Դատարանի որոշումները արցախիցների քաղաքացիության մասին լուրջ հետևանքներ կունենան

  • 12:03 29.05.2026

Այսօր Արցախի ներկայացուցչությունում կկայանա հանդիպում, որի ժամանակ արցախյան իրավաբանները կներկայացնեն այն կարգը, որով 070 կոդով ՀՀ անձնագիր և քաղաքացիություն ունեցող արցախցիները կարող են վերականգնել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը։

Այդ իրավունքն արդեն իսկ հաստատվել է դատարանի առնվազն 3 որոշումներով, որոնք 070 կոդով անձնագրի տեր անձը համարվում է ՀՀ քաղաքացի, և նշվում է, որ այդ անձի անունը պետք է ընդգրկվի ընտրական ցուցակներում։ Դատարանը հղում է անում ՀՀ “Քաղաքացիության մասին” օրենքին և միջազգային կոնվենցիաներին։

Դատական որոշումները ոչ միայն կասկածի տակ են դնում ՀՀ կառավարության քաղաքականությունը արցախցի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որը 2023 թ․ հոկտեմբերից սկսած առանց որևէ իրավական հիմքի արցախցիներին համարում է “ՀՀ ոչ քաղաքացի”։ Այդ որոշումները կարող են բերել շատ լուրջ մեղադրանքների՝ քաղաքացիությունից և իրավունքներիվ մասսայական զրկելու հատկանիշով։ Չէ որ 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացի /ինչպես դատարանն է ասում/ զրկված են ընտրելու հիմնարար իրավունքից։

Ներքին գործերի նախարարությունը, շատ լավ հասկանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու դատարանի որոշումները, ջղայն հայտարարություն է տարածել, որով փորձել է արցախցիներին “համոզել” չգնալ դատարաններ։ ՆԳՆ-ը խոստացել է բողոքարկել դատարանի որոշումները։

Սակայն պարզվել է, որ Քաղաքացիական դատարանի՝ ընտրացուցակների հետ կապված որոշումները վողոքարկման ենթակա չեն։

Բացի այդ, ՆԳՆ հայտարարության մեջ մի նոր իրախախտման մասին է “հռչակվում”։

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ վերոհիշյալ գործերի շրջանակում “դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը”։

Իսկ ի՞նչ է գրված դատարանի որոշման մեջ։

“Հիմք ընդունելով 18 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Երևանում …. հասցեում հաշվառված լինելու հանգամանքը, Դատարանը եզրակացնում է, որ առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները ….-ին ըստ իր հաշվառման վայրի, հասցեյի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու համար։

Ինչ վերաբերվում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 30․04․26 թ․ ․․․ գրությամբ տրված դիրքորոշմանը՝ ․․․․․-ին ընտրողների ցուցակում չընդգրկելու վերաբերյալ, ապա հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի 23 հոդվածի իրավակարգումները, Դատարանը արձանագրում է, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիությունը չի կարող դադարեցվել /դադարված համարվել/ Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանություն ստանալու փաստի ուժով, հետևաբար, նման մոտեցումը ընդունելի կարող է համարվել քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում, այլ ոչ թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ․․․-ի դեպքում։ Ավելին, հակառակ մեկնաբանության պարագայում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը չի ունենա հնարավորություն իրականացնելու իր քվեարկելու իրավունքը, ինչն էլ կհանգեցնի արդար ընտրությունների սկզբունքի խախտման, և Կոնվենցիայի պահանջի համաձայն, պետությունում կիրառվող ընտրական համակարգը չպետք է ազդի օրենքի իմաստով ընտրելու իրավուն ունեցող անձի ձայնի վրա, հետևաբար՝ ընտրական համակարգի մեկնաբանությունը ևս պետք չէ լինի այնպիսին, որ ձևական պատճառներով օրենքով այդպիսի իրավունք ունեցող անձը զրկվի այդ օրենքը իրացնելու օբյեկտիվ հնարավորությունից։

Անփոփելով վերոհիշյալը, դատարանը եզրակացնում է, որ ․․․․-ի պահանջը հիմնարար է, և ենթակա է բավարարման, այն է՝ պետք է ընդգրկել իր հաշվառման վայրի ․․․․ հասցեյի ընտրական տեղամասի 07․06․26 թ․ Ազգային ժողովի ընտրողների ընտրական ցուցակում”։

ՆԳՆ-ը նշում է, որ “Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար”։ 

Դատարանը փաստորեն համարում է նման պնդումը “ձևական պատճառ”, որով սահմանափակվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի կոնվենցիոնալ իրավունքները։

Այսօրվա հանդիպման ժամանակ պետք է քննարկվի ի սկզբանե ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիների ոչ միայն քվեարկելու իրավունքը, այլև ՀՀ-ից իրավական, սոցիալական և այլ օժանդակության բացակայումը, որը կարող էր լինել, եթե Կառավարությունը արցախցիներին ՀՀ քաղաքացի ճանաչեր 2023-ի հոկտեմբերին։

ՀՀ Կառավարությունը վերջին օրերին թվարկել է միլիարդների օգնությունը, որը ստացել են արցախցիները տեղահանումից հետո և առանց որի իրոք առաջին ամիսներին շատերը չէին գոյատևի։ Մատնանշվում է նաև բնակարանային ապահովման ծրագիրը, որի համար ՀՀ-ն վերջերս գրեթե 500 մլն․ դոլար վարկ է վերցրել։ Սակայն չի ասվում, որ տրամադրվող գումարների ոչ բավարար լիները, նաև “քաղաքացիություն ստանալու” պահանջը շատ ընտանիքների համար անընդունելի պայմաններ են։ Մարդիկ 30 տարի իրենց ՀՀ քաղաքացի են համարել, միայն մի տարբերությամբ, որ արցախցիները Արցախում էին իշխանություն ընտրում, իսկ Հայաստանի բնակիչները՝ Հայաստանում։ Եւ հանկարծ մի որոշմանբ, որը դատարանը փաստորեն չի ճանաչում իրավաչափ, մարդիկ հայտնվում են “քաղաքացիություն չունեցողների” կարգավիճակում։

Այդ որոշման պատասխանատվությունը դեռ երկար է վտանգ ներկայացնելու ՀՀ ներկայիս կառավարության համար։