
Օգոստոսի 28-ին «Անի Պլազա հոթել»-ի «Գառնի» սրահում կայացավ «Ստեփանակերտ» մեդիա ակումբի կազմակերպած քննարկումը հանուն մարդու իրավունքների արցախյան և հայաստանյան ՀԿ-ների համագործակցության արդեն իսկ առկա փորձի և հետագա անելիքների մասին:
Նորերս այդ համագործակցության հաջողված փորձը արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդման՝ ձերբակալման, ապա և կալանման առիթով էր: Ինչպես հայտնի է, Օսիպյանն այնուհետև ազատ արձակվեց քաղհասարակության ներկայացուցիչների գրավոր երաշխավորությամբ։ Տասը հասարակական գործիչներ անձնական երաշխավորություն են տվել նրան ազատ արձակելու համար և պատրաստակամություն են հայտնել ազատ արձակման դեպքում նրա պահվածքի համար պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ 2026թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ շփումների ընթացքում Արցախից բռնի տեղահանված Արտուր Օսիպյանը մոտեցել է վարչապետին, սկսել է հրապարակայնորեն սուր հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ու Արցախում տեղի ունեցած գործընթացների շուրջ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններ հնչեցնելով։ Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից և ձերբակալվել։ Հայաստանի քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Ավելին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանավորում՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։
ՀՀ քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, մի շարք ՀԿ-ներ հակառակ կարծիքին էին, այն է՝ Օսիպյանի հնչեցրած հարցադրումները և բարձրաձայնված մտահոգությունները, այդ թվում՝ նրա հրապարակային այլ գործողություններն ու հանրային կարևորության թեմաներին անդրադառնալը, տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք, իսկ նրա հանդեպ հաջորդած գործողությունները հանդիսանում են իշխանության չարաշահում և բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ։
Քանի որ, ըստ հասարակական գործիչների, առաջադրված հանրային քրեական հետապնդումը և կալանավորումը հակասում են Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին և լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության պաշտպանության համար, սկսվեց հանրային արշավ ի պաշտպանություն Արտուր Օսիպյանի, որը քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր հայտարարել:
Օգոստոսի 28-ի քննարկման մասնակիցները՝ արցախյան և հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, վերլուծեցին համագործակցության առկա փորձը և կարծիքներ փոխանակեցին այն զարգացնելու, ավելին՝ համագործակցության հարթակ ձևավորելու մասին: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններից մեկը նշվեց քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավումը, ինչի մասին բարձրաձայնել էր նաև Օսիպյանը՝ ազատ արձակումից անմիջապես հետո:
Քննարկմանը մասնակցում էր նաև Արտուր Օսիպյանը, որը խոսեց քաղհասարակության աջակցության և դրա նշանակության մասին՝ իր երախտագիտությունը հայտնելով հանրային արշավի կազմակերպիչներին ու մասնակիցներին: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում հնչեցված կեղծ մեղադրանքների ու վիրավորանքների համար պաշտոնական ներողություն խնդրելու պահանջով։ Օսիպյանը տարակուսած է, որ դատարանին միջնորդել են մերժել վարչապետի դեմ ներկայացված հայցը, սակայն միաժամանակ ուժի մեջ է թողնվել իր դեմ հարուցված շինծու քրեական գործը։
Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին առ այն, թե ներկա փուլում քաղհասարակությունն ինչով կարող է օգտակար լինել, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի կամ արդար ու անաչառ դատաքննություն լինի:
Սակայն քննարկման հիմնական ու կարևոր թեման հանուն մարդու իրավունքների հասարակական համագործակցությունն էր և այդ համագործակցության ծիրում արցախյան ՀԿ-ների հնարավորինս լայն ու արդյունավետ ներգրավումը, ինչն էլ իր հերթին կնպաստի արցախյան հանրության ինտեգրմանը:
Գայանե Զախարյան