
Արիս Արսենին Արցախից է՝ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, լրագրող, երգիծաբան, հրապարակախոս, ազատամարտիկ։ Ծնվել է 1959 թվականի հունիսի 10-ին, Մարտակերիտի շրջանի Կոճողոտ գյուղում։
Պատմում է
-Սկզբնական կրթությունս ստացել եմ մեր գյուղի 8-ամյա դպրոցում, որից հետո տեղափոխվել եմ Դիլիջանի թիվ 12 միջնակարգ պրոֆտեխուսումնարանը՝ ստանալով դերձակի մասնագիտություն և միջնակարգ կրթություն։ Այնուհետև ընդունվել և ավարտել եմ Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Խորհրդային բանակի շարքերում ծառայությունս անցկացնելուց հետո տեղափոխվել եմ Ստեփանակերտ ու սկսել լրագրողական գործունեություն և այդ բնագավառում մնացել մինչև 2020 թվականի պատերազմական օրերը։
Խորհրադային տարիներին խմբագրել եմ մի շարք թերթեր, այդ թվում նաև ընդհատկայա։ Վերջում Արհմիությունների ֆեդերացիայի «Արհմիություններ» թերթի խմբագիրն էի։ 2020 թվականի պատերազմից հետո այդ թերթը, ինչպես նաև «Կոմունիստ» թերթը լուծարվել են։ Վերջինիս խմբագիրը նույնպես ես էի։ Աշխատել եմ Արցախի հեռուստատեսությունում, «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսում, «Ջրաբերդ», «Նոր Շահումյան» թերթերի խմբագիրն էի։ Շարունակ ստեղծագործում էի։ Ժամանակին հանդես եմ եկել էսսեներով, ակնարկներով։ Թեման հիմնականում պատերազմն էր ու զոհված մեր տղաները։ Իմ հեղինակությամբ տպագրվել է 25 գիրք։ Ունեմ նաև տպագրման պատրաստ ևս մի քանի գրքեր։ Հույս ունեմ, որ կկարողանամ ներկայացնել ընթերցողի դատին։
Բանաստեղծը հարազատ գյուղի մասին կարոտով է խոսում
-Ինձ հասած տեղեկություններով մեր գյուղը վերաբնակեցվել է 17-րդ դարի սկզբին։ Բնակչությունը հավաքվում էր Վանք գյուղում և այդտեղից ուղարկվում բնակություն հաստատելու շրջակա գյուղերում, որտեղ կային համապատասխան պայմաններ։ Սակայն մինչև վերաբնակեցվելը, դարեր շարունակ հայեր էին ապրում այդտեղ։ Դա վկայում էին ավերված բազմաթիվ մատուռները, եկեղեցիները, գերեզմանատները։ Երկար ժամանակ մեր գյուղերի տարածքն անմարդաբնակ է եղել, այլ ոչ թե բնակցեված օտար ազգերով։
Մեր գյուղը շատ խաչքարեր ուներ։ Ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել։ Ընդհանրապես խաչ բառը շատ տեղանունների մեջ էր օգտագործովում։ Ունեինք տասնյակ աղբյուրներ, որոնցից յուրաքանչյուրն իր բնորոշ անունն ուներ՝ «Ցորտ», «Անուշ», «Վանին», «Ճիրիկներ», «Սրաքանց տափին», «Դնգդնգան», «Բաջին», «Շաշմա», «Պեխեն», «Խինա», «Խաչունց», «Կրավերեն ձոր», «Շահրամանեն», «Շոր», «Խուդանեն», «Քոռ» «Ճնջքարա»․․․
Գյուղն ուներ Հայրենական Մեծ, Արցախյան առաջին պատերազմներում զոհված կոճողոտցիների հիշատակին կանգնեցված հուշարձաններ։ Արցախյան պատերազմում նահատակված տղաներն ամփոփված են գյուղի գերեզմանատանը՝ միատեսակ գերեզմանաքարերով։
Մեր գյուղը տվել է այնպիսի նշանավոր մարդիկ՝ որոնցով միայն հպարտանալ կարելի է։
1993 թվականի սեպտեմբերից Արիս Արսենին ԼՂՀ ՊԲ շարքերում էր։ 1993-94 թվականներին մասնակցել է տարբեր շրջաններում մի շարք ռազմական գործողությունների ու պաշտպանական մարտերի։ 1995 թվականի հուլիսի 1-ից զինվորական ծառայությունը շարունակել է բանակային «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես զինվորական լրագրող և կապիտանի կոչումով զորացրվել է պահեստազոր։
2020 թվականի 44 օրյա պատերազմ
-2020 թվականի սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտն իր օրն էր նշում։ Այդ օրը իսկական տոն էր բոլորիս համար։ Մեր ընտանիքը ուրախացել էր բոլորի պես։ Այդ գիշեր մեր թոռնիկները մնացել էին մեր տանը։ Առավոտյան, երբ սկսվեց հրետակոծությունը, թոռներիցս մեկն ասաց՝ քաղաքի օրն է շարունակվում․․․Պարզվեց, որ բոլոորվին ուրիշ ձայներ էին։ Արցախում կրկին պատերազմ էր։
Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու հրահանգվեց բնակչությանը հանել Արցախից։ Մենք էլի ենք պատերազմ տեսել։ Թիկունքն ու ճակատը միասին էին կռվում, պայքարում, դիմադրում և արդյունքում հաղթանակ կերտվեց։ 2020-ին հորինված կարգախոս էր պտտվում՝ «Հաղթելու ենք»․․․ Այդ ժամանակ ես ենթադրում էի՝ տարածքներ պետք է տան, դրա համար են ժողովրդին հանում։ Եվ ես ճիշտ դուրս եկա։ Արցախից մնաց մի փոքր հատված ՝ մեր ազատ ու անկախ երկրի ընդամենը 25 տոկոսը։
Պատերազմի օրերին տեղափոխվել էինք Երևան։ Երկու որդիներս գտնվում էին պատերազմում։ Նրանց հորդորել էի, որ երբեմն զանգեն մեզ, քանի որ հեռվից ավելի ծանր էր հետևել իրադարձություններին, մնալ անտեղյակ։ Մի օր փոքր տղաս զանգեց, բայց ուրիշի հեռախոսահամարով։ Զարմացա․ ասացի՝ Անդրանի՛կ, Երևանո՞ւմ ես։ Պատասխանեց՝ այո, բայց մամային չասես, մի թեթև վիրավորվել եմ։ Իմանալով հիվանդանոցի տեղը՝ շտապեցի նրա մոտ։ Պատուհանից նայեցի, մահճակալին պառկած էր որդիս․․․ Որովայնի մասում էր վիրավորվել՝ Ավետարանոց գյուղի անտառում։ Իր ուղղությամբ 2 կրակոց է արձակվել։ Վիրավորվել է և ընկնելու պահին, աչքի մոտով երկրորդ գնդակն է անցել։ Եթե չընկներ, հավանաբար կդիպչեր գլխին։ Աստված գթացել է մեզ։ Ստեփանակերտում վիրահատել են, ապա ուղարկել Երևան։ Այստեղ մի քանի վիրահատություն է տարել, բարեբախտաբար ապաքինվել։
Պատերազմի ավարտից հետո, նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի համաձայն ռուս-խաղաղապահները պետք է 5 տարի մնային Արցախում։ Երբ մենք վերադարձանք, այդպես էլ մտածում էինք՝ առնվազն 5 տարի կապրենք մեր հողում։ Համոզված էի, որ ադրբեջանցիները չեն երկարաձգի համաձայնագիրը։ Սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի զինված հակամարտության հետևանքով ադրբեջանցիներն արագացրին իրենց ցանկությունը և ավելի շուտ տիրեցին մեր երկրին։ Ամբողջ հայ բնակչությունը ստիպված էր տեղահանվել Արցախից:
Արիս Արսենին և կինը՝ Ռուզան Գասպարյանն Արցախի շրջափակումից 2 օր առաջ էին մեկնել Հայաստան
-Պյատիգորսկ քաղաքում ապրող մեր դուստրը պետք է երեխա ունենար, և այդ պատճառով մենք 2022 թվականի դեկտեմբերի 11-ին Արցախից մեկնեցինք Երևան, որպեսզի կինս մեկներ ՌԴ։ Նույն գիշերը ինքնաթիռով նրան ճանապարհեցի, իսկ հաջորդ օրն արդեն լսեցինք, որ Արցախը շրջափակման մեջ է հայտնվել։ Թոռնիկս ծնվեց դեկտեմբերի 12-ին։ Երբեմն կատակում ենք՝ փոքրիկն այնպես արեց, որ տատիկ-պապիկը շրջափակում չտեսնեն․․․ Մի ամիս հետո կինս վերադարձավ Երևան, ու մենք սկսեցինք տուն վերադառնալու ճանապարհ փնտրել։
Կինս աշխատում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում․ շտապում էր վերադառնալ աշխատանքի։ Անընդհատ մտածում էինք՝ ոնց վերադառնալ, ինչ անել, ում դիմել։ Ոչինչ չստացվեց, ու մենք մնացինք Երևանում։ Մեզ համար շատ ծանր էր․ մեր որդիներն իրենց ընտանիքներով Արցախում, իսկ մենք այստեղ։ Թեև ամեն ինչ տեսանելի էր մեզ համար, սակայն նույնը չէր կարող լինել։
Սեպտեմբերի 19-ի պատերազմը աղետ էր մեր ժողովրդի համար, որին գումարվեց ավելի սարսափելին՝ սեպտեմբերի 25-ի պայթյունը։ Իրավիճակի մեջ անմիջապես գտնվող և հեռվից տեղեկացող մարդը չեն կարող նույնը զգալ։ Արցախում գտնվողի վիճակն անասելի ծանր էր։ Իմ կարծիքով պայթյունը համապատասխան մարմինների վերահսկողության պակասից կատարվեց։ Բոլորն զբաղված էին իրենց ընտանիքները դուրս բերելու, փրկելու գործով։ Գործընթացը կարգավորող չկար, ով ինչպես կարողանում էր, վառելիք էր հայթայթում։ Բենզինը ամենապայթյունավտանգ հեղուկն է, արդյունքում եղավ այդ սարսափելի ու մահաբեր պայթյունը։ Ցավոք, միչև հիմա ճակատագրեր կան անհայտ՝ թե՛, պատերազմից, թե՛ պայթյունից։
Ադրբեջանցիներն ուզում էին, որ եթե մենք մնանք, ապա հարմարվենք իրենց թելադրածին, շարժվենք իրենց կանոններով։ Սակայն անհերքելի է, որ մեր մնալը միշտ վտանգված կլիներ։ Մենք չենք կարող հարմարվել ու իրենց իշխանության ներքո ապրել։ Հաճախ ասում են՝ մնայիք, ապրեիք։ Իսկ մի՞թե դա ապրել կլիներ։ Միևնույն է, նրանք այնպես էին անելու, որ ստիպված հեռանանք, եթե, իհարկե, ողջ մնայինք։ Դեռևս տարիներ առաջ լուրեր էին պտտվում, որ Արցախի մերձակա տարածքներում բանտեր են կառուցվում, դե արդեն իսկ պարզ է, թե ում համար։ 90-ականներին կրած իր պարտությունը թշնամին չէր կարողանում մարսել։ Առաջին պատերազմում մասնակցած յուրաքանչյուր հայի ճակատագիր վտանգված էր։ Թշնամու հետ մենք չենք կարող ապրել։
Արցախից տեղահանված ընտանիքի խնդիրը նույնն է, ինչ հազարավորներինը
-Մեր ամենամեծ խնդիրը բնակարանային հարցը լուծելն է։ Ապում ենք վարձակալած բնակարանում։ Մտածում ենք, ինչպես վաստակենք վարձավճարը։ Որոշ պատճառներից ելնելով (հիմնականում տարիքային) աշխատանքի չեն ընդունում, իսկ միայն թոշակով չես կարող ապրել ու վարձավճար տալ։ Մեկ հոգուն ընդամենը 3-4 մլն դրամ է տրամադրվում բնակարան ձեռք բերելու համար։ Փոքրաթիվ ընտանիքների համար դա անհնարին ծրագիր է։ Դժվար է նույնիսկ մարզերում տուն գտնել այդ գումարով։ Կառավարության ծրագրերը չեն արդարացվում։
Հույս ունենք, որ այսպես չի մնա, մի բան կփոխվի, և ապրում ենք այդ հույսով։ Արցախ վերադառնալու հարցն այնքան է խորացել, որ մոտ ապագայում ինձ համար տեսանելի չէ այն։ Մենք պետք է մնանք Հայաստանում, հիմք ստեղծենք հայրենի բնօրրան վերադառնալու համար։ Ուրիշ տեղ չունենք գնալու։ Ապրում ենք հույսով ու հավատով։
Մեր տնից ոչինչ չի հաջողվել բերել։ Ամենից շատ ափսոսում եմ մեր մեծ գրադարանը /Արցախի Հանրայինի ռեպորտաժը Արիս Արսենիի գրադարանից/, շուրջ 45 տարի իմ հավաքած արխիվը։ Տղայիս հաջողվել է բերել միայն իմ հեղինակային գրքերից մեկական օրինակ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ