանրությունը, Արտակ Բեգլարյանի խոսքով, ունի պարտավորություն՝ ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքը։

«Ավելին, եթե դուք ցանկանում եք խաղաղություն տարածաշրջանում, ապա մեր վերադարձի իրավունքը եւ մեր մնացած բոլոր իրավունքները՝ գերիների, պատանդների վերադարձ, մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանություն, բոլոր բոլորը պետք է հարգվեն ու վերականգնվեն։ Այլապես տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, եւ ալիեւյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի, ՀՀ եւ մարդկության դեմ»,- հայտարարց Բեգլարյանը։