Թող բոլոր երեխաները մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ

  • 10:04 01.06.2026

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը տասնամյակներ շարունակ Արցախում նշվում էր ամենահետաքրքիր ու աշխույժ միջոցառումներով, որտեղ երեխաներն իրենց լիակատար երջանիկ և ուրախ էին զգում։ Անգամ շրջափակման ժամանակ Արցախում փորձում էին երեխաներին ժպիտներ պարգևել, նրանց օրը դարձնել իսկական տոն։

2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Տիգրան Մնացականյանի երեխաներն արդեն երրորդ տարին է, ինչ սպասված տոն օրը դիմավորում են հայրենի հողից հեռու։

-Ես հիշում եմ, թե ինչպես էր ամեն տարի հունիսի 1-ին հայրիկը մեզ տանում Ստեփանակերտ, որտեղ ամեն ինչ իսկական հեքիաթ էր հիշեցնում։ Մենք գնում էինք քաղաքային պուրակը, և հայրս մեզ հետ մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Մեքենա էինք նստում, պաղպաղակ ուտում, մուլտֆիլմ նայում,- ասում է Դենիսը:

Արցախի շրջափակման ժամանակ նա 14 տարեկան էր։ Արցախում կենաց ու մահվան կռիվ էր: Հացի խնդիրը, այն ձեռք բերելն ամենաառաջնահերթն էր, իսկ երբեմն էլ՝ ոչ բոլորին հասանելի: Արցախը թեև ծանր ժամանակաշրջան էր ապրում, բայց ամուր էր արցախցու հայրենի հողում ապրելու ոգին: Այդ օրերին Ասկերանում երկու հացի փուռ էր գործում, հացթուխներին օգնում էին նաև կամավոր պատանիները, որոնց թվում էր նաև Դենիսը։ Հաճախակի կարելի էր տեսնել, թե ինչպես էր դասերից հետո, փռի մոտ հավաքված մարդկանց սիրալիորեն ժպտում և թարմ ու տաք հաց մատակարարում դպրոցում սովորող աշակերտը, միաժամանակ հաց հասցնում իր ընտանիքին։

2023-ի սեպտեմբերի 19-ը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Այն չշրջանցեց նաև Մնացականյանների ընտանիքը։ Երեք երեխաներ մնացին առանց հայր հերոսաբար զոհվեց Տիգրան Մնացականյանը։

Տիկին Լիանան փորձում է իր երեխաների մեջ սերմանել լավատեսություն, ապագայի հանդեպ հույս, և դա նրան հաջողվում է

-Տեղահանությունից հետո Դենիսը միանգամից է հասունացել, ուսերի վրա վերցրել մեր ընտանիքի հոգսերը։ Սովորում է տարածաշրջանային հ․ 2 Ն․Աճեմյանի անվան պետական քոլեջում, միաժամանակ աշխատում է որպես մատուցողի օգնական։ Դուստրս սովորում է ԵՊՀ-ում, իսկ կրտսեր որդիս փոխադրվել է 2-րդ դասարան։ Նա ընդամենը 3 տարեկան էր, երբ հայրը զոհվեց։

Կամավորական աշխատանքները շատ հոգեհարազատ են ավագ որդուս, և դա է պատճառը, որ նա ազատ օրերին «Հայորդի» բարեգործական հիմնադրամի «Խոխա» կազմակերպությունում զբաղվում է կամավորությամբ։ Առանձնապես՝ ամառային ճամբարների կազմակերպման ժամանակ։

Տեղահանությունից ի վեր մեզ միայնակ չի թողնում այդ կազմակերպությունը, ինչպես նաև մեր երեխաներին աչքաթող չի անում Անաիս Սարդարյանը։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի զոհվածների երեխաներն իրենց մենակ չզգան, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց։

Հունիսի 1-ի կապակցությամբ «Հայորդիի» կողմից մեր երեխաների համար արդեն իսկ կազմակերպվել են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, տրամադրվել նվերներ։

Ես ցանկանում եմ, որ բոլոր երեխաները մեծանան խաղաղ ու կապույտ երկնքի տակ ու երբեք պատերազմ չտեսնեն։ Թող ոչ մի երեխա առանց հայր չմեծանա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ