ԱՄՆ-ը կօգտագործի ԹՐԻՓՓ-ը Չինաստանի դեմ․ CNN-ի արտահոսքի իմաստը

  • 09:59 10.06.2026

Մի քանի օր առաջ CNN-ը հրապարակեց տեղեկատվություն, որում պնդվում էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի բազաներ է տեղակայել Ադրբեջանի տարածքում, որոնք օգտագործել է Իրանի դեմ։ Բաքուն անմիջապես հերքեց այդ տեղեկատվությունը, վտանգավոր համարելով Իրանի հետ հարաբերությունների սրումը։ Միջազգային փորձագետները համոզված են, որ Իսրայելը 2020-2023 թվականների Արցախյան պատերազմի շահառուներից մեկն էր, քանի որ հնարավորթւոյւն է ստացել հենակետ հաստատել Բաքվի կողմից օկուպացված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին։ Այս անմարդաբնակ տարածքներում երեք օդանավակայանների շտապ կառուցումը ցույց է տալիս այդ տարածքների ռազմական նշանակությունը։

Այս պահի դրությամբ, երբ Իսրայելիին չի հաջողվել ապամոնտաժել Իրանի ինքնիշխանությունը և օգտագործել դրա համար փոքրամասնություններին, այդ թվում ազերիներին, ադրբեջանական պլացդառմը դառնում է ավելորդ։ Բաքուն չի կատարել Իսրայելի “տնային աշխատանքը” և կարող է “լքվել”։ Ամենահեշտը՝ գցել Բաքուն Իրանի երախը։

Իրանը որևէ ռազմական գործողություն չի ձեռնարկել՝ Իսրայելի կողմից այդ տարածքները օգտագործելը կանխելու համար, չնայած դիվանագիտորեն զգուշացրել է դրա դեմ։ Բաքուն բազմիցս պնդել է իր “անմեղության” մասին, չնայած Իսրայելը չի ​​թաքցրել, որ Բաքուն իր դաշնակիցն է տարածաշրջանում։

Այժմ փորձագետները փորձում են հասկանալ, թե ով է Բաքվի մասին տեղեկատվությունը արտահոսել CNN-ի միջոցով և ինչի համար։ Եւ ինչու հիմա, երբ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարծես ավարտին են մոտենում, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի ստացել Սահմանադևրության փոփոխության և “կապիտուլյացի հաստատելու” մանդատ, Չինաստանը Վրաստանի միջոցով ամրապնդվում է տարածաշրջանում՝ “ընդգրկելով” Թուրքիան և Ադրբեջանը և “թողնելով” Հայաստանը ԱՄՆ-ին և Ռուսաստանին։ 

Պատահական չէ, որ Հայաստանում ընտրությունների հաջորդ օրը Պոլսում հավաքված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները “կենտրոնացել” են Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհի վրա, չհիշատակելով Հայաստանը, իսկ ԹՐԻՓՓ-ի մասին խոսելով որպես անհույս հեռանկար։

ԹՐԻՓՓ-ի տնտեսական և կոմունիկացիոն նշանակությունը ի սկզբանե կասկածելի էր, և առաջ էր գալիս քաղաքական նշանակությունը՝ որպես ամերիկյան վերահսկողություն հայ-իրանական սահմանի վրա և Հայաստանի նկատմամբ ուժային քայլերի զսպման միջոց։ Սակայն որքան մոտենա ԱՄՆ-Իրան համաձայնությունը, այնքան ԹՐԻՓՓ-ի իմաստը կվերափոխվի “հակաչինական” ծրագրի և խաչմերուկի։

Ինչպես գրում է Responsible Statecraft-ը, TRIPP-ի իրականացման համար կենսականորեն անհրաժեշտ է կայունություն։ “Պոտենցիալ ներդրողները պետք է վստահ լինեն, որ տարածաշրջանը կդառնա անվտանգ, չեզոք տարանցիկ կենտրոն, այլ ոչ թե իսրայելական կոմանդոսների համար առաջնագծի օպերատիվ բազա”, գրում է թերթը։

Սակայն “Իսրայելը հազիվ թե Ադրբեջանին թույլ տա հեշտությամբ դուրս գալ խաղից”, գրում է հեղինակը։ Նա նշում է, որ CNN-ում տեղեկության արտահոսքի գլխավոր նպատակը՝ քաղաքականապես անհնարին դարձնել Ադրբեջանի որևէ ապագա հաշտեցում Իրանի հետ։ 

Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել H.R. 7668 օրինագծին, որը ստացել է պաշտոնական «Կովկասում Չինաստանի ազդեցության դեմ պայքարի ակտ» (Countering China’s Control of the Caucasus Act) անվանումը։

Փաստաթուղթը հանձնարարում է զեկույցներ կազմել «Վրաստանում գործող ռուսական և չինական հետախուզական ռեսուրսների ու ազդեցության ցանցերի մասին, բացահայտել Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության ոլորտները հանրապետության ներսում, ինչպես նաև մշակել ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարություն՝ Թբիլիսիի հետ ապագա կապերի վերաբերյալ»։

Նույն օրը Չինաստանը և Վրաստանը հայտարարություն են ընդունել՝ երկկողմ հարաբերությունները «համապարփակ ռազմավարական գործընկերության» մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Չինաստանը “ընտրել է” Բաքու-Թբիլիսի-Կարսը, և Հայաստանին մնում է սպասել իրանա-ամերիկյան համաձայնության։