Արմավիր-Արցախ-Արմավիր․ հիմնադրված և կորցված Ուղտասարը

  • 12:54 11.06.2026

Արթուր Սարգսյանի ընտանիքը 2001 թվականին է Հայաստանից տեղափոխվել Արցախ ու վերաբնակեցվել Ուղտասար համայնքում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ, Սարգսյանների ընտանիքը կրկին վերադարձել է Հայաստան։

Արթուր Սարգսյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից է։ Նա հարյուրավոր կամավորականների հետ Հայաստանից մեկնել է Արցախ՝ կանգնելու արցախցու կողքին, պաշտպանելու Արցախի հողը:

-1982-92 թվականներին Զանգեզուրում էի, իսկ 92-94-ը՝ Արցախում։ Երբ ազատագրեցինք Ակնան ու նրա շրջակա տարածքը, դեռևս այդ ժամանակ նկատեցի, որ այդ հողերը շատ բերրի ու նպաստավոր են գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ 2000 թվականին նախաձեռնեցի և դիմեցի Արցախի պատկան մարմիններին, որ վերաբնակեցման ծրագրով այդտեղ նոր բնակավայր կառուցվի։ Իմ առաջարկությունն ընդունվեց և այդ տարածքում հիմնվեց նոր բնակավայրը՝ Ուղտասարը։ Կառուցվեցին առաջին տները։ 2001 թվականին, Հայաստանից 12 ընտանիք ինձ հետ բերելով, հաստատվեցինք այդտեղ։ Հետագայում գյուղն ուներ արդեն 70 ընտանիք։ Համայնքի հիմնադիրն ու առաջին ղեկավարն էի։ Ինչ որ կարողացել, արել եմ գյուղի համար։ Ապրել ենք սիրով, հետ դառնալու ոչ մի նպատակ չունեինք։ Մեզ պետք էր հող՝ մշակելու ու բարիք ստանալու համար։ Եվ դա կար։ Այգիներն եմ ափսոսում, ավելի քան 25 տոննա բերք կար ծառերի վրա։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մենք ստիպված էինք լքել գյուղը։ Բնակչության մի մասը մնաց Արցախում, մյուս մասը վերադարձավ Հայաստան։ Իմ ընտանիքը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից էր մեկնել Արցախ, ու մենք նորից վերադարձանք մեր գյուղը։ Ծնվել եմ կողքի՝ Քարակերտ գյուղում։

2020 թվականին Արցախից տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու համար պետությունը 10 մլն գումարի հավաստագրեր հատկացրեց։ Լեռնագոգում տուն գնեցինք՝ 7 մլն դրամ արժողությամբ․ կրկին տնավորվեցինք։ Բայց 3 մլն դրամ գումարը դեռևս չենք ստացել բանկից, որը պետք է օգտագործենք տան վերանորոգման ու գույք ձեռք բերելու համար։ Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին․ ասում են՝ կտրամադրեն։

Լեռնագոգում մոտ 4 հա հող ունեինք ի սկզբանե։ Նորից սկսեցինք հող մշակել, այգիներ հիմնել։ Թոշակառու մարդ եմ, հող մշակելն ինձ համար հաճույք է։ Ինչպես Արցախում, այստեղ ևս հիմնել եմ նռան ու արքայախնձորի այգիներ։ Նույնը խորհուրդ եմ տալիս տեղաբնակներին՝ տանելով բացատրական աշխատանք։ Ծառը տնկելուց 4-5 տարի հետո կարելի է արդեն բերք ստանալ, իսկ մրգերն այստեղ շատ համեղ ու առատ են լինում, որովհետև հողը լավն է․ միայն թե ջուր լինի և աշխատասիրություն, արդյունքն անպայման լավ կլինի։ Ծիրանից ու խաղողից բացի կարող ենք նաև նուռ ու արքայախնձոր աճեցնել։

Արթուր Սարգսյանը ծանր է տանում, երբ հայաստանցի-արցախցի տարբերակում է դրվում

-Ավելի քան 22 տարի ապրել եմ Արցախում։ Կռվել եմ Արցախի համար, այդ հողում ընկերներ գտել, ցավոք, նաև կորցրել։ Տարիներ շարունակ շփվել եմ արցախցիների հետ։ Նրանց հետ միասին պայքարել, շենացրել երկիրը։ Այսօր, երբ լսում եմ, որ կան մարդիկ, ովքեր տարբերություն են դնում արցախցիների ու հայաստանցիների միջև, վատ եմ զգում ինձ, վիրավորվում խորապես։ Ժողովրդի միջից պետք է հանել այդ վիրավորական էմոցիաները։ Որտե՞ղ չկան բացասական մարդիկ, կամ երևույթներ։ Այսօր մեզ, ավելի քան երբևէ, համերաշխություն է հարկավոր։ Տարիներ առաջ, երբ վերաբնակեցվում էինք Արցախում, չէինք պատկերացնում, թե մի օր կկորցնենք Արցախը։ Հայրենասիրությունից դրդված ենք մեկնել ապրելու Արցախում, այլ ոչ թե սոված ենք եղել․․․ Ցանկանում էինք, որ հերոսների արյամբ շաղախված երկիրը բարգավաճեր, հզորանար։ Մենք Արցախի ամեն գյուղի աղ ու հացի արժեքը զգացել ենք, ինչպես կարող ենք մոռանալ, չգնահատել։

Սարգսյանների ընտանիքը շարունակում է կապ պահպանել արցախցիների, համագյուղացիների հետ

-Լեռնագոգում շատ արցախցիներ են հաստատվել։ Ասես Արցախում լիենք։ Իմ ծանոթներից շատերը մեր մարզում են ապրում։ Ամենօրյա շփումների մեջ եմ բոլորի հետ։ Մարդիկ փորձում են հարմարվել նոր միջավայրին, աշխատում են։ Ոչ ոք ձեռքերը ծալած չի նստում, քանի որ կյանքը դժվարացել է, պետք է պայքարել ապրուստ վաստակելու համար։ Ես ցանկանում եմ տեղահանված իմ ժողովրդին ասել՝ պինդ եղեք, դուք ուժեղ եք։ Այնքան արհավիրքների միջով անցած ժողովուրդը չի կարող զենքերը ցած դնել, նա պարտավոր է ապրել ու առաջ նայել։ Աստված մեծ է։

Արթուր Սարգսյանը կյանքի մեծ ճանապարհ է անցել, բազմաթիվ դժվարություններ հաղթահարել։ Բոլոր պահերի նրան օգնել է երգը, առանց որի հնարավոր չի համարում իր կյանքը։ Հպարտանում է՝ երկու թոռնիկները՝ Յանը և Ժանը, պապիկից ժառանգել են երգելու շնորհքը, փայլում են Հայաստանի տարբեր բեմերում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ